«Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» գիտաժողովը միավորել է հայ և ֆրանսիացի մասնագետների

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը վեր է հանում Ֆրանսիայի և Հայաստանի պատմական ու մշակութային բազմաշերտ հարաբերություններն ու դրանց առանձնահատկությունները։ Գիտաժողովի ընթացքում իրենց զեկուցումներով հանդես են գալիս նշանավոր հետազոտողներ, գիտնականներ, որոնք անդրադառնում են երկու երկրների բազմադարյա փոխհարաբերություններին, համագործակցությանը, գրական ու մշակութային կապերին, հրատարակչական ժառանգությանը և այլ թեմաներին։ Ահա նրանցից մեկը՝ գիտաժողովի գլխավոր բանախոսը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն է:
Գիտաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․
«Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է՝ ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ: Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը: Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը թե՛ խաղաղ, թե փորձությունների ժամանակներում: Հայաստանի Հանրապետության և մեր երկրի հանրության համար այդ աջակցությունը և բարեկամությունը վերջին տարիների մարտահրավերներին դիմագրավելու ամենաառանցքային գործոններից են: Շնորհակալության ու երախտագիտության զգացումը, որ մենք տածում ենք դեպի Ֆրանսիայի Հանրապետությունը և հանրությունը, համընդհանուր է: Ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության և անընդհատ զարգացող հարաբերությունների համար»:
Նախարարը կարևորեց հայ-ֆրանսիական համագործակցությունը, որը ներառում է կրթական, գիտական, մշակութային տնտեսական և քաղաքական մի շարք հիմնահարցեր։
«Հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում՝ ազդարարելով Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակումը: Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության առաջամարտիկը՝ հանդես գալով համագործակցության հարթակ հետաքրքիր, բազմազան և բազմակող քննարկումների համար»։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Գիտաժողովի շրջանակում նաև համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Ֆրանսիայի և Հայաստանի ազգային գրադարանների, Խարտիայի ազգային դպրոցի, ինչպես նաև «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության հետ։
Առանձին ցուցասրահում էլ տեղի ունեցավ հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացվում են հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակությունները, ֆրանսիական գրականության թարգմանությունները և այլն: Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ ներկայացվում է ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:
Գիտաժողովը կամփոփվի ապրիլի 30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագրով։ Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպացի կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, ով հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակությունը (Les métamorphoses de Tigrane / Alexandre Siranossian; avec la collaboration de Maxime K. Yevadian; préface de Reinhard Goebel. - Lyon: Sources d'Arménie, 2014):
Գիտաժողովը եզրափակում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Գիտաժողովի տեղեկատվական գործընկերն է Le Courrier d'Erevan Հայաստանում միակ ֆրանկոֆոն լրատվական հարթակը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 60