ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐՆ ՈՒ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐՈՒՄ»

 «Գրելը երբեմն շատ նման է ամռանը կարկուտ գալուն: Դրանք ամենաերջանիկ գործերն են, որ գալիս են այդպես անսպասելի, պարզ օրվա մեջ կարկտի նման: Այդպես առաջին անգամ պատահել է ինձ հետ 1967 թվականին, երբ ասպիրանտ էի: Գրեցի «Չորս հայրենները Նահապետ Քուչակից»: Երեքը սիրային էին, չորրորդը պանդխտության մասին էր: Հիշում եմ, որ 1967 թվականի վերջին օրն էր, երբ ավարտեցի չորրորդ հայրենը: Հուզմունքից լաց եղա. երբ բանաստեղծությունն անցնում է քո միջով, երգում ես, մի տեսակ ամեն ինչ խառնվում է իրար»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում, կոմպոզիտորը հյուրընկալվել էր Երևան քաղաքի պատմության թանգարանում: Հանդիպման ժամանակ նա որոշ դրվագներ հիշեց իր ճանաչած անվանի մարդկանց հետ հանդիպումներից:

«Ես հիշում եմ քաղաքը Կոստան Զարյանի հետ: Մենք հարևանությամբ էինք ապրում, և ես հաճախ էի լինում նրա տանը: Մի անգամ քայլում էինք միասին, մեկը մոտեցավ, թե՝ ես Ջավախքից եմ, հայոց լեզվի ուսուցիչ եմ և շատ բարձր եմ գնահատում Ձեր «Տատրագոմի հարսը»: Երբ Կոստան Զարյանը եկավ Հայաստան, նույնիսկ չուզեցին, որ Գրողների միության անդամ դառնա, չընդունեցին: Նրա նկատմամբ ուշադրությունը շատ քիչ էր, և այդ ուսուցչի խոսքերը թանկ էին նրա համար, թեև վերին աստիճանի զուսպ էր, բայց զգացված էր»,- պատմեց Մանսուրյանը:

Կոմպոզիտորը սիրով է հիշում Մարտիրոս Սարյանի հետ հանդիպումները:

«Ես Կոնսերվատորիա ընդունվեցի 1960 թվականին: Այդ նույն տարին կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը դարձավ Կոնսերվատորիայի ռեկտոր: Ես ընդունվեցի նրա դասարանը: Քանի որ շատ զբաղված էր, հաճախ ինձ տուն էր կանչում, որ այնտեղ պարապենք: Մտերմացա նրանց ընտանիքի հետ, այդպես առիթ ունեցա հաճախ շփվելու նաև Մարտիրոս Սարյանի հետ: Մի օր ծրարով լուսանկարներ բերեցին նրան, բացեց, տեսանք՝ Մոսկվայում իր ցուցահանդեսի բացման օրվա լուսանկարներն են: Այնքան հայտնի մարդիկ էին մասնակցել, այդ թվում՝ Միկոյանը, Բաղրամյանը: Լուսանկարները նայեց, նայեց, ասաց՝ ինչ վտանգավոր բան է լուսանկարը. բոլորը գիտեն, որ այս պահին ես նրանց հետ էի: Շատ նուրբ հումոր ուներ Մարտիրոս Սարյանը»,- ասաց Մանսուրյանը:

Արդեն 13-րդ տարին է՝ մեր երկիրը միացել է համաեվրոպական «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այս տարի ևս թանագարանային տոնական միջոցառումներն սկսվեցին Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և եզրափակվեցին մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր»-ով: Այս տարի Հայաստանի եւ Արցախի 113 թանգարան մասնակցեց միջոցառմանը, որն անցկացվեց «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսով:

Սերգեյ Փարաջանովի թանգարանում մշտական ցուցադրության հետ ներկայացված էին նաև Փարաջանովի՝ կալանավայրերից ուղարկված մի քանի նամակներ:

«Նա ամիսը երկու նամակից ավելի գրելու իրավունք չուներ: Այդպիսին էին բանտային պայմանները: Մեկ-մեկ ինչ-որ մարդկանց միջոցով է կարողացել նամակներ ուղարկել, երբեմն մեկ ծրարի մեջ մի քանի նամակ է դրել, երբեմն գրել է՝ այսինչին ու բոլորին, որովհետև չէր կարող շատ նամակներ գրել: Նամակների թիվը երկու հարյուրից ավելի է»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ «Սերգեյ Փարաջանով. նամակներ գաղութից» (2001) գրքի հրատարակումից հետո բավական շատ նյութեր (նամակներ, լուսանկարներ և այլն) են հավաքվել թանգարանում, որոնց ևս պետք է ծանոթանա հանրությունը:

«Ես հիմա գիրք եմ պատրաստում: Հավանաբար վերնագիրը կլինի «Սերգեյ Փարաջանով. իզոլյացիա», որովհետև ինքն այդ բառը հաճախ էր օգտագործում: Ընդգրկված կլինեն թե´ իր ուղարկած նամակները, թե´ իրեն ուղարկվածները: Վերջիններս անհամեմատ ավելի քիչ են: Դրանք նա ուղարկել է կնոջը, որ պահի: Հայտնի մարդկանց (Տարկովսկի, Շկլովսկի, Նիկուլին) նամակներ են, որոնք նույնպես առանձին գրքով հրատարակել ենք: Նոր հրատարակության մեջ տեղ կգտնեն նաև վերջին տարիներին Ռուսաստանում, Ուկրաինայում գաղտնազերծված նյութեր, որոնք մենք ունենք հիմա: Ուզում եմ սկսել Փարաջանովի՝ Մինսկի ելույթից, որը նրա բանտարկության իրական պատճառն էր»,- նշեց մեր զրուցակիցը:

«Թանգարանների գիշերվան» պատրաստվել էր նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղ նույն օրը բացվեց Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

«Որպես լուսանկարիչ՝ սկսել եմ տպագրվել 1974 թվականից: Լուսանկարելու համար 18 անգամ եղել եմ Արևմտյան Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Շատ մեծ արխիվ ունեմ, ու դժվար էր ցուցադրելու համար այդքանից ընդամենը 80 լուսանկար առանձնացնելը»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տարիների արված լուսանկարներ՝ հայկական ճարտարապետություն, բնանկար և ժամանակակիցների դիմանկարներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 4-ը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3110

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: