Թաներ Աքչամը Երևանում ընթերցողի դատին հանձնեց «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այս օրերին Հայաստանում է թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը։

Երևանում տեղի ունեցավ թուրք պատմաբանի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն տարբերանի շնորհանդեսը։ Մինչև այժմ Հայաստանում ընթերցողին հասանելի էին Աքչամի «Խայտառակ արարք» և «Սպանության հրամաններ» գրքերը, որոնք հրատարակել է Newmag հրատարակչությունը։ Այս անգամ ևս հրատարակիչը Newmag-ն է։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag հրատարակչության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ու ցեղասպանագիտությանը նվիրված «Ցեղասպանության շաբաթվա» ընթացքում։ Թուրք պատմաբանի այցը կազմակերպել էր Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը։

Taner Aqcham 2

Թուրքիան այսօր պատրա՞ստ է ցեղասպանության ճանաչման գործընթացին: Աքչամը պատասխանում է.

«Թուրքերն այժմ կոչ են անում Հայոց ցեղասպանության թեման չօգտագործել հարաբերությունները կարգավորելու բանակցություններում։ Ժխտման քաղաքականությունը շարունակվում է, բայց մենք հոգեբանական հաղթանակ ենք տարել: Թուրքիայում արդեն գիտեն և խոսում են Հայոց ցեղասպանության մասին։

Ես չգիտեմ` արդյոք Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, սակայն ես պատրաստ եմ շարունակել անել հնարավոր ամեն ինչ դրա համար։ Մարդկությունն այժմ «մութ ժամանակներ» է ապրում և ականատես է դառնում բարոյական արժեքների փլուզմանը»,- ասաց Թ. Աքչամը։

Ըստ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարելի է փակված համարել, քանի որ այն ընդունել են միջազգային ու գիտական շրջանակներն ու Միացյալ նահագները. 

«Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախքան ռազմական հեղաշրջումը, քառասունից ավելի վայրերում հարգում էին զոհերի հիշատակը։ Թուրքիայում ավտորիտար ռեժիմ է, բայց երբ այն վերանա, Հայոց ցեղասպանության հարցն ակտիվ կքննարկվի»։

Taner Aqcham 3

Ինչպե՞ս փլուզվեց Օսմանյան կայսրությունը, ինչպե՞ս դրվեցին Թուրքիայի Հանրապետության հիմքերը, ինչպիսի՞ն էր ծագման ժամանակաշրջանը (1918-1923)։ Այս հարցերին պատասխանելով Աքչամն իր գրքում ցույց է տալիս, որ երկրի ձևավորումը հիմնված է եղել էթնիկ զտումների, ցեղապաշտական գաղափարախոսության և ապարտեիդի վրա։ Հավաքագրելով բազմաթիվ արխիվային փաստաթղթեր և բացառիկ աղբյուրներ՝ Աքչամն իր վերլուծություններով նաև ներկայացնում է իշխանական գաղափարախոսությունն ու պետական քաղաքականությունը։ Հենց դա էր, որ ցավալիորեն պետք է հանգեր էթնիկ զտումների և ցեղասպանության։ 

«Թուրքիայում 1918-1923 թվականներին հաստատվել է ապարտեիդի ռեժիմ, որը գործում է մինչ օրս։ Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավարական պետություն, քանի դեռ քրիստոնյաներին, հրեաներին և քրդերին արգելված է բարձր պաշտոններ զբաղեցնել և աշխատել անվտանգության ուժերում։ Թուրքիայում ապարտեիդի ռեժիմը ամրագրված է իրավական նորմերով, օրենքներով և իրականում հիմնված է եռաստիճան համակարգի վրա՝ թուրքերը վերևում, մուսուլմանները (ոչ թուրք) մեջտեղում և քրիստոնյաները՝ ներքևում»,- ասում է Աքչամը։

Taner Aqcham 5

Հենց այս թեզերն են հիմք հանդիսացել գիրքը գրելիս։ Եթե թուրքական պետական ու պաշտոնական աղբյուրագիտական հենքը հրամցնում է թուրքական պետության ձևավորված ավանդական պատմությունը, ապա Աքչամն է, որ վիճարկում է այս հիմնահարցը։ Հետո գրում է, որ երկիրը կառուցվել է ոչ թե հավասարության և ժողովրդավարական արժեքների, այլ խտրականության, բռնության և ճնշումների հիմքի վրա։ Այսպիսի պետական քաղաքականությունն ու կառուցվածքն է, որ պետք է վերածվի «ապարտեիդի»՝ ճնշելով ոչ միայն հայերին, այլև քրդերին, ալևիներին և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին ամբողջ հանրապետության գոյության ընթացքում։

«Գիրքը ներկայացնում է հարյուրամյա թուրքական պետության ստեղծման պատմությունն ու ապարտեիդի ռեժիմը։ Ես ասում եմ ու իմ գրքում էլ ցույց եմ տալիս, որ 1918 թվականից սկսած Թուրքիայում ապարտեիդի ռեժիմ է հաստատված։ 74 թվականին ընդունվել է ապարտեիդի մասին կոնվենցիան, որը նման է ցեղասպանության մասին կոնվենցիային։ Այդ կոնվենցիայով, եթե որևէ պետություն իր քաղաքացիների երկրորդ դասի է համարում, դուրս է մղում տարբեր գործընթացներից, կոչվում է ապարտեիդի ռեժիմ»,- ասում է Աքչամը։

Թաներ Աքչամի համար Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսելու հարցը նման է Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների հավասարության հարցին։ Ցեղասպանագետ, նախկին քաղբանտարկյալ Թաներ Աքչամը քաղաքական ապաստան է ստացել Գերմանիայում՝ գիտական կարիերան նվիրելով պատմական ճշմարտության բացահայտմանը։ «Թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով դոկտորական թեզը պաշտպանելուց հետո Աքչամը դարձել է Կլարկ համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավարը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 99

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: