ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդիպել է լրագրողների հետ: Նախարարը ներկայացրել է նախարարության՝ վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը: Հասմիկ Պողոսյանի խոսքով խորհրդանշական է այստեղ աշխատանքներն ամփոփելը, քանի որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից է: «Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում էր աշխարհի ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով: Նախարարության աշխատանքը կրկնապատկվեց, անգամ եռապատկվեց, ձևավորվեց և նախապատրաստվեց մշակութային միջոցառումների ծրագիրը, որը սկսեցինք իրագործել 2014 թվականի աշնանից»,-նշեց նախարարը:
Մշակութային քաղաքականության հիմքը
Մշակութային քաղաքականության հիմքում օրենսդրական դաշտն է: Հարց, որը մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում: Հենց այս տարվա ընթացքում մշակվեց և արդեն Ազգային ժողով է ներկայացվել Թանգարանների մասին օրենքը:
Ներկայումս մշակման փուլում է Հուշարձանների մասին օրենքը, քննարկվում է և կներկայացվի կառավարություն Կինոյի մասին օրենքը: Վերջինս մշակվում է ՀՀ նախագահի հանձնարարությամբ:
Ներկայումս մշակման փուլում է Հուշարձանների մասին օրենքը, քննարկվում է և կներկայացվի կառավարություն Կինոյի մասին օրենքը: Վերջինս մշակվում է ՀՀ նախագահի հանձնարարությամբ:
Էլեկտրոնային շտեմարանների ստեղծում
Վերջին տարիների ձեռքբերումներից է թանգարանների, Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական հուշարձանների, գորգերի էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը: 2014թ.-ին մեկնարկեց հայկական մամուլի և հայ գրքի շտեմարանների ստեղծումը: Տարվա ընթացքում 285 անուն պարբերական թվայնացվեց, ինչպես նաև 518000 էջ Հայ գիրք շտեմարանի համար: Առաջնահերթությունը տրվում է հնատիպ, հազվագյուտ գրքերին: 1512-1800թթ.-երի ամբողջական շտեմարանը ստեղծված է, տարվում են հետագա աշխատանքները:
Ներկայումս մշակվում է մշակութային արժեքների շտեմարանի կառուցվածքը, որտեղ տեղ կգտնեն արտասահմանյան ֆոնդերում պահվող հայկական մշակութային արժեքներ: Հունիսից կսկսենք շտեմարանում համապատասխան տվյալների մուտքագրման աշխատանքները:
2015թ.-ը թատրոնի տարի
Արդեն ֆինանսավորել ենք տարբեր թատերախմբերի՝ և մասնավոր, և պետական, տասնհինգ ներկայացում: Մեր թատերախմբերն իրականացնում են ակտիվ հյուրախաղային ծրագրեր: Կարևորվում է Հայոց ցեղասպանության թեման:
Ապրիլին տեղի ունեցավ Պերճ Զեյթունցյանի պիեսի բեմադրությունը դրամատիկական թատրոնում: Մայիսին սպասվում է Ռուդոլֆ Խառատյանի բեմականացումը օպերային թատրոնում:
Կինո
Հայկական ֆիլմերի թվայնացման գործընթաց է սկսվել: Կունենանք նաև հայկական կինոյի շտեմարան:
Տարվա սկզբից ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր՝ «Սպի», «Փրկության քարտեզ», «Խավարում»: Պետական ծրագրերով այս պահին ցեղասպանության թեմայով նկարահանվել և նկարահանվում է 5 խաղարկային, 12 վավերագրական և 1 անիմացիոն ֆիլմ:
Գրականություն
Մեկ տարվա ընթացքում երկու անգամ ունեցանք «Գրական տապան» փառատոնը: Ապրիլյան փառատոնի ընթացքում տասներկու նոր գիրք ներկայացվեց օտարազգի հեղինակների կողմից, որոնցից ութը վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը: Մուստյանի «Ժանդարմը» գիրքը կարևորներից մեկն էր. այն արդեն թարգմանվել է տասից ավելի լեզուներով: «Տապանի» կարգախոսն էր՝ «Խոսք հանուն կյանքի»: Այն հաղորդագրություններից է, որ պետք է տանք աշխարհին, հատկապես՝ այս տարի:
Երաժշտություն
Նոտաների թվայնացման գործընթացն արդեն մեկնարկել է: Սա հատկապես վերաբերոյմ է մեր օպերային թատրոնում պահվող նոտաներին: Բնօրինակներ են, որոնք գտնվում են վատթար վիճակում :
2014թ.-ը երգչախմբային արվեստի տարի էր
Սեպտեմբերին կայացավ պրոֆեսիոնալ երգչախմբային արվեստի մեծ փառատոն, դեկտեմբերին նշվեց երգչախմբային արվեստի օրը, «Երգող Հայաստան» ծրագիրն իրականացվեց կրկնակի ծավալներով: Հայաստանը մասնակցեց նաև երգչախմբային արվեստի համաշխարհային կազմա-կերպության կոնֆերանսին Սեուլում: Տպագրվեցին մի շարք լուրջ աշխատություններ, նոտաներ, ձեռք բերվեցին երգչախմբային արվեստի ստեղծագործություններ, որոնք կատարվեցին:
Շատ կարևոր էր, որ տպագրվեցին գիտական աշխատություններ Կոմիտասի մասին: Վերջիններից էր Արթուր Շահնազարյանի հեղինակած գիրքը: Կոմիտասի գիտական ժառանգությունը ամփոփվեց նաև ալբոմ-ձայնասկավառակում:
Մեր առջև խնդիր էր դրված հայկական երգչախմբային արվեստը ներմուծել այլ երկրներում գործող երգչախմբերի ծրագրերում: Դա մեզ հաջողվեց: Տարբեր երգչախմբեր աշխարհի տարբեր ծայրերում կատարում են հայկական երգչախմբային արվեստի գլուխգործոցներ: Վառ ապացույց է անցյալ տարի Դանիայի Հասլե քաղաքի երգչախմբի այցը Հայաստան, որի ժամանակ նրանք կատարեցին հայկական ստեղծագործություններ:Հայաստանում գործում է 398 երգչախումբ, որից 16-ը պրոֆեսինոալ,180-ը երաժշտական դպրոցի երգչախմբեր են, 147-ը՝ հանրակրթական դպրոցների և այլն:
Ձեռքբերումներ
Մշակութային ձեռքբերումը պայքար է ինքնության, սեփական մշակույթի համար: Այս շարքում ուզում եմ հիշեցնել լավաշի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում: Այս տարվա համար ձեռնամուխ ենք եղել նոր անվանակարգի համար՝ ազգային քոչարի: Հայտն արդեն ներկայացրել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ:
Վենետիկի բիենալեն ոչ միայն մշակույթի հաղթանակ էր, այլև մեր ինքնության հաղթանակը: Պատմական հիշողությունը մեր արվեստագետների աշխատանքների մեջ չափազանց կարևոր էր: Այդ օրերին իտալական հայտնի հրատարակչություններից մեկի կողմից տպագրվեց կատալոգ, որը ներառում է մերարվեստագետների կենսագրությունն ու ստեղծագործությունները:
Մեր վերջին հաղթանակներից էր ԱՊՀ երկրների դելֆյան խաղերը: Ռուսական պատվիրակությունը մասնակիցների մի քանի անգամ մեծ թվով ունեցավ տասը ոսկի և զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղում Հայաստանն էր՝ յոթը ոսկի, չհաշված բրոզնե, արծաթե և այլ մեդալներ:
Շուտով
Մայիսի 26-ին «Կարնեգի հոլում»տեղի կունենա համերգ: Քշիշտոֆ Պենդերեցկին այդ օրը կներկայացնի մեծակտավ ստեղծագործություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին:
Հունիսին մեր ժամանակակից արվեստը կներկայացվի «Կվադրենալե»փառատոնում: Բեմական ձևավորման թատերական փառատոն է, որտեղ նույնպես ներկայացրել ենք Հայոց ցեղասպանության թեման: Մեր ինստալացիան կոչվում է «Կարմիր կարկուտ»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում կմեկնարկի «Տիկնիկները հանուն խաղաղության»ծրագիրը, իսկ արդեն հուլիսին կլինի մշակութային քաղաքականությանը նվիրած նախարարական կոնֆերանս, որը կնվիրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75 ամյակին:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3172