Հայաստանի Ազգային պատկերասրահում վերաբացվեցին Այվազովսկու ցուցասրահները

Բացառիկ արվեստագետներից, որ փառքի դափնիները վայելել է դեռևս իր կենդանության օրոք ու մինչ օրս։ Նրա կտավները համաշխարհային աճուրդների թոփ-լոտերի շարքում են ու վաճառվում են նախապես գնահատված արժեքից մի քանի անգամ թանկ։ Նկարիչ, որի ավանդն անգնահատելի է թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ համաշխարհային կերպարվեստում։

Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի... Այսօրվանից Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Ayvazovsky 2

Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի Ազգային պատկերասրահի՝ գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործությունների հավաքածուն, որը ձևավորվել է 1924-1985 թթ. ընթացքում։ Այս ցուցադրությունն ուրվագծում է Այվազովսկու ստեղծագործական բազմաբեղուն ուղին։

Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Ayvazovsky 3

Ցուցադրության բացմանն Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ երկու տարուց ավելի փակ են եղել Այվազովսկու ցուցասրահները, և այս օրվան երկար են սպասել։

«Բացառիկ ցուցադրություն է։ Վերջապես Այվազովսկին վերադառնում է Ազգային պատկերասրահի ցուցասրահներ»,- ասաց նա։

Մ. Հակոբյանի ներկայացմամբ՝ մեծ ծովանկարիչը ստեղծագործել է ռոմանտիզմի շատ կարևոր դարաշրջանում, երբ առանցքում էր հույսը, լույսը, փարոսը, այն ընկալումը, որ միշտ ամեն ինչում կա փրկություն, ամեն ինչ հաղթահարելի է. «Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ լավատեսական մոտեցումը, հավատը, որ, իրոք, թունելի վերջում միշտ լույս կա, պետք է մեզ ուղղորդի ամեն ինչում։ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ է»։

Ayvazovsky 4

«Ծովն իմ կայնքն է»։ Այդպես էր սահմանում իր ստեղծագործական հավատամքը մեծ արվեստագետը և մինչև մահ հավատարիմ մնալով կերպարվեստի այդ ժանրին՝ ընդլայնեց դրա սահմանները՝ հարստացնելով նոր թեմաներով ու սյուժեներով։ Հայաստանի Ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, համադրող Հայկուհի Սահակյանի խոսքով՝ դրան նպաստել է այն, որ նա շատ էր սիրում ճանապարհորդել. «Այվազովսկին մոլի ճանապարհորդ էր, դրա շնորհիվ ընդլայնել էր իր ծովային աշխարհագրությունը, հարստացրել իր արվեստը նաև նոր գեղարվեստական ավանդույթներով, ստեղծել եվրոպական, ամերիկյան, ռուսաստանյան, կովկասյան բազում տեսարաններ»։

«Ապշեցնում են Այվազովսկու արևածագ ու մայրամուտ պատկերող տեսարաններն իրենց ռեալիստականությամբ։ Առանձին սրահում ներկայացված են նրա փոթորկոտ ծովային տեսարանները, որտեղ նրա վրձինը գործում էր մեծագույն վիրտուոզությամբ։

Ayvazovsky 5

Ցուցադրությունն ամփոփում է Այվազովսկու ծովային նոկտյուրները։ Ապշեցնում են նրա վրձնած լիալուսնի արտացոլումները ծովի մակերևույթին»,- արվեստաբանական փոքրիկ վերլուծություն ներկայացրեց Հ.Սահակյանը։

Նա նաև նշեց, որ Այվազովսկին մեծ հայորդի էր, հայրենասեր, վառ վկայությունն այն է, որ նախնական կրթություն էր ստացել Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու ծխական դպրոցում, հրաշալի տիրապետում էր հայերենին։ Մինչև իր կյանքի վերջ ջերմ կապերով կապված է եղել թե՛ հայ մշակութային գործիչների, թե՛ հայ եկեղեցու հայրերի հետ, մշտապես նամակագրական կապի մեջ է եղել նրանց հետ։ Մեծ արվեստագետի վրձինը ծառայել է ոչ միայն արվեստին, նաև բարեգործությանը. նրա նախաձեռությամբ իրականացվել են բազում բարեգործական ծրագրեր նաև ի նպաստ հայության։

Ayvazovsky 6

Հովհաննես Այվազովսկին ծնվել է հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»:

Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Մարմարե շիրմաքարի վրա գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ակնկալում է, որ Այվազովսկու ցուցասրահները մշտապես լի են լինելու այցելուներով՝ հյուրընկալելով ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հենց տեղացիների։

«Վերջին շրջանում տարբեր մեկնաբանություններ էին հնչում մեր մեծ ծովանկարչի պատկանելիության, նրա գործերի վերաբերյալ, և Ազգային պատկերասրահում մշտական գործող ցուցադրության առկայությունը գալիս է ևս մեկ անգամ նշանավորելու այն մեծ ժառանգությունը, դերը, նշանակությունը, որ Այվազովսկին ունեցել ու շարունակում է ունենալ»,- ցուցահանդեսի բացմանն ասաց նախարարը։

Ayvazovsky 7

Ժ. Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահը մեր երկրի մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության համար պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է: Նախորդ տարիներին շուրջ 700 միլիոն դրամ է հատկացվել պատկերասրահում նորոգման աշխատանքներին՝ անհրաժեշտ օդափոխության, սառեցման համարգերի, վերելակների փոխարինման համար։

«Աշխատանքները դեռ ավարտված չեն, անելիք ունենք։ Պատկերասրահը կդառնա արդիական միջավայր, որտեղ մշակութային կյանքին հաղորդակցվելը, ամենատարբեր ծրագրերին, միջոցառումներին առնչվելը քաղաքացիներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու այն կարևորագույն մշակութային արժեքներին, որ ունի պատկերասրահը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 707

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: