Ֆիլհարմոնիկում տարին բեթհովենյան է լինելու
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականի նվագաշրջանը բացեց Բեթհովենի երաժշտությաբ: Այս տարի ամբողջ աշխարհը տոնում է դասական երաժշտության հիմնասյուններից մեկի՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի 250 -ամյակը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որի շրջանակում նախատեսված են ոչ միայն համերգներ, այլև գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և այլ միջոցառումներ:
Լեցուն դահլիճն ու ծափահարությունները ազդարարեցին 2020 թվականի դասական երաժշտության շքերթը: Հանդիսատեսի շարքերում անսովոր էր տեսնել Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանին: Նա նշեց, որ դժվար է մեկ տարում կատարել կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները, բայց կներկայացվեն Բեթհովենի գրեթե բոլոր սիմֆոնիաները, զուգահեռ կկատարվեն նաեւ այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնցից ոգեշնչվել է Բեթհովենը:
Ֆիլհարմոնիկի նվագաշրջանի մեկնարկը զուգորդվեց նաև հայաստանյան պրեմիերայով, Երեւանում առաջին անգամ հնչեց դանիացի կոմպոզիտոր Կարլ Նիլսոնի «Դիմակահանդես» օպերայի նախերգանքը: Դիրիժորական վահանակի մոտ Գրրեմիի դափնեկիր, Բեթհովնի երաժշտության գիտակ Ջոն Նելսոնն էր: Նելսոնը 11 տարի առաջ էր եղել Հայաստանում, ասում է՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ է զարգացել, բարձր մակարդակի վրա է գտնվում: Նա նշեց նաեւ, որ հպարտանում է՝ տեսնելով, թե ինչպես են երաժիշտները այստեղ կարողանում ճիշտ ու յուրօրինակ ներկայացնել Բեթհովենի բարդ ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն էր դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, չդադարող ծափահարությունները ստիպում էին երաժշտին ետ դառնալ բեմ ու կատարել նոր ստեղծագործություններ:
Գոհար Աբրոյան
Լուսանկարները՝ ՀԱՖՆ պաշտոնական էջից
- Created on .
- Hits: 2449