«Դալի և Պիկասո». «Դալիի աշխարհ»-ից ու «Christie's»-ից՝ Երևան


«Դալին և Պիկասոն այն արվեստագետներն են, որոնք ուշադրություն հրավիրելու խնդիր չունեն, նրանց գործերը ինքնին ուշադրություն են»։ Այս կարծիքը հնչեց Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այստեղ բացվեց աշխարհի ամենահայտնի երկու իսպանացիների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը: Այն ներկայացվում է «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և «Ազգերի արվեստ» հիմնադրամի հետ համատեղ։ Ցուցադրվող ավելի քան 260 ստեղծագործությունները մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են:


«Դալին ինձ համար Դոն Քիշոտն է, իսկ Պիկասոն՝ Սանչո Պանսան», - ասում է կոլեկցիոներ, «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինը։

 Շադրինը Եկատերինբուրգից է, նախկինում դպրոցում ուսուցիչ է եղել, սակայն ԽՍՀՄ փլուզումից  հետո սկսել է հավաքել արվեստի գործեր։ Այժմ նրա հավաքածուն ներառում է գլխավորապես Սալվադոր Դալիի, ավելի քիչ՝ Պաբլո Պիկասոյի մի քանի հարյուր աշխատանքներ։


Դալիի գործերն առաջին անգամ չէ, որ ցուցադրվում են Ազգային պատկերասրահում: Ալժիրի հավաքածուից գրաֆիկական աշխատանքները Ազգային պատկերասրահում 2011թ․ եղել են։
Շադրինի՝ 15 տարվա ընթացքում համալրված հավաքածուն մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ։ Այն Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է:


Արվեստագետները կենդանության օրոք համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:


Սալվադոր Դալիի գրաֆիկական աշխատանքներում արտացոլված են «դալիական» աշխարհը, վարպետի ողջ ստեղծագործական կյանքում մշտառկա թեմաներն ու խորհրդաբանական պատկերները՝ հոսուն ժամացույց, ալեգորիկ մրգեր, կենդանիների ոճավորված ֆիգուրներ, դարակներից կազմված կնոջ իրան և այլն: Դալիի սյուրռեալիստական աշխարհընկալումը ներկա է նաև գրքային նկարազարդումներում:


«Դալի և Պիկասո» ցուցահանդեսում ներկայացված են նկարչի գրաֆիկական լավագույն շարքերը՝ «Մարդկային արատներ», «Սյուրռեալիզմի 50 տարին», «Մարդկային ջունգլիներ», «Աստվածային կատակերգություն», «Մաո Ցզեդուն», Ապոլիների «Գաղտնի բանաստեղծություններ», Ռոնսարի «Ամուր և Կասսանդրա» և այլն։


«Դալի և Պիկասո» ցուցահանդեսում Պիկասոն, խեցեգործական աշխատանքներից զատ, ներկայացված է նաև «Երևակայական դիմանկարներ» վիմագրանկարների շարքով (1969): Ստվարաթղթի վրա խառը տեխնիկայով արված գրաֆիկական թերթերում նկարիչը փորձել է վառ գույներով հագեցած գծերով մեկ հարթության վրա պատկերել իր գիտակցության մեջ և մտապատկերներում փոխակերպվող տարբեր անձանց դիմագծերը:

Ցուցահանդեսում ներկայացված է Պաբլո Պիկասոյի՝ բազմաթեմատիկ, գունաբծային յուրօրինակ լուծումներով, հյութեղ վրձնահարվածներով նկարազարդված 35 խեցեգործական աշխատանք:

Ցուցահանդեսից առաջ շատ եղան տարբեր խոսակցություններ՝ բնօրինակ լինել-չլինելու մասին։ «Խառնաշփոթ էր՝ «դալիական ոճով»», - նկատեց ներկաներից մեկը։


Այս առիթով հավաքորդը հավաստիացնում է․

«Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք եմ բերել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները գնել եմ հայտնի հավաքորդ, Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին։ 40 գործ եմ գնել, սա, կարելի է ասել, շատ խոշոր գործարք էր։ Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները գնվել են 2012-ին, «Christie's» աճուրդային տնից, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռանյե ընտանիքը։ Հենց նրանց առանձնատանն է 72-ամյա Պիկասոն ստեղծել իր այս խեցեղեն գործերի շարքը», - հավելում է Շադրինը։

Ալեքսանդր Շադրինը այս ցուցադրության շրջանակներում հանդես կգա նաև դասախոսությամբ: Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը: Կախված արձագանքներից և արդյունքից՝ ժամկետը կարող է երկարաձգվել։



Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 2288

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: