«ՎԵՐԵԼՔ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 Սիմպոզիումին մասնակցում է 30 արվեստագետ յոթ երկրից: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի սիմպոզիումի մասնակիցերը ներկայացնելու են իրենց երկրների քանդակագործության միտումները: «Այս տարի նաև գիտաժողովի ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչ տենդենցներ կան մասնակից երկներում, ինչպես է զարգանում արվեստը: Եթե նախորդ տարիներին սիմպոզիումը բացօթյա էր, այս անգամ մասնակիցները կստեղծեն հաստոցային քանդակներ: Հաճախ կարծում են, որ Գյումրիում արձաններ շատ կան, մենք էլ որոշել ենք քանդակներ տեղադրել ոչ թե դրսում, այլ շենքերի ներսում: Դրանց տեղը կորոշի համապատասխան հանձնաժողովը»,- նշեց սիմպոզիումի հեղինակ, «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը:

 Հաշվի առնելով սիմպոզիումի խորագիրը՝ «Վերելք», քանդակագործներն աշխատանքներն իրականացնելու են այս թեմայով, աշխատելու են կավով:

 Տաջիկստանից եկած մասնակից Խուրշեդ Խուսենովը «Վերելքը» ներկայացրել է հոր և որդու հավերժական շրջապտույտով: «Ամեն մի տղամարդ որդի է ու հայր, ու կյանքում կարծես այդ հավերժությունը շարունակվում է: Ես ցանկացա ներկայացնել հայր ու որդու կապը: Կավից ու փայտից է իմ ստեղծագործությունը»,- ներկայացնելով իր աշխատանքը՝ ասաց Խուրշեդը:

Սիմպոզիումի մյուս մասնակիցն էլ «Վերելքը» պատկերել էր մեծ շրջանի տեսքով, որտեղ մարդու կյանքն է: «Սկսվում է մարդու ծնունդից, երբ մարդ հասունանում է, գիտակից դառնում, ընտրում է երկու ճանապարհներից մեկը: Իմ քանդակում կյանքի լաբիրինթոսն է, մի ուղին տանում է փակուղի, մյուսը՝ հաջողության վերելքին»,- ասաց երիտասարդ քանդակագործ Կանիմետ Ուլու Սուլտուբայը:

 Քանդակագործության սիմպոզիումը անցկացվում է «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ԱՊՀ երկրների Մոսկովյան համագործակցության հումանիտար հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը: Այս տարի նախաձեռնությանը միացել է նաև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը:

 Սիմպոզիումը զուգորդվում է «Քաղաքաշինական գծի փոփոխությունները հետխորհրդային տարածքում և ժամանակահատվածում» խորագրով գիտաժողովով։


Անահիտ Հարությունյան

IMG 20171126 124334

IMG 20171126 125125

IMG 20171126 124500

IMG 20171126 125101
  • Created on .
  • Hits: 3102

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: