Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ. Ցուցադրություն Երևանում

«Նիկողայոս Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի առաջին նախագծի շնորհիվ առաջին անգամ մայրաքաղաքում ցուցադրվեցին 20-րդ դար հայ ամենահայտնի նկարչուհիների գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրված 33 աշխատանքից 23-ը գրաֆիկական գործեր են, 7ը` գեղանկար: Աշխատանքներն առաջ անգամ են ցուցադրվում Երևանում, դրանք գրեթե չեն ցուցադրվել նաև Գյումրիում, որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ամենամեծ հավաքածուն: Ասլամազյանները դեռ 80-ականներին վերջին իրենց ծննդավայր Գյումրիին են նվիրել 600-ից ավելի աշխատանքներ:
«Այստեղ ցուցադրված աշխատանքների մեծ մասը գտնվում է պահոցներում, որովհետև հիմնական ցուցադրության մեջ չեն մտել»,- տեղեկացրեց Գյումրիում Մարիամ և Երանուհի Ասլամազյանների թանգարանի տնօրեն Միքայել Վարդպարոնյանը:
Մի քանի տասնյակ ճեպանկարները և ուրվանկարները բերվել են ճամփորդություններից: Նկարչուհի քույրերը եղել են աշխարհի շուրջ 60 երկրում: Ասլամազյանների արվեստում ամենուր վեր է բարձրացվում կնոջ կերպարը: Տարբեր ազգության, տարիքի և դիրքի կանայք են նաև նրանց գրաֆիկական արվեստի հերոսները: Սակայնի միայն ֆեմինիստականը չէ քույրերի արվեստի առնանձահատկությունը: Երանուհին նուրբ և հավասարակշիռ երանգներով, Մարիամը բուռն գունապնակով համարվում են խորհրդային արվեստի ականավոր, վառ արվեստագետներ:
Ասլամազյանների գրաֆիկան Երևանում ցուցադրվել է «Նիկողայոս Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի շնորհիվ: Իր սերնդի նշանավոր հայ քանդակագործ, մոսկվաբնակ Նիկողայոս Նիկողոսյանը մշակությաին հիմնադրամ և պատկերասրահներ էր ստեղծել Մոսկվայում և Երևանում: Նրանց բարեկամական և ստեղծագործական կապեր էին միավորում:
«Տևական ժամանակ մի արվեստանոցում են աշխատել Մոսկվայում, Մեծ Սպասսկայա փողոցում: Նիկոլայ Նիկողոսյանը առաջին հարկում, Մարիամն ու Երանուհին` երկրորդում: Ամբողջ կյանքում միասին էլ ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսների ժամանակ», - պատմեց քանդակագործի դուստրը` Մոսկվայի «Նիկո» պատկերասրահի տնօրեն Գայանե Նիկողոսյանը:
Երևանյան նոր ցուցասրահում, որը Նիկողայոս Նիկողոսյանի անունը կրող արվեստային հարթակ է, պարբերաբար այն անվանի արվեստագետներն են ներկայացվելու, որոնք Երևանում թանգարան չունեն կամ հազվադեպ են ցուցադրվում: Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ցուցադրությունը «20-րդ դար, Նիկոլայ Նիկողոսյանը և իր ժամանակակիցները» նոր նախագծի անդրանիկ միջոցառումն է: Այն կտևի մեկ ամիս: Նախագիծը զուգադրվելու է արվեստին վերաբերող ոչ ֆորմալ կրթական ծրագրերով, որին մասնակցելու են քաղաքային և մարզային արվեստի դպրոցները: Նոր ցուցասրահում մշտապես ցուցադրվելու են քանդակները, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները: «Նիկողայոս Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում արվեստաբանական դպրոցի կայացմանը:
Հերմինե Հակոբյան
- Created on .
- Hits: 2361