• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մասնակցեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մասնակցեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երիտասարդ ստեղծագործողների ակումբը ևս մասնակցել էր առցանց մրցույթին և հրավեր էր ստացել մասնակցելու Թբիլիսիում կայացած միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրված էին նաև հայաստանյան պատվիրակության մրցույթի մասնակիցների փարաջանովյան ոճով ստեղծված աշխատանքները՝ գեղանկարներ, կոլաժներ, ֆոտոնկարներ, մրցույթը ներառում էր նաև գրական մաս՝ բանաստեղծություն, էսսե և պատմվածք։ Իսկ նախորդ օրը Թբիլիսիի Փարաջանովի արձանի հարակից տարածքում ցուցադրվել էր կենտրոնի մասնակիցներից մեկի՝ Փարաջանովի 377 նկարների հիման վրա ստեղծված անիմացիոն աշխատանքը։

Mshakuyti kentron Parajanov 2

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, որը իր ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնեց Վիրահայերի միության կազմակերպությանը ի դեմս՝ Մարի Առաքելովային և կենտրոնի սան Էլինե Պողոսյանի աշխատանքը՝ Փարաջանովյան ոճով, նվիրեց Թբիլիսիի ավագանու թանգարանին:

Mshakuyti kentron Parajanov 3

Այն հարցին, թե ինչքանով է կարևորում այս մրցույթին համալսարանի մասնակցությունը, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը պատասխանեց․

«Սերգեյ Փարաջանովը եղել է այն մեծություններից, որը միշտ ամուր պահել է հայ-վրացական հարաբերությունները, ինչպիսին էին նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը և Սայաթ-Նովան։ Երևանի պետական համալսարանի մասնակցությունն այս մրցույթին, ավանդական ու կարևոր համագործակցություններից է և լավագույն շարունակությունը՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։ Եվ այդ ամենն էլ ավելի ամրապնդելու, մեր համագործակցությունը մշտապես հիշատակելու համար, որոշեցինք ինձ համար առանձնացված մեկ աշխատանք, որը մեր կենտրոնի Երիտասարդ ստեղծագործողների ակումբի անդամ Էլինե Պողոսյանի «Ոսկեզօծ նուռ» գործն էր, նվիրել Թբիլիսիի քաղաքապետարանին»։

Mshakuyti kentron Parajanov 4

Աշխատանքի հեղինակ Էլինե Պողոսյանը մեզ հետ խոսեց իր ստեղծագործության բովանդակության մասին և կիսվեց իր տպավորություններով․

«Շատ եմ կարևորում մասնակցությունս նման բովանդակալից միջոցառման՝ ի նշան մեր ազգերի բարեկամության ընդգծմանը և արվեստի զարգացմանը։ Ինձ համար Փարաջանովը ոչ միայն մարդ է, անհատականություն, այլ առանձին արվեստի ճյուղ: Այս աշխատանքը կիրառական արվեստի նմուշ է, մասնավորպես՝ հիմքը վերնաշապիկն է․ նույնը շատ ավելի հեշտ կլիներ ստեղծել կտավին, սակայն պետք է քայլել ժամանակակից մոտիվներով: Աշխատանքը ստեղծելիս մեկ բան եմ մտածել՝ Փարաջանովն ինչպես կստեղծեր, ինչպես կտորները կողք կողքի կշարեր, ինչպես նուռը կբացեր ու որպես դետալ կօգտագործեր: Այստեղ մի կարևոր դետալ կա, այս փայտերի վրա պատուհանի պատկեր է, ես էլ մտածել եմ, որ սա ինչ-որ դուռ է, որը նռնով կբացվի»:

Mshakuyti kentron Parajanov 5

Միջոցառմանը նաև ներկա են գտնվել աջակիցներ Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Բայանդուրը, ներկայացուցիչներ Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանից, Իլյայի պետական համալսարանից, Գեղարվեստի ակադեմիայից և արտասահմանից, ինչպես նաև հայ և վրացական համայնքի անվանի մշակույթային և պետական գործիչներ։

Վարսիկ Սահրադյան

  • Created on .
  • Hits: 459

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: