Երևանում կայացավ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Հունիսի 9-ից 13-ը Երևանում կայացավ խորհրդային և ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու «Մոլոք», «Միայնակ մարդու ձայնը» ֆիլմերի վերականգնված օրինակները, «Ֆաուստ» ֆիլմը, որը տեղ է գտել դասականների շարքում։ Իսկ «Ցուլ» ֆիլմը ներկայացվեց նոր ռեժիսորական տարբերակով՝ զգալիորեն վերանայված գունային շտկումով, ձայնային շեշտադրումներով և երկու նոր դրվագներով, որոնք պահպանվել են Սոկուրովի անձնական արխիվում և երբեք չեն ցուցադրվել էկրանին։ Հեղինակը ներկայացրեց «Մոլոք» (1999 թ.) ֆիլմը, ինչպես նաև տեղի ունեցավ «Հեքիաթ» (2022 թ.) ֆիլմի պրեմիերան։ Սոկուրովն առաջին անգամ չէ Հայաստանում։ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի» մրցանակակիրը տարիներ առաջ նվաճել է «Ոսկե  ծիրանի» գլխավոր  մրցանակը իր «Արև» (2005 թ.) ֆիլմով։ Հոգևոր ներաշխարհն ուսումնասիրող ռեժիսորը արժանացել է նաև  Հայ առաքելական  եկեղեցու  «Եղիցի լույս» մրցանակի։

Ալեքսանդր Սոկուրովը մշտապես իր հանդիսատեսի առջև դժվար խնդիրներ է դնում․ այն է՝ հրաժարվել մտածելակերպի սովորական օրինաչափություններից, նորմերի ու արժեքների սովորական համակարգից՝ հասկանալու համար ամենակարևորը՝ պարզն ու իրականը։ Իսկ այդ ընտրության մեջ, ինչպես ինքն է նշում, ռեժիսորը բռնապետ չէ, ընտրությունն էլ հանդիսատեսինն է։

«Կյանքն ընդհանրապես հիանալի է և հիանալի ավելի քան ցանկացած արվեստ։ Այն, ինչ մենք ստեղծում ենք կինոյում, շատ անկատար է, և՛ իմ ֆիլմերը, և՛ իմ հայրենակիցների, և՛ այլ ռեժիսորների․ դա բարդ աշխատանք է և հաճախ մենք դա շփոթում ենք այլ երևույթների հետ։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է։ Կինոյում չպետք է լինեն ազգայնականության տարրեր, բռնության դրսևորումներ, պրոպագանդա։ Առաջին հերթին ֆիլմը պետք է մարդուն օգնի ապրել, եթե հարմար է՝ վերապրել, օգնել երիտասարդներին հասկանալու՝ ինչպես ընկալել կյանքը, վիրավորանքը, ցավը, անհարմարհությունը։ Ֆիլմը պարտավոր է օգնել ընկալել հոգևոր ընկալումներն ու ցավը։ Այն նման է գրականությանը, որը շատ հարցերի է պատասխանում»,- ասում է Ալեքսանդր Սոկուրովը։

Դեռ երիտասարդ տարիներին Սոկուրովի «Միայնակ մարդու ձայնը» ֆիլմը բարձր գնահատանքի էր արժանացել Անդրեյ Տարկովսկու կողմից, սակայն ռեժիսորի նկարահանած առաջին ֆիլմերը Խորհրդային Միությունում արգելվեցին ցուցադրվել։ Արդեն 1980-ականների վերջին դրանք հայտնվեցին էկրաններին և մեծ հաջողությամբ ներկայացնում էին խորհրդային կինոն միջազգային կինոփառատոններում։ 1995 թվականին Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ Ալեքսանդր Սոկուրովի անունը ներառվել է համաշխարհային կինոյի լավագույն 100 ռեժիսորների մեջ։ Սոկուրովը ստեղծեց կինոյի նոր ոճ՝ ֆիլմեր, որոնք կոչ են անում մարդկանց գալ ապաշխարության, ներքին փոփոխության և վերածննդի։ Պահպանելով ֆիլմերի տիեզերական բնույթն ու այլությունը՝ դրանք առաջին հերթին նկարահանված են բոլորի համար։

Aleqsandr Sokurov 2

«Իմ ֆիլմերն արգելված են եղել Խորհրդային Միությունում, անգամ եղել է հետաքննություն իմ քաղաքական կողմնորոշման համար, սակայն պետք է սպասել, աշխատել և աշխատել։ Այժմ ևս կան Ռուսաստանում արգելցած և չցուցադրվող ֆիլմեր, դա, իհարկե, վերաբերվում է փաստավավերագրական ֆիլմերին և պայմանավորված է քաղաքական անթույլատրելիությամբ։ Սակայն պետք է քաջություն ունենալ և աշխատել։ Ենթադրել, որ հնարավոր է ստեղծել ֆիլմ, որը դուր կգա բոլորին, ուղղակի անհնար է։ Իմ ֆիլմերը բոլորի համար են, մենք ընդհանրապես իրավունք չունենք ասել, որ մշակույթն ընդհանրապես պետք է տարանջատել հասարակությունից, ժողովրդից։ Մենք պետք է հատկապես աջակցենք երիտասարդներին, մենք նրանց համար ենք ստեղծագործում։
Իսկ ի՞նչը չի հերիքում երիտասարդ ռեժիսորներին, իհարկե՝ ազատությունը, լուսավորությունը․ դա արդեն նրանց մեղքն է, նրանց չի հերիքում պրոֆեսիոնալ կրթությունը»,- հավելում է Ալեքսանդր Սոկուրովը։

Սոկուրովի ֆիլմերում հոգևոր թեմաները համակարգային հետազոտության հնարավորություն են ընձեռում, դրանք արտահայտվում են ոչ միայն բովանդակության մեջ, այլ նաև վերնագրերում՝ «Փրկիր և պահպանիր» (1989 թ.),  «Մոլոք» (1999 թ.),  «Ցուլ» (2000 թ.)։ Ահա , օրինակ, «Մոլոք» և «Ցուլ» անունները կապված են հին Քանանի հետ, երբ Պաղեստինի տարածքում քանանացի ժողովուրդները, ռազմական վտանգի պայմաններում խարույկի վրա այրում էին փոքր երեխաներին, և նման զոհաբերությունը կոչվում էր «Մոլխ» (եբրայերենից հունարեն սխալ է թարգմանվել որպես «Մոլոք»՝ Աստված), և հին հրեաներն էլ երկրպագում էին Եհովային՝ զոհաբերելով նրան հորթեր։ Այս երկու անունները կարծեք թե խորհրդանիշներ են, որոնցով Սոկուրովը սահմանում է 20-րդ դարը՝ Ադոլֆ Հիտլերի, Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի ժամանակները։ Դրանք ներկայացվում են որպես մութ ժամանակներ, որտեղ թաքնված էր ճշմարտությունն ու լույսը։

«Մոլոքն, ըստ էության, մարդու կողմից չհաղթահարված ուժ է, այն ներխուժում է մեր կյանք և տրորում  մարդկային ճակատագրերը այն ժամանակ, երբ մենք դա թույլ ենք տալիս: Օրինակ՝ ընտրում ենք Հիտլերին, և վերջ, մենք նրան ընտրեցինք, և մոլոքն արդեն կգա, որովհետև սև ուժերը երբեք ինքնակամ չեն հեռանա, եթե մենք նրանց չոչնչացնենք: Ինչպես հիվանդությունը, եթե չես պայքարում նրա դեմ, նա հաղթում է մարդուն, իսկ եթե հավատում ես աստվածային ուժին, ուրեմն օգնություն կստանաս: Այդ հավատն աշխատանք է, ամեն ինչ կապվում է աշխատանքի, տքնանքի հետ, ադպիսին է մարդու կյանքը»,- նշում է Ալեքսանդր Սոկուրովը։

Կինոգետներն ու արվեստաբանները հատկապես կարևորում են Սոկուրովի ռեժիսորական ազնվությունն ու ճշմարտացիությունը։ Միաժամանակ ռեժիսորի ստեղծագործական լեզուն անհավանական բարդ է, գուցե ռեժիսորը հանդիսատեսի հետ հասանելի լեզվով չի խոսում, բայց նաև նրա ֆիլմերում չկան անցողիկ թեմաներ, և հենց դրանով է արտահայտվում նրա ազնվությունը արվեստի հանդեպ։ Այդտեղ պարզ ու բարդ կերպարներին հետապնդում է հոգևոր սինկրետիզմը՝ ֆիլմեր կյանքի և մահվան մասին, որտեղ դերասանները չեն խաղում, այլ ապրում են։ Իսկ այդ «ապրելը» միայն էսթետիկ ու գեղեցիկ չէ, այլ բնական, ինչն էլ ստեղծագործությունը յուրօրինակ է դարձնում։ Այդ կերպ է միայն այն դիպչում մեզնից յուրաքանչյուրի ներաշխարհին։ Հոգևոր սկզբով են պատված ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերը։ Այդտեղ կարելի է տեսնել հոգևոր նոր իրականություններ՝ ուղղափառ եկեղեցու և, իհարկե, հոգևոր ներքին խաղաղության տեսքով։

Ալմաստ Մուրադյան

Կինոքննադատ Աղասի Ազարյանը հանդիսատեսին ներկայացրեց ռեժիսորի ֆիլմերը։ Վերջինս ռեժիսորի ոճին սկսել է ծանոթանալ «Ցուլ» ֆիլմից, որն ըստ նրա՝ համոզելու էր նման և աչքի էր ընկնում մանիպուլյացիաներով։

«Եթե Սակուրովի գեղագիտության ու վիզուալ ոճը տարբերենք մյուսներից, ապա պետք է խոսել ռեժիսորի կոնցեպտուալ լուծումների մասին՝ պայմանականությունը, ֆոկուսի տեղաշարժը, ֆորմատների հետ խաղը, աղավաղված պատկերը, կադրի խտությունտ և դեկադենսությունը, մահվան սակրալացումը և այլն դրանք առանձնահատուկ են դարձնում։ Այս ամենը նրա գեղագիտական մասերն են։ Պետք է խոսել նաև անհավանական ձայնային տեսարանի մասին։ Եվ, իհարկե, երազանքների դինամիկան. ոչ ոք աշխարհում չի պատկերացնում կինոյի երազային բնույթն այնքան ճշգրիտ, որքան Ալեքսանդր Սոկուրովը»,- Աղասի Ազարյան։

Երևանյան ցուցադրությունների ընթացքում ներկայացվեցին նաև Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում Սոկուրովի ուսանողների հեղինակած 12 ֆիլմերը։ Հյուրերի կազմում էր ռեժիսորի ուսանողներից Անդրեյ Կրեչետովը։

 Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 767

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: