15 տարի երիտասարդ Ջոկոնդան

   Խորհրդավոր «Մոնա Լիզայի» նախնական տարբերակը՝ կրկին Լեոնարդո դա Վինչիի կողմից նկարված, ցուցադրվել է Ժնևում: Շուրջ երեք տասնամյակ մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո փորձագետներն եկել են այն եզրակացության, որ Ֆրանսիայում գտնվող «Մոնա Լիզայից» 15 տարի առաջ ստեղծված դիմանկարը, այնուամենայնիվ, Լեոնարդոյի վրձնին է պատկանում:

     Ջոկոնդայի «երիտասարդ» տարբերակը վերջին քառասուն տարիների ընթացքում պահվել է Շվեյցարիայի բանկերից մեկում, իսկ հայտնաբերվել է այն 1913 թվականին Անգլիայի արևմուտքում՝ լքված մի պալատում:
 
   Շվեյցարիայում «Մոնա Լիզայի հիմնադրամի» տնօրեն Սթենլի Ֆելդմանի խոսքերով, ով խմանքով տասը տարուց ավելի պահել է դիմանկարը, նախնական տարբերակի մեջ կնոջ ժպիտն ավելի ցայտուն է արտահայտված, իսկ դեմքն ավելի երիտասարդ է ու թարմ: Հիշեցնենք, որ այսօր առավելապես տարածված է այն տեսակետը, որ հանրահայտ «Մոնա Լիզան» իտալացի ազնվական Ֆրանչեսկո դել Ջակոնդոյի կինն է՝ Լիզա Ջերարդինին: Ֆրանչեսկոյի պատվերով էլ դա Վինչին ստեղծել է նրա կնոջ դիմանկարը:

   Չնայած իտալացի փորձագետ Ալեսանդրո Վեզոսին, որ մասնագիտացած է դա Վինչիի ուսումնասիրման մեջ, պնդում է, որ կտավը սոսկ գրոտեսկ է ու պատկանում է անհայտ նկարչի վրձնին, մի շարք փորձագետներ ու պատմաբաններ առավել հակված են կարծելու, որ դա Վինչին նկարել է երիտասարդ Մոնա Լիզային և կիսատ թողել աշխատանքը՝ խոստանալով վերադառնալ դրան 15 տարի անց:

        Ընդունված է կարծել, որ դիմանկարի վրա Լեոնարդոն աշխատել է մինչև կյանքի վերջ: Կան ապացույցներ, որ իր կյանքի վերջին օրերին իսկ նա կատարելագործում էր դիմանկարի յուրաքանչյուր սանտիմետրը:
 
 
  • Created on .
  • Hits: 2676

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: