«Կրակի վերելքը». Մարտիրոս Սարյան և Վալերի Բրյուսով, երկու հանճարները մեկ վայրում

Ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի (1873-1924) 150-ամյակի առթիվ հոբելյանական ցուցահանդեսով ներկայացավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Նախագծին մասնակցել է Վ. Դալի անվան ռուս գրականության պատմության պետական թանգարանը: Միջթանգարանային նախագծին միացել են նաև Հովհաննես Թումանյանի թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը:

Saryan Bryusov 2

Ցուցահանդեսը վերաբերում է Վ. Բրյուսովի և Մ. Սարյանի շուրջ տասը տարվա ակտիվ գործունեությանը՝ մի ժամանակաշրջանի, որը նոր էջ բացեց մարդկության պատմության մեջ: 1914-1924 թվականներին առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխությունների արդյունքում ծնված նոր բարքերն ու գաղափարախոսությունները դառնալու էին նոր մշակութային համակարգի հիմնարար արժեքները: «Կրակի վերելքը»... պատահական չէ, որ բանաստեղծություններից մեկում ռուս գրողը հենց այս կերպ էր բնութագրելու ժամանակակից բարքերը («В такие дни» բանաստեղծությունից, Մոսկվա, 1921 թ.): Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը կից արվեստասերներն այս անգամ կարող են ծանոթանալ Վալերի Բրյուսովի գործունեության բեղուն մի շրջանի՝ արխիվային հարուստ նյութերի ուղեկցությամբ: Ցուցասրահը պատված է ուշ սիմվոլիզմի մշակութային առանձնահատկություններով: Ներկայացված են բազմաթիվ լուսանկարներ, նամակներ, գրքեր, ընտանեկան արխիվից հատվածներ, դիմանկարներ, Բրյուսովի և Սարյանի ինքնանկարները:

Saryan Bryusov 3

Այցելուների ուշադրությունը կարող է գրավել նաև հայ քանդակագործ  Արա Սարգսյանի կերտած Վալերի Բրյուսովի եզակի հուշարձանի մանրակերտը: Ցուցադրության համադրող, թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի խոսքով՝ այս երկու հանճարներին միավորել է դարաշրջանը, քանզի նրանք եղել են մոդեռնիզմի, սիմվոլիզմի վառ ներկայացուցիչներ, և, բնականաբար, պատահական չէր նրանց առաջին հանդիպումը:

Saryan Bryusov 4

«Գրական հանդիպումներից մեկի ժամանակ Սարյանը ներկայացնում է Կոստանդնուպոլիսյան գործերից մի քանիսը՝ այդ թվում «Կոստանդնուպոլսի շները», ու դրանից հետո Տրետյակովյան պատկերասրահը Սարյանից գնում է մի քանի գործեր: Դա նկարչի ճանաչման առաջին քայլերից էր: Այնպես որ, նրանց ուղին սկսել է միասին և անխոս. ամենակարևորը, որ նրանց միավորել է, «Հայկական պոեզիայի» անթոլոգիան է: Պատահական չէ, որ Սարյանը դրա համար ընտրել է մանրանկարներ միջնադարյան «Խորան» ձեռագրից:  Դա ցույց է տալիս, որ այն ազգային գիրք է և դա ընդգծելու համար ընտրել է շատ սիմվոլիկ միջնադարյան արվեստը՝ մանրանկարներ, որոնք ցուցադրում են հայկական արվեստի առանձնահատկությունները: Այս գիրքը նաև հանդիսանում է որպես յուրահատուկ հոգևոր աջակցություն հայ ժողովրդին, որն ապրել էր 1915 թվականի ցեղասպանությունը: 1916 թվականին Սարյանը Թիֆլիսում իր շուրջն էր համախմբել նկարիչների, բանաստեղծների: Նրանք ստեղծեցին Հայ նկարիչների առաջին միությունը, և անթոլոգիայի հրատարակումը այդ գործընթացում անչափ կարևոր էր»,- պատմեց Ս. Սարյանը:

Saryan Bryusov 5

1906 թվականին Սարյանն այցելում էր Բրյուսովի կողմից հիմնադրված «Ազատ գեղագիտության ընկերության» երեկոներին: Իսկ 1914-1917 թվականներին բանաստեղծն ու նկարիչը ակտիվ համագործակցակցություն են ունեցել: Ահա 1915 թվականին Բրյուսովն անձամբ ծանոթացել է հայ պոեզիայի հետ, և 1916 թվականին իր խմբագրությամբ լույս  է տեսել նշանավոր «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» («Поэзия Армении с древнейших времен до наших дней») անթոլոգիան: Հենց այս ժողովածուի ձևավորմանն էլ մասնակցել է Սարյանը:

Saryan Bryusov 6

Ցուցասրահում ներկայացված են գրական և գեղարվեստական մի շարք դրվագներ, բացի այդ կարևոր նշանակություն ունեն նաև ընտանեկան փաստաթղթերն ու լուսանկարները: Սարյանի կնոջ՝ Լուսիկ Սարյանի, նրանց զավակների՝ Սարգսի և Ղազարոսի, եղբոր՝ Հովհաննեսի, Բրյուսովի կնոջ՝ Իոաննա Մատվեևնայի դիմանկարներն, իհարկե, զարդարում են ցուցասրահը:  Ցուցահանդեսում նաև տեղ է գտել Բրյուսովի «Աշխատանք» (1919 թ.), «Նոր շարահյուսություն» (1922 թ.) բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները (թարգմանությունը` Հ. Մադոյանի):

Saryan Bryusov 7

«Ցուցահանդեսին նախապատրաստվելիս մենք կենտրոնացել ենք մի կարևոր հանգամանքի վրա, որ պետք է միավորել երկու բացարձակապես տարբեր մարդկաբց աշխարհները՝ նկարչի և բանաստեղծի, թարգմանչի: Այդ ընթացքում, իհարկե, չենք մոռանում նաև Բրյուսովի մեծ սերը հայկական մշակույթի նկատմամբ: Մենք ներկայացնում ենք նաև պատմություններ, որոնք քչերին են հայտնի, ահա օրինակ Բրյուսովի և Սարյանի շփումները Ազատ գեղագիտության ընկերությունում: Ներկայացվել է նրանց շփումները հեղափոխական բուռն շրջանում: Մենք ցուցադրում ենք այն, ինչը կապված է «Հայկակակն պոեզիայի» անթոլոգիայի հետ, դրանք առաջին հերթին ճանապարհորդություններն են Բրյուսովի 1916-1917թթ. իր կնոջ Իոաննա Մատվեևնայի հետ: Ներկայացված են նաև ձեռագրերը՝ կապված Բրյուսովի հայերեն ուսումնասիրելու հետ, որում իրեն մեծ աջակցություն են ցուցաբերել ուսուցիչները՝ Լազարև, Մակինցյան: Եթե Բրյուսով, ապա, իհարկե, նաև նրա ձեռագրերի մասին է խոսքը, մի շարք գրքեր ևս տեղ են գտել ցուցահանդեսում: Ցուցադրված է նաև «В такие дни» բանաստեղծությունը՝ համանուն ժողովածուից, որից էլ բխել է ցուցահանդեսի անվան ընտրությունը: Նոր գաղափարներն ու բարքերը, հին ռեժիմի անկումը նման էին «կրակի վերելքի», և  Սարյանն ու Բրյուսովն էլ, լինելով իրենց ստեղծագործական ոլորտում առանձնահատուկ կերպարներ, հենց այդպիսի «կրակի վերելք» էին խորհրդանշում»,- նշում է համադրող Մարիա Օրլովան:

Saryan Bryusov 8

Վալերի Բրյուսովը ողջ կյանքում շարունակել է հայ մշակույթը պահել ուշադրության կենտրոնում՝ բացահայտելով նոր շերտեր և դրսևորումներ: Թե՛ Սարյանը, թե՛ Բրյուսովը ակտիվ գրական, գեղարվեստական, հասարակական գործունեություն են ծավալես՝ դառնալով հայ և ռուս մշակույթների տարածման առաջամարտիկները:  Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզան Սարյանը կարևորեց այն սիմվոլները, որոնք կապել են երկու հանճարներին՝ դառնալով երկու տարբեր մշակույթների տարածման առաջամարտիկները:

Saryan Bryusov 9

«Այո, պետք է ընդունել, որ բարդագույն ժամանակաշրջանում, ինչպես Ցեղասպանությունն էր, վերականգնվելու միակ ճանապարհն էր պահպանել հույսը, սերը, հավատը: Ահա Սարյանի այդ մեծ սերը վերականգնելու նշան դարձավ: Այն մանրանկարը, որը զարդարում է անթոլոգիայի շապիկը, պահպանվել է Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում և կոչվել է Մուղնիյան Ավետարան: Հետաքրքիր է, որ հենց այդ եկեղեցում էլ Սարյանը մշտապես հանդիպել է Լուսիկ Սարյանին (նախկին Աղայան) և աղոթել հայ ժողովրդի համար: Պատահական չէ, որ այդ կերպ Սարյանն այդ մեծ սերը տեղափոխում է այդչափ կարևոր աշխատանք»,- ասաց Ռ. Սարյանը:

Saryan Bryusov 10

Ցուցահանդեսն ավարտվում է Չարենցյան ոգով՝ ցուցանմուշներ են ներկայացված Եղիշե Չարենցի տուն-թանգարանից: Շատերն են տեղյակ, որ Չարենցը մեծ հիացմունք  է ունեցել Վալերի Բրյուսովի նկատմամբ: Մոսկվայում սովորելու տարիներին Չարենցը սովորել  է Բրյուսովի ղեկավարած Բարձրագույն գրական- գեղարվեստական  ինստիտուտում և 1934 թվականին Բրյուսովին ձոնել «Վալերի Բրյուսովին» բանաստեղծությունը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 742

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: