Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Հայ ականավոր գրող Վահան Տերյանը մշտապես աչքի է ընկել գրական և կրթական որոնումներով։ Դեռ ուսանողական տարիներին սովորելով տարբեր ուսումնական հաստատություններում՝ Վահան Տերյանին համակում էր գրականության և արվեստի հանդեպ մեծ սերը։ Դրան էլ միանում էր նաև գրողի ակտիվ հասարակական դիրքորոշումը։ Տերյանի ուսանողական տարիները զգալի ազդեցություն են ունեցել նրա գործունեության և աշխարհայացքի վրա։ Տերյանի կյանքի այս դիպվածին է նվիրված Գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 23-ին բացված «Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրությունը նվիրված է Վահան Տերյանի 140-ամյա հոբելյանին: Բացառիկ ցուցադրությունը հնարավորություն է տալիս ներկա լինել Վահան Տերյանի կյանքի և գործունեության մի կարևորագույն շրջափուլի, երբ ձևավորվել են Տերյան անհատի հիմնական բնութագրիչները։ Ցուցահանդեսը մեկտեղել է Տերյանի ուսանողական տետրերը, ծոցատետրը, նամակները, Լազարյան ճեմարանի պարտադիր առարկայացանկը, «Ուսանող» և «Ընկեր» թերթերը, Տերյանի ավարտական վկայականը, ճեմարանին նվիրված բանաստեղծության ինքնագիրը, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի առաջին հրատարակությունը, համալսարանական մուտքի տոմսերը և շատ ավելին։
«Այդ ժամանակահատվածը եղել է կարևոր շրջան Վահան Տերյանի կյանքում. Ուսանողական տարիները ցույց են տալիս ինչ մտածող, ապագա գրող մտավորական էր ձևավորվում»,- ասում է Գրականության և արվեստի թանգարանի միջոցառումների պատասխանատու Լիլիթ Մադոյանը:
Ինչպես հայտնում է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Վահան Տերյանի ուսանողական տարիները միայն ակադեմիական կրթություն ստանալու ժամանակաշրջան չէին։ Դրանք նրա անձի, աշխարհայացքի և գրական ոճի ձևավորման ամենաբուռն ու որոշիչ փուլերն էին։ Տերյանը փայլուն, մշտապես զարգացող ուսանող էր։ Նա ակտիվորեն մասնակցում էր ազգային և երիտասարդական շարժումներին։ Ցուցադրվող վավերագրերը կօգնեն բացահայտել Վահան Տերյանի ուսանողական կյանքի վառ դրվագներն ու ուշագրավ մանրամասները։
Տերյանը սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական և Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետներում։ Այս տարիները և բուհական առանձնահատկությունները չէին կարող չազդել Տերյանի խոհերի վրա։ Հենց դրանց են առնչվում մի քանի արժեքավոր վավերագրերը։ Դրանցից մեկը Տերյանի բացառիկ լուսանկարն է՝ արված Բուտիրկա բանտում։ Տերյանն այնտեղ հայտնվել էր շատերին հայտնի իր քաղաքական հայացքների ու ակտիվության համար:
Իսկ ինչպիսի՞ն էր Տերյան ուսանողը։ Մշտապես որոնող ու զարգացող, ակտիվ ուսանող, որն ակտիվորեն մասնակցում էր ազգային և երիտասարդական շարժումներին։ Տերյանը գիտեր բազմաթիվ լեզուներ, կարդում էր ստեցծագործությունները հենց իրենց լեզվով։ Արդյունքում Տերյանը ստեղծեց լեզվաոճական առանձնահատկություններով հարուստ Տերյանական ինքնատիպ ոճը։
Ցուցադրվող ցուցանմուշներում մի բան ընհանուր է, որը կապում է բոլոր փաստաթղթերն ու կարմիր թելի պես շարունակվում մինչև վերջ։ Ուսանող Տերյանը պրպտող է, հետաքրքրասեր, մարդ-մտավորական, ինքնատիպ անհատ, օրինակելի վարքի տեր։
Վահան Տերյանը սովորել է տարբեր համալսարաններում, սովորել գրականություն և լեզուներ։ Նա հայտնի էր ուսման հանդեպ իր կիրքով և գրականության հանդեպ իր խորը հետաքրքրությամբ, ինչը հետագայում արտացոլվեց նրա՝ բանաստեղծի և թարգմանչի աշխատանքում։ Տերյանը ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ էր, այլև իր ժամանակի մշակութային ու հասարակական կյանքի ակտիվ մասնակիցը։ Իսկ ուսանողական տարիներն էլ հագեցած են եղել ստեղծագործական գործունեությամբ։ Հենց այդ շրջանում էր, որ Տերյանը շփվում էր տարբեր գրողների ու արվեստագետների հետ, ինչն էլ նպաստել է նրա՝ որպես բանաստեղծի կայացմանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 109