«Գրագետ կազմակերպված հասարակության մեջ, ինչպիսին մերն է, ոչ մեկին առիթ չի ընձեռվում ազնիվ կամ հերոսական արարքով հանդես գալ: Նման առիթի համար նախևառաջ անկայուն պայմաններ են անհրաժեշտ... Բայց մեր օրերում պատերազմներ չկան: Լավագույնս հոգ է տարվում կանխարգելել որևէ մեկի նկատմամբ չափազանց մեծ սերը». հատված գրքից:

 Գրքի երևանյան փառատոնի շրջանակում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» գրքի շնորհանդեսը: Վեպի իրադարձությունները կատարվում են հեռավոր 2541 թվականին: Մարդիկ չեն ծնվում բնական ճանապարհով, ծնվում են որպես միլիոնավոր նույնական երկվորյակներ` խստորեն բաժանված Ալֆա, Բետա, Գամմա և ավելի ցածրակարգ խավերի, բայց երջանիկ իրենց աշխատանքի մեջ:

 «Հպարտ ենք, որ հրապարակել ենք այս գիրքը, որովհետև այն հրամայականը, որ պիտի դնենք այսօրվա մարդկության, սպառողական հասարակության վրա և այսօրվա աշխարհի վրա, կարծում եմ` առօրեական են: Հենց առաջին նախադասությունից զգացի, որ թարգմանությունը լավ է գնալու»,- ասաց «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը:

 Արթուր Մեսրոպյանը խորհուրդ է տալիս կարդալ այս գիրքը, քանի որ այն թույլ է տալիս սիրել այսօրը, ներկան, շատ խնդիրների ուշադրություն չդարձնել: «Գրքում անցումային շրջանն է, երբ մարդիկ գնում են դեպի մի հասարակություն, որտեղ ամեն օր քարոզվում է՝ պետք է սիրել քո արած գործը, ամեն ինչ գեղեցիկ պետք է անել՝ առաջացնելով երջանկության զգացողություն ներկա պահի համար: Այս գիրքը, որ գրվել է 100 տարի առաջ, մեր այսօրվա իրականության հետ ներքին թելերով է կապված»:

 «Չքնաղ նոր աշխարհ» գրքում ամեն ոք պատկանում է ուրիշին: Բոլորը դաստիարակված են այնպես, որ ծնված օրից չեն կարող նախատեսվածից այլ վարքագիծ դրսևորել, իսկ եթե շեղում է նկատվում, խմում են հաբը`սոման, և ամեն ինչ իր տեղում է. չկա զայրույթ, բոլորը երջանիկ են: Սա այն ապագան է, որը պատկերացրել է Օլդոս Հաքսլին: Գլխավոր հերոսն այն մեկն էր, ով մարդուց էր ծնվել:

 Գրականագետ, բանաստեղծ Վահե Արսենն իր ուրախությունը հայտնեց այս հեղինակի գիրքը թարգմանելու և այն հայ ընթերցողին ներկայացնելու առթիվ: «Հաքսլիի վեպը երգիծական է: Այսինքն՝ որքան ծաղրական է, որ մարդիկ կորցրել են զգացմունքները, արվեստը նրանց կյանքում տեղ չունի, նունքան ծաղրական է և կրոնավորը, որ անընդհատ քննադատում է այլոց: Հաքսլին այստեղ երկու բևեռներն է քննադատում»: Գրականագետը կարծում է, որ հայերը դեռ չեն կորցրել իրենց զգացմուները, ունեն հիշողություն, բայց վախենում է, որ ժամանակի հետ դա էլ կկորի: Ծաղրական իրավիճակից դուրս գալու ելքը բանաստեղծը տեսնում է արվեստի մեջ, նրա խոսքով՝ արվեստը հավասարակշռությունն է։

 Հաքսլին ցույց է տալիս, թե ինչպես կարող է արտաքնապես ժողովրդավարական թվացող համակարգը վերածվել բռնապետության, քրիստոնեության բնօրրանը՝ դառնալ մարդու խոշտանգման համար ստեղծված վայր։ «Սա շատ սահուն կերպով է արվում, և դա ամենավտանգավորն է»:


Մերի Հովհաննիսյան