ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    2006թ․-ին նկարիչ Զաքար Խաչատրյանը և նկարիչ-քանդակագործ Արտաշես Հովսեփյանը Սիսիանում գտնվող իրենց երկհարկանի առանձնատունը և հողամաս-այգին նվիրել են պետությունը, ինչպես նաև ավելի քան 100 գեղանկար, որոնք այժմ պահվում են Ազգային պատկերասրահում։
    Տունը պետությանը փոխանցելու նպատակը Սիսիանում ևս մեկ մշակութային օջախ ստեղծելն էր (արվեստագետները եղբայրներ են, բնակվում են արտերկրում-հեղ․)։ Տուն-թանգարանի գաղափարը, սակայն, մինչ օրս իրականություն չի դարձել։
    3312014թ․-ին սիսիանցիների ջանքերով այս տանն արվել են մի շարք աշխատանքներ (սալապատվել է բակը, վերանորոգվել են սենյակները, անց է կացվել ջեռուցման համակարգ, սանհանգույց, կատարվել է սանիտարական ծառահատում):
    Տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանի խոսքով դեռևս շատ աշխատանք կա անելու։ Տունը գործող թանգարան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները (ձևավորել աշխատակազմ, կառուցել նոր ցուցասրահ, ամրացնել շենքի հիմնապատը, ավարտին հասցնել սենյակների վերանորոգումը, վերանորոգել տանիքը, տրամադրել անհրաժեշտ գույք (սեղան, աթոռ, պահարան, համակարգչային տեխնիկա) Ամիրյանը գրավոր ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին վերջինիս՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ։
    Բանն այն է, որ ներկա պահին կենտրոնը «Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» անվամբ գտնվում է Ազգային պատկերասրահի հաշվեկշռում և պատկերասրահի տնօրինման ներքո։
    332Նախարարի կարծիքով տուն-թանգարանի հարցի այսքան երկար ձգձգումը պայմանավորված է հստակ հայեցակարգի և գործողությունների ծրագրի բացակայությամբ։
    «Ոչ մի կասկած չկա, որ այդ երկու արվեստագետներն էլ արժանի են, որ տուն-թանգարան ունենան։ Այս խնդիրը պետք է առաջանահերթ լուծել, բայց մինչ այդ մենք պետք է պատկերասրահի տնօրինության հետ հայեցակարգային քննարկում ունենանք, թե ինչպես ենք վերաբաշխում աշխատանքները, ցուցադրությունները և այլն։ Պետք է գրագետ նախագիծ պատրաստվի, ֆոնդապահոց նախատեսվի այդ գեղանկարների համար, լուրջ աշխատանք կա անելու»,-ասաց Հասմիկ Պողոսյանը։
    Նախարարը խոստացավ, որ երբ եռօրյա շրջայցից հետո Երևան վերադառնա, բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություն կկազմակերպի խնդրին շուտափույթ  լուծում տալու համար։
 
    Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թ. Սիսիանի Սառնակերտ գյուղում: Երևանի մասնագիտական հաստատություններում սովորելուց հետո ուսանել և 1956 թ.-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ աշակերտելով ռուս վարպետներ Բորիս Յոհանսոնին և Ալ. Գերասիմովին: 1960-62 թթ.-ին կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում, 1968թ.-ից դասավանդել է Երևանի մանկավարժական համալսարանում: 1962 թ.-ին Սիսիանի իր տանը ստեղծել է մանկական արվեստի ստուդիա, որը Մերկուրովի և Կոջոյանի մանկական գեղարվեստի դպրոցներից հետո երրորդն էր հանրապետությունում։ Ստուդիայի հիման վրա հետագայում կազմավորվել  է Սիսիանի մանկական գեղարվեստի դպրոցը, որը 1998թ․-ին Սիսիանի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ անվանակոչվել է Խաչատրյանի անունով։
    Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում: Նրա աշխատանքները գտնվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում: Վերջերս Խաչատրյանը պարգևատրվել է նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարձրագույն «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո  շքանշանով։

    Արտաշես Հովսեփյանը
 ծնվել է 1931 թ. Սիսիանի Սառնակերտ գյուղում։ Սովորել է Մոսկվայի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։
    Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։ Հիսունից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ,1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ,1974, Երևան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Սբ. Սարգիս  եկեղեցու բարձրաքանդակները և այլ աշխատանքներ:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2886

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: