ՎՏԱՆԳՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ․ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 Մեկ տարի անց կավարտվեն Որոտնավանքում (միջնադարյան վանական համալիր, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում) տարվող ծածկասալերի վերականգնման աշխատանքները։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում կտարվեն նաև շրջակայքի բարեկարգման աշխատանքներ հետագայում տարածքը հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։
    Վանական համալիրի վերականգնման նախագիծ կազմվել էր դեռ 1980-ականների վերջին վերականգնող ճարտարապետ Աշոտ Հովսեփյանի կողմից։
    822«1992-1993թթ․-ին հասկանալի պատճառներով (պատերազմական իրավիճակ-հեղ․) այդ աշխատանքները դադարեցվել են։ 2004թ․-ին մի ամերիկացի բարերարի օգնությամբ աշխատանքները վերսկսվել են և ընդհատվել 2009թ․-ին։ Նոր նախագիծը կազմվել է արդեն 2013թ․-ին։ Այս տարի աշխատանքների համար տրամադրվել է մոտ 9 մլն դրամ գումար»,-տեղեկացնում է վերականգնող ճարտարապետի որդին՝ Հրանտ Հովսեփյանը, ով նույնպես ճարտարապետ է և հոր մահից հետո զբաղվում է վանական համալիրի վերականգնման աշխատանքներով։
    Արդեն ավարտել են համալիրի տանիքի ծածկասալերի վերականգնման աշխատանքները։ Սյունիքի մարզ կատարած շրջայցի ժամանակ վանական համալիր այցելեց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
    «Ես գոհ եմ կատարված աշխատանքներից: Ճիշտ է, բոլոր խնդիրները դեռ լուծված չեն, բայց վտանգված հատվածներ այլևս չունենք, որի արդյունքում կարող էինք հուշարձանի կորուստ ունենալ։ Այս հուշարձանն իր բոլոր ենթակառուցվածքներով ունի զարգանալու շատ լայն հնարավորություններ, ինչպես նաև հանրությանը ներկայանալու և հանրության կողմից ավելի շատ ուշադրության խնդիր, որովհետև գտնվում է բնակատեղիից բավական հեռու»,-նշեց նախարարը։

    Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր ՀՀ Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքիվրա։ Հիմնադրվել է 1000թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն Ս.Գրիգոր եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս Ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել է նշանավոր ուխտատեղի։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2681

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: