Միրզոյան գրադարանը տոնում է 9-ամյակը

Ինը տարի առաջ 19-րդ դարի Երևանի հնագույն հասցեներից մեկում լուսանկարիչ Կարեն Միրզոյանը հիմնեց լուսանկարչական ֆոնդով հարուստ Միրզոյան գրադարանը։ Գրադարանն այսօր դարձել է Երևանի մշակութային կյանքի այլընտրանքային գողտրիկ կենտրոններից մեկը։ Օգոստոսյան տապին գրադարանն առաջարկում է միանալ մեկ շաբաթյա հետաքրքիր ծրագրի։ Այն պատահական չի ընտրվել․ նշվում է գրադարանի 9-ամյակը։ Գրադարանի պատասխանատու Ռոբերտ Հակոբյանը ներկայացնում է ծրագիրը։

Mirzoyan gradaran 2

«Ծրագիրը բաղկացած է 3 մասից։ Առաջին հատվածը ցուցահանդեսն է, հետո նաև հանդիպումներ, քննարկումներ լուսանկարիչների և արվեստաբանների հետ։ Հանդիպումներ ունենք պատերազմը վավերագրող Վաղինակ Ղազարյանի, Արեգ Բալայանի հետ, որն անցել է երեք պատերազմների միջով։ Մենք կարևորում ենք, որ կարևոր է խոսել լուսանկարչության մասին, հատկապես այն երիտասարդների համար, որոնց հետաքրքրում է դաշտը, ոլորտը։ Նաև ունենք երրորդ հատվածը նախագծի՝ երեկոյան ծրագիր՝ համերգներ մեր գրադարանի սրճարանում՝ երիտասարդների ժամանցը ևս միավորելով նախագծին»,- ասում է Ռոբերտ Հակոբյանը։

Mirzoyan gradaran 3

Երիտասարդ լուսանկարիչների հետ զրուցում, մտածում և հարցերին է պատասխանում լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը։ Արամ Կիրակոսյանի լուսանկարները հրապարակվել են «New York Times», «Washington Post», «Associated Press», «Reuters» պարբերականներում։ Նա աշխատել է նաև որպես լուսանկարչության դասընթացավար «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Լուսանկարչի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Իտալիայում, Ճապոնիայում։ Լուսանկարիչն առանձնահատուկ լոկացիաներ չի ընտրում, այլ ստեղծագործում է պատահականորեն ընտրված վայրերում, որոնք հետաքրքիր են թվում և որտեղ ավելի հեշտ է շփումը, հաղորդակցությունը։

Mirzoyan gradaran 5

«Շարքերից մեկը սկսել եմ՝ ընդդիմանալով իմ գեղանկարիչ ընկերներին։ Շատերի մոտ կարծիք կա, որ գեղանկարչությունն արվեստի բացարձակ ձևերից է․ դա է պրոպագանդվել, իսկ լուսանկարչության նկատմամբ նման վերաբերմունք չկար։ Ինչու եմ սկսել այն անել, քանի որ ֆոտոն ցանկացած գեղանկարչության ոճ կարող է վերարտադրել։ Իմ այս շարքը հիմնականում նկարված է ապակիների վրա, չկա ֆոտոշոփ, բոլորը ֆիլտրեր են ապակու, որոնք արվել են տեսախցիկի առջև։ Այս աշխատանքների մեծ մասը դիմանկարներ են։ Այդ կերպ հիմնականում ցանկացել եմ, որ մարդկանց մոտ վերաբերմունք փոխվի լուսանկարչության նկատմամբ, քանի որ այն ևս արվեստի ձև է և կարող է անել այն, ինչ գեղանկարչությունը, մի տարբերությամբ՝ լուսանկարն իրական է։ Այն ինչ ես նկարում եմ, դա իրական պատկեր է տեսախցիկի առջև։ Գեղանկարում կարող ես փոխել իրականությունը, իսկ ֆոտոն արտաբերում է իրականությունը։ Չնայած դրան՝ ամեն դեպքում պետք է նշեմ, որ գեղանկարչությունն, իհարկե, ինձ համար մեծ ոգեշնչման աղբյուր է»,- պատմում է լուսանկարիչը։

Mirzoyan gradaran 4

Նա համոզված է, որ չի ընտրում, թե ում նկարել, կարծում է, որ ցանկացած մարդու կարելի է նկարել։ Ինքն ուզում է բոլորին նկարել, քանզի ամեն մարդ գեղեցիկ է իր տեսակով։ Ասում է՝ ինչպես խոսքը, պատկերը ևս ուժ է, կարող ես այն կիրառել տարբեր կերպ, և ընկալումը պատկերի շատ արագ կարող է փոխվել։

Իսկ լուսանկարիչ Դավիթ Ներսիսյանը բազմակողմանի ուսումնասիրության համար օգտագործում է տարբեր գործիքներ։ Դավիթ Ներսիսյանի մտահորիզոնում հատվում են լուսանկարչությունը, պատկերապատումը և վիդեոն։ Լուսանկարիչը նաև համարձակ ու յուրահատուկ շարքի հեղինակ է։ Ներսիսյանի 2018 թվականին տեսողության հաշմանդամություն ունեցող անձանց մասին նախագծի առաջին երեք գլուխները ցուցադրվել են Միրզոյան գրադարանում։

Mirzoyan gradaran 6

«Լուսանկարչության գործը տարածությունն ու ժամանակն է։ Կան լուսանկարիչներ, որոնք նկարում են այն, ինչ տեսնում են, այդտեղ լուսանկարը փաստ է։ Կան լուսանկարիչներ, որոնք ստեղծում են իրենց աշխարհը և նկարում այն։ Կարող ես նաև գտնել ոսկե միջինը։ Իհարկե, այդ ընթացքում քեզ գտնելու ճանապարհին շատ հարցեր են առաջանում։ Լուսանկարչության մեջ առաջին հարցը, որ գալիս է, այն է, թե ինչու ես դա անում, կարծում եմ, որ որևէ միանշանակ նպատակ չկա, այլ հաճույք է, էգոն բավարարելու ձևերից մեկը։ Ֆոտոն իրականության մի մասն է, և կարևոր է, թե դու ինչպես ես նայում նրան, ինչպիսին է պատկերը։ Կարևոր է նաև, թե ինչպես է մատուցվում այդ պատկերը»,- ասաց Դավիթ Ներսիսյանը։

Mirzoyan gradaran 7

Գրադարանի 9-ամյակի առթիվ նաև ցուցադրություն է բացվել։ «Խախտված Ենթագրեր» շարքն արտահայտում է լուսանկարիչ Կարեն Միրզոյանի բազմաժանր մտորումները՝
լուսանկարչության բնույթի վերաբերյալ, որտեղ լուսանկարիչները կարող են խորհել լուսանկարչության մասին լուսանկարչության միջոցով, ինչպես նաև մտորել արդեն իսկ կայացած և ընդունված պատմաեղանակների վերաբերյալ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 466

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: