«Ապագայի ռեժիսորը». Հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը

«Ես ծաղիկներ նկարող խելագար ծերունի եմ։ Ես պրոֆեսիոնալ չեմ և արգելում եմ քննադատներին համարել ինձ պրոֆեսիոնալ նկարիչ։ Ես արվեստասեր եմ ու ռեժիսոր։ Եվ դուք ներկա եք իմ արվեստանոցում, որ ընթանում է այս ֆիլմերի ստեղծման պրոցեսը, որոնց դիմաց ես ստանում եմ… Ընդհանուր հաշվով ստացել եմ 60 ոսկե մեդալ։ Ինչի՞ համար եմ ստացել դրանք։ Ճաշակիս համար, այն բանի համար, որ կարողանում եմ պլաստիկա արտահայտել։ Ոչ մի հրաշք էլ չկա։ Ես փնտրում եմ դա, բնության մեջ է դա։ Այդ բնությունն է օգնում ինձ, որ վերցնեմ, վավերացնեմ, ստեղծեմ պլաստիկա և խոնարհվեմ դրա առջև․․․»։ Սերգեյ Փարաջանով

Գեղեցիկ իրերի՝ որպես կենդանի էակների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, խաղ, ամենատարբեր մշակութային դրսևորումների մեկտեղում, տարատեսակ սիմվոլների ու դիցաբանական ու ազգագրական տարրերի կերպավորում. այս բոլորը նկատելի են յուրատեսակ մի արվեստագետի գործերում, որը ստեղծեց արվեստի իր լեզուն, ձևը, բովանդակությունը։ Իսկ այդ ճանապարհին «պարզ» կինոյին հետևող, բայց նոր փորձառությունների սիրահար, միաժամանակ «անպատրաստ» հեռուստադիտողին ուղղակի անմոռանալի ուղևորություն է սպասվում։ Այնտեղ կարծես հնագիտական արտեֆակտներ են հավաքված, որոնց շարքում կարող ենք տեսնել գորգեր, սափորներ, սկուտեղներ, գավաթներ: Իսկ այս ամենը պարուրված է միստիկ գաղտնագրերով, որոնց բացահայտողներին մեծ տպավորություններ են սպասվում։

«Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ: Ուր էլ որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր։

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»։ Սերգեյ Փարաջանով

2024 թ. հունվարի 9-ին նշվում է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։ Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Կինոյի տանը կայացավ Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց. «Հայ կիոնի 100-ամյակի և Փարաջանովի 100-ամյակով ամփոփումը ցույց է տալիս կինոյի ոլորտում այն զարգացումը, որ կարող ենք նկատել, եւ որը ոգեւորող է: Նախորդ տարի մեր ֆիլմերը ավելի քան 74 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր ավելի քան 10 ֆիլմեր ավելի քան 28 մրցանակ են բերել տարբեր միջազգային հեղինակային փառատոններում: Մենք հիմա բոլորս անհամբեր սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը Օսկարի մրցանակաբաշխությանը: Բայց այն արդյունքը, որ գրանցված է, արդեն հաջողություն է, որովհետեւ «Ամերիկացի» ֆիլմը, որն ամբողջությամբ հայկական ֆիլմ է, արդեն իսկ հայտնվել է Օսկարի մրցանակաբաշխության կարճ ցանկում:  Մենք դեռ շատ անելիք ունենք, իսկ հոբելյանները նշելը լավ առիթ է, որպեսզի խոսենք այդ անելիքների մասին»։

Sergey Parajanov 4

Իսկ ինչպես հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի Կինոյի տան մոտ կարող է հայտնվել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով հրապարակ։ Կինոռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ այս առաջարկով նախարարությունը դիմել է քաղաքապետարանին։ Հրապարակում տեղ կգտնի նաև Արա Ալեքյանի հուշարձանը։

Փարաջանովի թանգարանում էլ կայացավ  համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ։ Տեղի ունեցավ նաև արվեստաբան Կարեն Քալանթարի «Ակնարկներ Փարաջանովի մասին» գրքի վերահրատարակության շնորհանդեսը։ Գիրքը բաղկացած է 10 ակնարկից, որոնք պատմում են Սերգեյ Փարաջանովի կինոարվեստի ձևավորման ու ծաղկման շրջանների մասին, ներկայացնում են չիրագործված սցենարների ճակատագրերը և կենսագրության որոշ հանգամանքներ։

Նկարիչ և ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխատանքները դիտարկվում են որպես առանձին հայեցակարգեր։ Դրանք հնարավորություն են տալիս ներկայացնել Փարաջանովի արվեստի ֆենոմենը 20-րդ դարի գեղարվեստական ​​մշակույթի համատեքստում, որոշել կապը նրա ստեղծագործության գեղագիտության և անցյալ դարի առաջատար գեղարվեստական ​​շարժումների միջև։ Ինչպես փաստում են մի շարք արվեստաբաններ, Փարաջանովի ֆիլմերի ի հայտ գալու շրջանում արվեստաբանության մեթոդաբանական հիմքը հնարավորություն չի տվել ուսումնասիրել նրա գեղագիտության բազմաթիվ շերտերն ու կողմերը։ Նկարիչ Փարաջանովի և ռեժիսոր Փարաջանովի գործերը մինչ օրս համարվում են նրա ստեղծագործության առանձին ուղղությունները, որտեղ, անխոս, ընդհանուր արմատներ և բազմաթիվ հատման կետեր կան, սակայն դրանք բավականին մեկուսացված են միմյանցից։ Ինչպես հենց ինքը՝ Փարաջանովն է ասել. «Ես միշտ կողմ եմ եղել նկարչությանը և վաղուց եմ վարժվել, որ կինոն ընկալում եմ որպես ինքնուրույն նկար։ Ես գիտեմ, որ իմ ռեժիսուրան պատրաստակամորեն տարրալուծվում է նկարչության մեջ, և սա, հավանաբար, առաջին թուլությունն ու առաջին ուժն է»:

Sergey Parajanov 2

Փարաջանով արվեստագետի ֆենոմենի համարժեք վերլուծության բանալին մշակութաբանական տեսակետից նրա աշխատանքների բոլոր ասպեկտները որպես մեկ հայեցակարգ դիտարկելն է։ Սակայն հանդիսատեսի լայն շրջանակի համար նրա ստեղծագործությունները դեռևս շարունակում են մնալ որպես առեղծված: Դրանք անհավանական են, վառ գույներով, երաժշտապես հարուստ ու նուրբ։ Արվեստի պատմաբանների կարծիքով նա իր գլուխգործոցները ստեղծել է ինտուիտիվ կերպով։ Մեծ ճանաչումը նրան հասել է միայն 40 տարեկանում։ Մինչ աշխարհահռչակ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, ռեժիսորը սոցիալիստական ​​ռեալիզմի ոգով նկարահանել է 8 ֆիլմ։ Իսկ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերան բուռն է ընթացել։ Իր ընկալած Ուկրաինայի ոգին պահպանելու համար Փարաջանովը հրաժարվել է ֆիլմը ռուսերեն կրկնօրինակել, ինչն էլ պատճառ է դարձել ուկրաինական ազգայնականության մեջ մեղադրանքի համար։ Սակայն ֆիլմը հաջողություններ է վայելել փառատոններում և շուտով համբավ ձեռք բերել որպես «լավագույն ուկրաինական ֆիլմ»: Ի դեպ վերջերս՝ 2023 թվականի աշնանը, ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի կինոփառատոնում։ Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ միջազգային մրցանակներ ունեցող ֆիլմ։ Իսկ Հարվարդի համալսարանում կինոգետի աստիճան ստանալու համար պարտադիր է այն դիտելը։

Կինոռեժիսորի ստեղծագործական կյանքի առաջին փուլը նշանավորվել է ստեղծագործական ձախողումներով ու անհաջողություններով։ Իշխող համակարգի պայմաններում կինոարտադրության մեջ հնարավոր չէր արտահայտել ստեղծագործական ունակությունները։ Սակայն դրան հաջորդեց միջազգային ճանաչումը: Նա վերջապես հավատաց ինքն իրեն, և որ իր խոսքը լսելի ու հասկանալի կլինի։
«Հայրս հնավաճառ էր, ես նրա հետ տեսա հրաշալի գորգեր, որոնք հայտնվեցին տանը, իսկ հետո անհետացան, քանի որ նա զբաղվում էր դրանց առևտրով: Մենք միշտ ստանում էինք հոյակապ իրեր, այդպես տարբեր դարաշրջաններ և ոճեր էին մտնում տուն: Ռոկոկո սեղաններ և աթոռներ, հնաոճ զարդեր, ծաղկամաններ, հիասքանչ արևելյան գորգեր և ուղտեր զարդարելու տարբեր առարկաներ էին։ Մանկությունս անցել է այդպիսի բաների մեջ։ Ես շատ էի կապվում նրանց հետ, և որքան մեծանում էի, այնքան ավելի էի ուզում դրանք հավաքել։ Չնայած այն բանին, որ հետագայում ընդունվեցի Կոնսերվատորիա, ինձ շարունակում էր գրավել ժողովրդական երաժշտությունը, որը հոսում էր աղբյուրի պես»։ Ս.Փ․

Sergey Parajanov 3

Հայաստանում ստեղծված «Նռան գույնը» (1969թ.) ֆիլմը կարևոր իրադարձություն դարձավ Փարաջանովի ստեղծագործական մեծ ճանապարհին, իսկ այդ ընթացքում ձևավորվել էր հատուկ պոետիկա, որը «կառուցված էր ռեժիսորի մեծ ցանկության վրա՝ արտահայտելու հասկացությունները, մտքերը, պատկերները բացառապես նոր մեթոդներով՝ ավելի միստիկ, ավելի պլաստիկ։

«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։ Սերգեյ Փարաջանով

Ի դեպ՝ Անդրեյ Տարկովսկու ազդեցության մասին ևս հնարավոր չէ չհիշել, իսկ նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1966 թվականին, երբ ռուս ռեժիսորը Կիևում էր իր «Անդրեյ Ռուբլև»-ի պրեմիերային։

Մի շարք արվեստաբաններ դիտարկում են Փարաջանովին որպես պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ։ Դրա դրսևորումներն են տարբեր տարրերի կամայական համակցությունը, մշակութային կոլաժի, «տեքստի» ստեղծումը։ Այս կերպ ստեղծվում է նոր իրականություն։ Բացի այդ Փարաջանովի պոստմոդեռնիստական ոճի ազդեցությամբ են ստեղծվել սիմվոլները, որոնց հիմնարար սկզբունքը ոճական տարաձևումն է, գեղարվեստական ​​տեխնիկաների կիրառումը։ Նա կիրառում էր արվեստի գործեր ստեղծելու համակարգված մոտեցումը։ Դա է վկայում Փարաջանովի գեղարվեստական ​​և տեսողական ստեղծագործության տեխնիկայի թեկուզ մի հպանցիկ հայացքը։ Իսկ նկարիչ Փարաջանովն իր աշխատանքներում օգտագործում էր տարբեր նյութեր՝ գործվածքներ, խեցիներ, չոր բույսեր, ուլունքներ, մետաղալարեր, կենցաղային տարբեր իրեր և այլն։ Հայտնի կոլաժները, հավաքածուները, գլխարկները, շրջանակները, զգեստներն անթիվ են։

Անշուշտ ստեղծագործական որոնումներում և անգամ կենցաղավարական դրսևորուներում տեսանելի են իմացաբանական մեծ տեղաշարժեր ու անցումներ, որոնք ներշնչված են տարբեր դարաշրջանների մշակույթների ներթափանցմամբ։ Իսկ այդ ամենը ինչպես կարող էր չներխուժել կինո ու չտեղաշարժեր տարածության ու ժամանակի ընկալումները, այն էլ իր ժամանակաշրջանի խիստ բարքերի պայմաններում։ Զուր չէր, որ 1988 թվականին Փարաջանովը Ռոտերդամում մեծարվեց որպես «ապագայի ռեժիսոր»: 

«Սերգեյ Իոսիֆովիչին, հավանաբար, գոհ էր, որ իր մասին այդպես էին խոսում (բացականչություններով, զարմանքով ու վրդովմունքով)։ Բայց նա առանձնահատուկ ոչինչ չարեց «էքսցենտրիկի» կամ «հրաշագործի» համբավը պահպանելու ցանկությամբ։ Նրա մահից հետո կատակները, վայրենությունը, շաղակրատությունները, ստեղծագործությունները և դրանց կախարդանքը (ֆիլմեր, կոլաժներ, գլխարկներ, վարագույրներ և այլն), նրա նամակներն ընտանիքին և ընկերներին միավորվեցին մեկ ամբողջության մեջ... Սերգեյ Փարաջանովին չպետք է չափել սովորական չափանիշներով։ Նրա հետ կապ չունեին հասարակության, երկրի օրենքները, բարոյականությունը։ Նա եկել էր հենց իր նկարահանած ֆիլմերից»։ Բենիամին Սմեխով

Sergey Parajanov 5

Փարաջանովի բազմերանգ աշխարհում, որը ներկայացվում է որպես առանձին մի կտավ, ձեռք ձեռքի տված քայլում են տարբեր բարքերն ու հիմնախնդիրները, տարբեր դարաշրջանները, ժողովուրդներն ու մշակույթները։ Բացվում է կոլաժների անվերջ ուղին՝ «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից», և «Վարիացիաներ Պինտուրիկ-Չիոյի և Ռաֆայելի թեմաներով», «Ֆաբերժեի հիշատակին» և «Հարսանեկան գիշեր ճապոնական կայսրը» գծագրերը։

«Փարաջանովը նույնպես գնաց արվեստում նոր սինթեզների ճանապարհով։ Այնուամենայնիվ, ի տարբերություն ֆրանսիացիների հոգեվերլուծության կամ Լուիս Բունյուելի և Սալվադոր Դալիի մետաֆիզիկական սյուրռեալիզմի իրենց համատեղ համր ֆիլմի գլուխգործոցում՝ «Անդալուզյան շուն», նրան բնորոշ էր դիցաբանական գիտակցությունը։ «Մոռացված նախնիների ստվերները» (1964) ժանրային առումով հեղինակն ինքն է բնորոշել որպես կոլաժ։ Բայց ոչ կոլաժային տեխնիկան, ոչ էլ փոփ արվեստը որպես ավանգարդ արվեստի ոճ չեն կարող բացատրել Փարաջանովի ստեղծագործության բնույթը։ Նրա ֆիլմերը պարունակում են իրականության տարբեր դարաշրջանների արտասովոր համադրություն։ Ժամանակի հատկանիշների «նվագավորությունը» յուրաքանչյուր դեպքում առանձնահատուկ է, որն իրականացվում է տարբեր աստիճանի պայմանականությամբ: Այնուամենայնիվ, այս տեսակի կոլաժները ընկալելիս հիմնականը խորը ֆունկցիոնալության որոնումն է, որը ազդում է կոմպոզիցիայի ընդհանուր ամբողջականության վրա»։ Սվետլանա Սարգսյան
«Պոետիկ կինո», «առակ ֆիլմ», «երևույթ», «գեղագիտական և պոետիկ կինո», «առասպելական կինո», «կինոյի լեզվի դիցաբանություն». ահա այս կերպ են բնութագրվում ռեժիսոր Փարաջանովի բազմագույն աշխարհում ծնված կինոժառանգության առանձնահատկությունները։ Իտալացի լեգենդար ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին նրա մասին ասել է.

          «Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։

Սերգեյ Փարաջանովը մշտապես կինոարվեստին դիմել է բանաստեղծական լեզվով, թերևս այն քչերից էր, ով գիտեր բանաստեղծական տարրեր տեսնել ամենապարզ իրերի և երևույթների մեջ։ Դրանով Փարաջանովի կինոլեզուն այնքան անհատական ​​է և բազմազան։ Դա դրսևորվում է հատկապես ֆիլմերում հերոսների և բնության երևույթների սիմվոլների ներկայացման մեջ։ Սակայն օրինակ ըստ ավեստաբան Սվետլանա Տեստովայի՝ ռեժիսորի գեղարվեստական ​​սկզբունքներից մեկը մարդակենտրոնության բացակայությունն է, երբ մարդը տիեզերքի բարձրագույն նպատակը չէ, այլ գոյություն ունի շրջապատող աշխարհի հետ նույն մակարդակի վրա։ Նա բաղադրիչներից մեկն է, ինչպես կենդանիները, բնությունը և նույնիսկ արվեստի առարկաները։ Այդպիսով՝ Փարաջանովի ֆիլմերը ոչ թե իրականության վերստեղծում են ազգագրական ելևէջներով, այլ նրա հեղինակային աշխարհի՝ բանաստեղծական, առասպելականացված, իռացիոնալ, ավելի բարձր իդեալի ձգտող աշխարհի մասին են։

«Իրականում, նույնիսկ հասուն տարիքում Սերգեյ Փարաջանովը չկորցրեց փոքր-ինչ մանկական վերաբերմունքը ռեժիսուրայի նկատմամբ՝ որպես զվարճալի խաղ ցանկացած հասանելի նյութով։ Ինչպես երեխաները իրենց անսանձ երևակայությամբ պատրաստ են խաղալ ցանկացած առարկայի հետ, որը բոլորովին նախատեսված չէ մանկական խաղի համար, այնպես էլ Փարաջանովը, կարծես, կարողացավ օգտագործել իր մտքերն արտահայտելու համար ձեռքի տակ ընկած ցանկացած իր և նյութ»։ Կինոքննադատ Լիդիա Մասլովա

Հ.Գ.

Երբ նա վախճանվեց, Երևան ուղարկվեց մի հուզիչ հեռագիր․ «Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»: Հեռագիրը հղված էր Ֆեդերիկո Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Ջուլյետա Մազինայի (Ֆելինիի կինը), Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի և Բեռնարդո Բերտոլուչիի կողմից։

«Բոլորը գիտեն, որ ես երեք հայրենիք ունեմ: Ես ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում և պատրաստվում եմ մահանալ Հայաստանում»։ Սերգեյ Փարաջանով

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 461

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: