Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Ապրիլի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության համագործակցությամբ։ Ինչպես փաստում են պատմական աղբյուրները՝ Ֆրանսիական Օտտօ ճամբարը բացվել է 1922 թվականին և գործել է մինչև 1927 թվականը։ Հետևաբար այս ցուցահանդեսը նաև յուրահատեսակ երախտիքի առիթ է և ևս մեկ անգամ արժևորում է Ֆրանսիայի դերը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերին աջակցություն ցուցաբերելու գործում։
«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցահանդեսը մեկտեղել է Ֆրանսիայից բերված բացառիկ նյութեր՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ ուշագրավ առարկաներ։ Դրանք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականների մասին վկայություններ են։ 1922 թվականին Մարսելում բացված հատուկ փախստականների ճամբարը, որը կոչվում էր «Camp Otto», հինգ տարով ապաստան է տվել ավելի քան 5000 հայերի։
Ցուցանմուշների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Նանսենի անձնագիրը», այն Ազգերի լիգայի կողմից ստեղծվել է 1922 թվականին, Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ և նույն թվականին տրվել «Camp Otto»-ի հայ փախստականներից մեկին։ Եզակի փաստաթուղթը հանդիսանում է «ARAM» հայկական հիշողության հետազոտման և արխիվացման ասոցիացիայի հարուստ արխիվի մի մասը։ Արխիվը 30 տարի հավաքում է Մարսելում Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, վերականգնում, արխիվացնում ու թվայնացնում է դրանք։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց.
«Նմանատիպ ցուցադրությունները շատ կարևոր են, դրանք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել մեր մշակութային ժառանգության տարբեր կողմերը։ Առաջին անգամ Մարսելից դուրս ներկայացվում են 50-ից ավելի արժեքավոր փաստավավերագրական նյութեր՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների հետ։ Ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտել պատմական իրադարձության կարևոր շերտերը, հատկապես՝ ցեղասպանությունից փրկվածների պատմությունները: Կարծում ենք՝ այս համագործակցությունը նոր ձևաչափ է՝ զարգացնելու նման ցուցադրությունները։ Այն կապում է մայր թանգարանի և սփյուռքում գործող ժառանգության կենտրոնների հավաքածուները՝ այդպիսով առիթ ստեղծելով նորովի ընկալել մեր մշակութային ժառանգության, մեր ինքնության տարբեր կողմերը»,- ասաց Դավիթ Պողոսյանը։
Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց.
«Շատ կարևոր է սփյուռքում գործող կառույցների հետ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող համագործակցությունների իրականացումը։ Հայկական համայնքների հետ փոխգործակցությունը կարևոր և իմաստուն ռազմավարական քայլ է: Մեզ համար մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ համագործակցության արդյունքում ARAM միությունը Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել «Նանսենյան անձնագիր», որը տեղ կզբաղեցնի թանգարանի մշտական ցուցադրության մեջ»։
«Քէմբ Օտտօ» ճամբարը բացել և ղեկավարել է Թագվոր Խաչիկյանը, ով սահուն տիրապետել է ֆրանսերենին և կարևորել կրթության գործոնը՝ փախստականների շրջանում: Այդ իսկ պատճառով ճամբարում բացվել է դպրոց, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել ֆրանսերենին։ Ճամբարն ուներ փոքրիկ տպարան, հրատարակում էր գրքեր։ Դրանց թվում է ֆրանսերենի արագացված և պարզեցված ուսուցման փոքրիկ ձեռնարկը, որը Աստղիկ Արտին Լուսիկյանը բերել է Մարսելից։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև դպրոցի աշակերտների և Թագվոր Խաչիկյանի լուսանկարները, կան նաև այլ անձնագրեր, որոնք տրվել են Գրիգորիս Բալաքյանի հիմնադրած եկեղեցական կազմակերպության կողմից։
«Camp Otto»-ի գործունեությանը զուգահեռ Մարսելում հիմնվել է գորգի գործարան, որտեղ հայերը շարունակել են զբաղվել ավանդական գորգագործությամբ, ապա բացվել են համայնքային միություններ։ Նրանցից մեկի կազմի լուսանկարը նույնպես այժմ Երևանում է։ Ցուցադրվում են նաև Արևմտյան Հայաստանի վարպետ Լյուդվիգ Ավետյանի պատրաստած կանացի կոշիկները և «Արարատ» ձայնասկավառակը հայկական երգերով ու մեղեդիներով։
Ցուցանմուշները թանգարանին նվիրած «ARAM» (The Association for the Research and the Archiving of Armenian Memory) հայկական հիշողության հետազոտման և արխիվացման ասոցիացիան հիմնադրվել է 1997 թվականին Աստղիկ Արտին Լուսիկյանի հոր՝ սեբաստացի Ժան-Կարպիս Արտինի նախաձեռնությամբ, որը փախստականների ընտանիքից էր։ Նրա պապը՝ Սահակը, հրաշքով փրկվել է ցեղասպանությունից և հայտնվելով Ֆրանսիայում, 6 տարեկանում կարողացել է պատմել իր տեսած սարսափների մասին։ Ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 25-ը։ Նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 111