«Book fest». Եռօրյա տոն՝ գրքասերների համար
«Վստահիր գրքերին, նրանք ամենամտերիմներն են. նրանք լռում են, երբ պետք է և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով ձեր առջև աշխարհը» (Էռնեստ Հեմինգուեյ):
Այո, գիրքը բացահայում է նոր աշխարհներ, գրքով սիրահարվում ես, սիրում, ատում, ուրախանում և տխրում, ընկնում երազանքների գիրկը, գրքում հաճախ կարելի է գտնել բաներ, որոնք իրական կյանքում երբեք չես գտնի։ Գիրքը ձևավորում է ճաշակ, թելադրում քայլեր, որոնք միգուցե երբեք մտքովդ չի էլ անցնի։
«Գիրքը քո այն ուսուցիչն է, որ քեզ երբեք չի պատժի, բայց սխալ գործելու դեպքում քեզ ամեն ինչ այնպես կհասկացնի, որ էլ երբեք նույն սխալը չես կրկնի» (Նարե Ղալամքարյան):
Կիրթ, բանիմաց հասարակություն ունենալու համար պետք է այդ հասարակությունը անպայման ընթերցասեր լինի։
Ձևն առայժմ հաղթում է բովանդակությանը։ Եթե մեկ նախադասությամբ, ապա այսպես կարելի է բնութագրել գիրք կարդալու արդի միտումները Հայաստանում։ Ընթերցողների իրական քանակն ու պատկերը մի տեսակ սքողվում է զանազան ֆեյսբուքյան ֆլեշմոբերի ու արշավների, այսպես կոչված մոդայիկ գրողների գրքերի փիառի աղմուկի ներքո։ Այսպիսով, հաճախ արհեստական տպավորություն ստեղծելով, թե մեզանում ընթերցանությունը գնալով ավելի մասսայական է դառնում, գրախանութներում հերթեր են և այլն։ Մինչդեռ մասնագետների պնդմամբ, այս պատկերն ավելի շատ թվացյալ է ու մակերեսային։ Խորքային վերլուծությունն ավելի տխուր իրականություն է բացահայտում։
Բայց ինչպես միշտ, տխուր իրականությունում էլ լինում են լուսավոր օրեր։ Ընթերցասերների, գրքամոլների համար հենց այդ օրերից է սեպտեմբերի 30-ը, հոկտեմբերի 1-ն ու 2-ը՝ Գրքի երևանյան փառատոնը։
Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, մի քանի անվանակարգերում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ։ Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
Փառատոնն ընթերցասերներին ընտրության մեծ հնարավորություն կտա. ««Bookfest»-ի շրջանակում կկայանան երկու տասնյակից ավելի գրքերի շնորհանդեսներ՝ Տիգրան Պասկևիչյանի և Լևոն Գյուլխասյանի «Ամառային արձակուրդ. երկու կրակի արանքում» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն), Տիգրան Հայրապետյանի «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի երկրորդ հատոր («Նյումեգ» հրատարակչություն), Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպ, Հուսիկ Արայի «Կորած սերունդ» ժողովածու, Դեյվիդ Լոուրենսի «Լէդի Չաթըրլիի սիրեկանը» («Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն), Տիգրան Պասկևիչյանի և Սաթենիկ Ֆարամազյանի «Ցուրտ հայրենիք. վկայություններ աքսորից» («Ֆակտում» ՀԿ), Լուսինե Եղյանի «Ինքնահոսի» ժողովածու, Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» կենսագրավեպ («Վերնատուն» հրատարակչություն), Շառլ Ազնավուրի պոեզիայի երկրորդ հատոր («Նյումեգ» հրատարակչություն), Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» վեպ («Անտարես» հրատարակչություն), Մարկուս Զուսակի «Գրքի գողը» վեպ («Դարակ» հրատարակչություն), Բնության երևույթներն ու հրաշալիքները մանկական հանրագիտարան («Մարի» հրատարակչություն) և այլն։
Փառատոնի օրերին կանցկացվի «Ինչպես ճիշտ կազմակերպել նախադպրոցական կրթությունը» թեմայով վարպետության դաս, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» քննարկում, «Բանաստեղծություն և ճշմարտություն» պոետիկ զրույց, ընթերցանություն. կարդում են ժամանակակիցները՝ Սերժ Վենտուրինի, Մարինե Պետրոսյան, Հերմինե Նավասարդյան, Հուսիկ Արա, Տիգրան Գաբոյան, կմարվեն Յուրի Երզնկյանի հոբելյանական նամականիշները։
Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2): Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է: Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Փառատոնի ողջ ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:
Եվ այսպես՝ սեպտեմբերի 30, հոկտեմբերի 1, 2՝ «Քաղաքը կարդում է»։
«Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին» (Վարդգես Պետրոսյան):
- Created on .
- Hits: 39755