«Հետ նայելով գալիքին»․ հուլիսի 9-16-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-6-ը և հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր  Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոններից:

Այս տարի ևս Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։

Փառատոնին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը անդրադարձավ «Ոսկե ծիրան»-ի ստեղծման պատմությանը, թե ինչպես քսան տարի առաջ այն հիմնադրվեց ու կայանում է մինչև այսօր։

«Քսան տարի առաջ մեր կողքին ոչ ոք չկար: Հետո հայտնվել են աջակիցներն ու նախաձեռնողները: Անցել է քսան տարի, և մենք ունենք լավ կինո՝ երիտասարդների լուրջ մասնակցությամբ, ունենք լուրջ փառատոն ու մշակույթ»,- ասաց նա։

Փառատոնի բացումը կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

Voske ciran 2023 2

Փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ շեշտեց՝ սովորաբար ամեն տարի հանդես չեն գալիս որևէ կարգախոսով, բայց հոբելյանական տարում բացառություն են արել և ներկայանում են «Հետ նայելով գալիքին» կարգախոսով․ «Մի քիչ աբստրակտ ու բանաստեղծական կարգախոս է: Առհասարակ հոբելյանների ժամանակ հետ հայացք են նետում և ամփոփում են, իսկ մենք ուզում ենք շեշտադրել գալիքը, ապագան»,-ասաց նա:

Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշեց, որ «Ոսկե ծիրան»-ը հայ կինոյի 100-ամյակի շրջանակում անցկացվող  հանգուցային միջոցառումներից է․ «Նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ կազմակերպել են փառատոն, հասկանում են, թե ինչ ջանք, համբերություն և ներդրում է պահանջում փառատոնի իրականացումը: Փառատոնն այնպիսի մշակութային ֆենոմեն է, որ իր գինը որոշում է տարիքով, ձևավորած ավանդույթներով: Այս առումով «Ոսկե ծիրան»-ը մեր մշակութային համայնապատկերում շատ թանկ փառատոն է»,- ասաց փոխնախարարը։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։

Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։

Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Կինոփառատոնի Gaiff Pro կրթական և արտադրական հարթակը, որը ինչպես միշտ կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլև կարճամետրաժ կինոյին։

Փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապատերանը փառատոնի գլխավոր հովանավորն է։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 556

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: