ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Ստեղծվել է՝ Ուրբաթ, 23 Հունիս 2017 Հեղինակ՝ cultural
    ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրով  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի  դերասաններն էին նոր բեմադրությունով:
    Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ» ներկայացումը  կորած մարդկանց մասին է, որոնք իրենց մենակությունը, հիվանդությունը, անգործությունը փորձում են խեղդել խմիչքով։ Ալկոհոլը փչացնում և ոչնչացնում է մարդկանց, նրանք կորցնում են ամեն ինչ ու հայտնվում սթափարանում, որտեղ ամեն մեկը  փորձում է գտնել կամ  վերջնականապես զրկվել այն  փրկօղակից, որ կյանքը տալիս է նրանց:
    «Սթափարանի մարդիկ  տարբեր են իրենց ճակատագրով, պատմությամբ ու մասնագիտությամբ, միայն նույն  է գործած սխալը՝  խմիչքի ընտրությունը: Նրանք գտնվում  են միևնույն օղակի մեջ: Սա այսօրվա կյանքն է, այս օրն  է, որտեղ խոսվում է,  որ անկախ ամեն ինչից պետք չէ բաժակի մեջ փնտրել փրկություն: Խոսվում է Տիրոջ, աշխարհի, յուրաքանչյուրի ցավի մասին, և թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից:  Ներկայացումը իրական կյանքի դաս է: Չպիտի վախենալ կյանքից և պետք է ապրել, ապրել դժվարությամբ, բայց չդառնալ հարբեցող»,- մեկնաբանեց  Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի  դերասան  Դավիթ Բարսեղյանը:
    1296Բարդ հոգեբանական դրաման  նաև առաձնանաում էր ռեժիսորական  բարդ լուծումներով, որը  ստիպում էր հանդիսատեսին լարված հետևել ու հասկանալ ամեն մի բառի ու  շարժման  նշանակությունը:
    Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը միակ հայկական պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս՝ Թբիլիսիում: 1824 թվականից սկսած Ներսիսյան դպրոցում հայերեն լեզվով ներկայացումներ էին բեմադրվում, իսկ հետագայում նաև՝ քաղաքի այլ բեմերում: Արդեն իսկ 1856 թվականին կազմավորվեց հայկական թատրոն` արհեստավարժ թատերախմբով, որը ղեկավարում էր Գևորգ Չմշկյանը: 
   Վերջին տարիներին թատրոնի շենքը  վթարային վիճակում էր, Վրաստանի կառավարությունը գումար է տրամադրել վերանորոգելու համար: Չունենալով սեփական տանիք՝ այս տարիներ ընթացքում թատրոնը ավելի քան հարյուր ներկայացմամբ հանդես է եկել ինչպես Թբիլիսիի տարբեր թատրոններում, այնպես էլ Վրաստանի տարբեր շրջաններում ուՀայաստանում: Ունեցել են մոտ 20 պրեմիերա:
    «Միակ խնդիրն այն է, որ մենք մեր տանը չենք խաղում: Թատրոնը գործում է, բայց մեր ցանկությունն է տուն վերադառնալ: Եթե ստեղծագործական անձնակազմը տանը չէ, ինչ-որ մի բան կորչում է: երկու օր է՝ սկսվել են վերանորոգման աշխատանքները, և հարկավոր է  ևս երկու տարի, որ  վերջապես  կարողանանք մեր թատրոնի պատերի ներսում  ներկայանալ հանդիսատեսին»,- ասաց Թբիլիսիի հայկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
    «Օրը՝ անձրևոտը» բեմադրության հաջորդ կանգառները Ստեփանավանում, Իջևանում և Վանաձորում են: Իսկ ավելի ուշ բեմադրությունը ներկայանալու է միջազգային թատերական փառատոներին:

                                                                                                         Անահիտ Հարությունյան
Դիտումներ: 1194