ԵՐՐՈՐԴ «ՀԱՐԹԱԿԸ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

    «Հարթակ»-ը փորձի փոխանակման փառատոն է, որն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում: Փառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները սովորելու, փորձելու, անձնական փորձը ներկայացնելու և ինքնաբացահայտման հնարավորություն  կունենան վարպետության դասերի, գործնական սեմինարների միջոցով: Փառատոնը մի հարթակ է, որը նպաստում է ստեղծագործական տարբեր միջավայրերում կապեր ստեղծելուն, դրանք ամրապնդելուն և շփման հնարավորություն ընձեռելուն:
    Երկօրյա  փառատոնն անցկացվեց մի քանի բաժիններով քաղաքի տարբեր հատվածներում: Փորձի փոխանակման երկօրյա ծրագիրը բաղկացած է չորս հիմնական բաժիններից՝ տեխնոլոգիա, արա ինքդ, արվեստ, հոգի և մարմին:
    Երրորդ «Հարթակ» փառատոնի գլխավոր թեմատիկ շեշտադրումը Գյումրու քաղաքային լանդշաֆտն է: Գյումրիում կարելի է գտնել ժամանակագրական տարբեր  շրջանների շինություններ,   նոր  ու ավեր  կառույցներ, որոնք  հարուստ նյութ են ստեղծագործողների համար: Ճարտարապետական այս  առանձնահատկությունները  քննարկվել են Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնում, որին զուգահեռ «Լոֆտ Գյումրիում» բազմաբնույթ վարպետության դասեր են անցկացվել, իսկ Ռիժկովի ճեմափողոցում ինքնատիպ ձեռագործ աշխատանքների, արծաթագործության, համեղ արևելյան աղանդերի ցուցահանդես-վաճառք էր:
    Գյումրիում էր նաև  սիրահայ Շանթ Խայալյանը, ով արդեն 4 տարի է Երևանում է ապրում. «Ես  պատրաստում  և վաճառում եմ օճառներ: Գյումրի եկել եմ օճառ պատրաստելու վարպետության դաս անցկացնելու համար: 
    Գյումրին կարծես Հայաստանից առանձին մի երկիր է. ունի իրա ռադիոն, հեռուստատեսությունը, բացի դրանից  այն եղել է արվեստի կենտրոն: Ինձ դուր է գալիս գյումրեցիների արվեստը, և «Հարթակ» փառատոնը հնարավորություն ընձեռեց նորից լինել Գյումրիում ու շփվել գյումրեցիների հետ, խոսել, կիսվել ու սովորել  իրարից»,- ասում է Շանթն ու  ներկայացնում իր  պատրաստած օճառի որոշ գաղտնիքներ:
    Իսկ հարևան տաղավարներում ու  վարպետության դասերին   ոչ միայն օճառագործության, նաև խեցեգործության, նկարչության, թաղիքագործության,  ձեռագործ աշխատանքների պատրաստման  փորձով էին կիսվում:
    Իր գործունեության երկու տարիների ընթացքում փառատոնը մի գունեղ հարթակի շուրջ է համախմբել ամենատարբեր ստեղծագործ, նորարար և փորձառու մարդկանց` գրանցելով զգալի նվաճումներ՝ շուրջ 2,500 մասնակից և 130 վարպետության դաս: 


                                                                                                         Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2862

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: