«Արիաներ սիրո և թախիծի». ներկայացվեց առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանի երկրորդ ձայնասկավառակը

«Նա օժտված է վեհաշուք, հզոր, դրամատիկ բարիտոնով՝ ազդեցիկ և հավասար հնչողությամբ, և այդ ձայնին համապատասխան փառահեղ ու հզոր կատարման ոճով։ Նա ուղղակի զինաթափում է ունկնդրին այն վեհ հպարտության զգացումով, որով կատարում է, հատկապես, հայկական արիաները»։

Դասական երաժշտության ոլորտում առաջատար բրիտանական GRAMAPHONE MAGAZINE-ն ահա այս կերպ է ներկայացնում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանին, որը թողարկեց երկրորդ՝ «Արիաներ սիրո և թախիծի» (Arias of Love & Sorrow) ձայնասկավառակը: Ձայնասկավառակում ընդգրկված են արևմտաեվրոպական օպերաներից բարիտոնի նշանակավոր՝ Յագոյի («Օթելլո»), Նաբուկկոյի, Ժերարի («Անդրեա Շենիե»), Միկելեի («Թիկնոց»), Ռենատոյի (‹‹Պարահանդես-դիմակահանդես») արիաները, ռուսական օպերաներից Ալեկոյի, Կոմս Տոմսկու («Պիկ Թագուհի»), Արքայազն Իգորի, Գրիազնոյի («Ցարի հարսնացուն»), ինչպես նաև հայկական օպերաներից Արշակի Բ-ի, Դավիթ Բեկի և Մոսիի («Անուշ») արիաները։

Gevorg Hakobyan 2

Մինչ այս՝ 2015թ.-ի մայիսի 26-ին, թողարկվել էր Գևորգ Հակոբյանի առաջին ձայնասկավառակը, որտեղ ներկայացված են հայ դասականների ռոմանսները։  

«Ես հատկապես ուրախ եմ ու հպարտ, որ արտիստիս այն առաքելությունն ու պարտավորությունը, որն է բարձր պահել մեր հայրենիքի անունն ու նպաստել Հայաստանի ճանաչմանը, հաջողվեց իրականացնել նաև այս սկավառակի միջոցով»,- ասաց մեներգիչը։

Gevorg Hakobyan 3

Ձայնասկավառակը թողարկել է ամերիկյան DELOS ընկերությունը, այն արժանացել է մի շարք հեղինակավոր միջազգային պարբերականների ու քննադատների բարձր գնահատականներին։ Նոր սկավառակում առաջատար մեներգչին նվագակցում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժորներն են Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական նախկին տնօրեն դիրիժոր Ջոն Ֆիշերը և նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։ Հենց Օրբելյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո էլ լույս է տեսել ձայնասկավառակը:
«Ձայնասկավառակը լույս է տեսել այս տարվա սկզբին: Այն թողարկվել է իմ լավ ընկերոջ և բարեկամի՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի բարձր հովանու ներքո, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան»,- հավելեց մեներգիչը։

Gevorg Hakobyan 4

Ձայնասկավառակն արժանացել է ամերիկյան հեղինակավոր Opera News Magazine-ի «քննադատների ընտրություն» վարկանիշին. «Հակոբյանը ցուցադրում է ձայնի թավ, մուգ տեմբր, լավ կենտրոնացում, նա յուրահատուկ ունակություն ունի զգացմունքներով պարուրել երաժշտական ֆրազները, ինչպես նաև շատ ողջունելի է դրանց դինամիկ երանգավորումը»,- գրում է հոդվածագիրը։

Gevorg Hakobyan 5

Իսկ Եվրոպական Pizzicato ամսագիրն այն գնահատել է հինգ աստղ։ «Այս ձայնասկավառակի բոլոր արիաները հարյուր տոկոսով համապատասխանում են Հակոբյանի դրամատիկ ձայնին՝ գերազանց բալանսավորված և նյուանսավորված, հարուստ արտահայտչականությամբ: Հրաշալի երգչի, հրաշալի ձայնասկավառակ››,- նշված է ամսագրում։

Սկավառակի շնորհանդեսը վերածվեց երաժշտական մեծ տոնի, և մեներգիչը դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանի ուղեկցությամբ հանդես եկավ կենդանի կատարումներով, որոնք արժանացան հիացմունքի և բուռն ծափահարությունների։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 582

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: