• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Գեղեցկությունը մի քանի չափիչներ ունի՝ հարմոնիա, սիմետրիա, ռիթմ, ինչպես նաև՝ վեհություն․ Ֆրանչեսկո Գալլո

Գեղեցկությունը մի քանի չափիչներ ունի՝ հարմոնիա, սիմետրիա, ռիթմ, ինչպես նաև՝ վեհություն․ Ֆրանչեսկո Գալլո

PAX ARMENICA «Հայկական խաղաղություն» խորագրով Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնի շրջանակում այս օրերին Հայաստանում են նշանավոր արվեստի տեսաբաններ, քանդակագործներ, նկարիչներ։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական և անվտանգային բարդ իրավիճակը` արվեստագետներն այս կերպ փորձում են հասնել համընդհանուր խաղաղության, նաև` հոգիների խաղաղության։ Իսկ խաղաղության հնարավոր է հասնել գեղեցիկի փնտրտուքի, արվեստի առանձնահատկությունների ընկալման արդյունքում։ «Հայկական խաղաղության» ջատագովների թվում է նաև իտալացի խոշորագույն արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլոն, որը հայ արվեստաբանների համար կիսվում է գեղեցիկի և ժամանակակիցի վերաբերյալ իր մտորումներով։ Ֆրանչեսկո Գալլոն Իտալիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր է, հեղինակել է բազմաթիվ մենագրություններ, էսսեներ, կազմակերպել է ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում:

Դեռ 2011 թվականին Ֆրանչեսկո Գալլոն, հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ միասին, Հակոբ Գյուրջյան քանդակի միջազգային երկրորդ սիմպոզիում փառատոնի նախաձեռնողներից ու օժանդակողներից է եղել, որն անցկացվել է Շուշիում։ Սիմպոզիումին մասնակցել են 15 քանդակագործներ Արցախից, Հայաստանից, Բելոռուսից, Բելգիայից, Ճապոնիայից, Իտալիայից։ Իսկ այս անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում պրոֆեսորը պատմում է ժամանակակից արվեստ հասկացության ընկալումների, արդիականություն և պատմություն ընտրովի կապի մասին, պատասխանում հարցերի։

Franchesko Gallo 2

Մերօրյա զանգվածային մշակույթի տարածման պարագայում ինչպե՞ս տարբերակել ժամանակակից արվեստը։

«ժամանակակից արվեստը դժվար է հասկանալ, քանի որ յուրաքանչյուրն իր ցանկությունների մասին է խոսում։ Այն, ինչի մասին մենք չենք կարող ասել, արվեստն է։ Հենց դա ազատության և կյանքի մեծագույն իմաստի հոմանիշն է։

Հենց ժամանակակից արվեստն է, որ ցույց է տալիս, թե ինչպես են վերանում արվեստի և կյանքի միջև եղած արգելքները։ Արդիականությունն է, որ միավորում է ապագայի նորարարությունները անցյալի հետ»։

Իսկ ժամանակակից արվեստը մեկ ընդհանուր չափիչ ունի՞։

«Մոդեռնիզմի առանձնահատկությունն այն է, որ մարդը պետք է կարողանա մասնակից լինել ոչ թե հեռվից, այլ ներկայից։ Լատիներեն մի ասացվածք կա, որ մտնելով երկրագնդի սրտի մեջ՝ դու պետք է գտնես, բացահայտես պահված քարը։ Ի՞նչ է դա նշանակում։ Այդ քարի անունը Սոֆիա է, այն է՝ փիլիսոփայություն, Այա Սոֆիա՝ սուրբ իմաստություն։ Այսինքն՝ պետք է գտնել ճանապարհը դեպի ճշմարտություն, դեպի իմաստություն։ Մոդեռնիզմն ի՞նչ է ասում՝ ճշմարտությունը բոլորի համար չէ, բոլորին չի հիացնում։ Ճշմարտությունը փնտրտուք է, մենք չգիտենք, թե երբ կհասնենք դրան, բայց պետք է գնալ դեպի ճշմարտությունը։ Հենց դրանում է մոդեռնիզմի առանձնահատկությունը, որ մենք պետք է իմանանք, որ երբեք չենք հասնելու ճշմարտությանը, բայց չպետք է դադարենք շարունակ ձգտել դրան»։

Իհարկե նաև ամենահռետորական հարցը ևս չէր կարող չհետևել, ո՞րն է (ի՞նչ է) գեղեցկությունը, կան արդյո՞ք գեղեցկության բանաձևեր, ինչպե՞ս են գեղեցկության չափանիշները փոխվում տարբեր ժամանակաշրջաններում՝ կրելով դարաշրջանի բարքերն ու առանձնահատկությունները։

«Գեղեցկությունը մեր քաղաքակրթության հորինվածքն է։ Եթե փորձենք հասկանալ և զգալ գեղեցկության ամենաընդհանրական պատկերացումներն ու ձևերը, ապա պետք է հետևենք աստղային երկնքին ու մոլորակների դիրքին․ տիեզերական կառույց, որն անվերջ է, որը մի քանի ընդհանրությունների վրա է հիմնված։ Որո՞նք են դրանք։ Գեղեցկությունը մի քանի չափիչներ ունի, դրանք են հարմոնիան, սիմետրիան և ռիթմը։ Սակայն գեղեցկության հետ մեկտեղ՝ ժամանակակից մշակույթում, և ընդհանրապես, կա նաև մեկ այլ կարևոր գործակից՝ վեհությունը։ Մեր այսօրվա ժամանակը գեղեցկության և վեհության միասնական դրսևորման ժամանակն է և դրա սկիզբը»։

Franchesko Gallo 3

Նորի և հնի փոխկապակցվածության մասին․ ինչպե՞ս պահպանել անցյալը՝ ամրապնդելով և ստեղծելով այժմեականը։

«Անտիկ դարաշրջանում ստեղծագործությունն այնպես էր կառուցված, որ ուղղված էր դեպի մեկը, այն իր մեջ ներառում էր քրիստոնեական գաղափարախոսությունը՝ մենք բոլորս կենտրոնում ենք։ Մոդեռնիզմը թույլ է տալիս հասկանալ, որ մենք գիտենք, որ ճշմարտությունը չգիտենք, բայց անընդհատ փնտրում ենք։ Մոդեռնիզմը նաև միայնակության գաղափարն է։ Երբ դու ուզում ես փնտրել, դու միայնակ ես դառնում, սովորում ես միայնակ լինելու արվեստին։ Նորարարությունը ավանդույթն է և հակառակը։ Մենք ենք մեր պատմությունը, մենք ենք մեր հիշողությունը։ Իհարկե, պետք է մեծարենք մեր անցյալը, բայց ստեղծենք նաև նորը։ Հասարակության պարտականությունը պետք է լինի պահանջել նորություն ստեղծել»։

Ինչպե՞ս  «մշակույթը դարձնել առաջընթացի գրավական»։

Մշակույթ՝ cultura բառը, ծագում է լատիներենից։ Այն առաջացել է colere բառից , որն ուներ բազմաթիվ իմաստներ՝ բնակեցնել, մշակել, խնամել, պատվել, հովանավորել։
Առաջին անգամ այս բառը հանդիպում է Մարկոս Պորցիուս Կատոն Ավագի գյուղատնտեսության մասին տրակտատում, որը կոչվում էր «De agri cultura»։ Այս տրակտատը նվիրված է ոչ միայն հողի մշակմանը, այլ դաշտի խնամքին, որը ենթադրում է ոչ միայն մշակում, այլև հատուկ հոգևոր վերաբերմունք դրա նկատմամբ։  1700-ական թթ., երբ ընթանում էր արդյունաբերական հեղաշրջումը, առաջատար մտածողներն ու հետազոտողները մի բան հասկացան․ այն, որ մշակույթը չպետք է լինի քչերի համար, այլ պետք է բոլորի համար լինի։ Այդպես սկսեցին ձևավորվել հանրագիտարանները։ Մշակույթը սկսվեց տարածվել ու ավելի հասանելի դառնալ։

Մշակույթը պետք է արտահայտվի իր ամենամաքուր տեսքով, դա գեղանկարչությունն է, քանդակագործությունը, դրանց էլ հաջորդում են մոդեռնիստական ​​արվեստի ձևերը՝ դիզայն, ճարտարապետական ​​լուծումներ։ Ժամանակակից արվեստը պետք է ընդգրկի և կարևորի փորձարարությունն ու առաջընթացը»։

Ժամանակակից արվեստում հաճախ են հատվում էսթետիկան ու էթիկան, երբեմն անգամ միմյանց խանգարելով՝ դուրս մղում մեկը մյուսին։ Իսկ որտե՞ղ է գտնվում գեղագիտական սահմանը։

«Այո՛, իրապես, ժամանակից արվեստում հաճախ ենք հանդիպում գործերի, որոնք էթիկապես ընդունելի չեն, բայց շատերն այն էսթետիկ կարող են համարել, կամ հակառակը։ Այդ սահմանը նկատելու համար պետք է տեսնել, թե որքանով է հասկացված այդ աշխատանքը։ Հասկացված լինելու դեպքում է, որ էսթետիկան ու էթիկան զուգահեռ են քայլում»։

Որո՞նք են արվեստաբանի խորհուրդները կամ հորդորները երիտասարդներին։

«Ես դասավանդում եմ տարբեր հաստատություններում և փորձում ներկայացնել իմ ուսանողներին, որ արվեստում կարևոր է միաժամանակ պահպանել անցյալը, բայց նաև թողնել քո հետքը։ Արվեստի հետ շփումը պետք է լինի ֆիզիկական, և ոչ միայն գրքերի ու ֆիլմերի միջոցով։ Եթե ուզում ես աշխարհին ներկայանալ որպես արվեստի երկիր, պետք է սկսել ամենամաքուրից և ամենաճշմարիտից։ Մշակույթները, որոնք միմյանց կրկնում են, արագ էլ մահանում են։ Դրա համար էլ կարևոր են նորարարությունները։ Իսկ նորարարությունը նաև անհատականությունն է։ Անհատականությունն ու յուրահատկությունն են մշակույթները պահպանում, և յուրահատկություն է պահպանել նաև անտիկը, հինը։ Ամենակարևոր խնդիրն է չվախենալ սխալներ անելուց։ Նա, ով չի սխալվում, ոչինչ էլ չի անում»։

Արվեստաբանն առաջին անգամը չէ, որ դասախոսությամբ է հանդես գալիս Երևանում։ Տարիներ առաջ Ֆրանչեսկո Գալլոյի համադրությամբ կազմակերպվել են անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսներ Հռոմում, Ֆլորենցիայում, Միլանում և Իտալիայի այլ խոշոր քաղաքներում։ Արվեստաբանը բազմիցս դասախոսություններ է անցկացնել արվեստի պատմության վերաբերյալ Հայաստանի բուհերի ուսանողների, ուսուցիչների, թանգարանային աշխատակիցների համար։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 535

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: