Քանդակի բացում և հարգանքի տուրք՝ նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հիշատակին

Հունիսի 16-ին լրացավ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի (1923-2009 թթ.) 100-ամյակը: Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թվականին Երևանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի մանկավարժական ինստիտուտում, արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ Չուբարյանի գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և տարբեր մասնավոր հավաքածուներում։ Հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի։ Արվեստագետի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ

Chubaryan 100 2

Մեծամասշտաբ միջոցառումների շրջանակում նախ Երևանի քաղաքային պանթեոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցեցին Ղուկաս Չուբարյանի հիշատակի խնկարկման արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով արվեստագետի շիրիմին, միացել էին նաև Չուբարյանի ընտանիքի անդամներն ու ընկերները, մի շարք մտավորականներ:

«Մեր քաղաքային միջավայրն անպատկերացնելի է առանց նրա քանդակների: Դրանք մեր քաղաքի մի մասն են: Հոբելյանական տարիները ևս մեկ առիթ են՝ վերաիմաստավորելու և վերարժևորելու մեր արվեստագետների թողած հսկայական ժառանգությունը: Միջոցառումների շարքը, որը նախատեսված է անցկացնել Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ևս մեկ անգամ հնարավորություն կտա ներկայացնելու, պատմելու Չուբարյանի քանդակների մասին, ինչպես նաև դրանք դարձնելու ճանաչելի և տեսանելի մեր դպրոցականների համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Chubaryan 100 3

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշեց, որ ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ արվեստագետներ Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի հոբելյանները պատշաճ կազմակերպելու և նշելու համար, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:

«Չնայած կյանքի դժվարություններին՝ նրանք ստեղծել, արարել են, հարստացրել են քաղաքը, երկիրը, մշակութային միջավայրը, ինչու չէ՝ մեր էմոցիոնալ և հոգևոր աշխարհը: Այն արձանները, որոնք դրված են քաղաքում՝ Մաշտոցի, Թումանյանի արձանները, մեր կենսագրության, քաղաքի, մեր հիշողության մեջ արմատավորված են: Դրանք արժեքներ են, առանց որոնց մենք չենք պատկերացնում մեր քաղաքը և մշակույթը»,- հավելեց փոխնախարարը:

Այնուհետև Երևանի Մանկական այգում հանդիսավորությամբ բացվեց Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը: Քանդակը նվիրված է Չուբարյանի անհայտ կորած եղբոր հիշատակին, որը նահատակվել էր 1942 թվականին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, որի աճյունը գտնվել է 2007 թվականին: Հոր մասին հուշեր պատմեց արվեստագետի դուստրը՝ Անուշ Չուբարյանը: Ասում է՝ հոր ամենասիրելի օրը Հայաստանի անկախության օրն էր։

«Ասում էր՝ չի հավատում, որ այդ օրը տեսել է: Հայրս կարծում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը մեծ պատիվ է, և մեզ նույնպես այդկերպ է դաստիարակել: Իսկ ինչ վերաբերվում է քանդակին՝ այն ամենևին էլ ցավի մասին չէ. այն սիրո, մարդասիրության մասին է, որը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը: Հայրս կենսուրախ և լավատես մարդ էր՝ չնայած կյանքի բարդ պայմաններին»,- պատմում է քանդակագործի դուստրը:

Chubaryan 100 4

Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում էլ տեղի ունեցավ «Մեծանուն հայեր. Ղուկաս Չուբարյանի 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումը իրականացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահա­մյանը, ՀԽՍՀ ժողովրդա­կան նկարիչ, քանդակագ­ործ Ղուկաս Չուբարյանի որդի Գրիգոր Չուբար­յանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկ­տոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ֆիլատ­ելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

2023 թվականի հունիսի 16-ին շրջանառության մեջ դրված 320 ՀՀ դր­ամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկ­երված է Ղուկաս Չուբա­րյանը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը ստեղծելիս: Նամականիշի վրա նաև պատկերված է 100 թիվը, որը խորհրդանշում է Ղուկաս Չուբարյանի հա­րյուրամյա հոբելյանը, ինչպես նաև՝ «Ղուկաս Չուբարյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարման ար­արողությանը հաջորդեց «Հովեր» երգչախմբի համերգը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 566

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: