«PACHYAN FRAGMENTS»-Ի ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    «Թանաքագույն փոքր ծաղիկներ՝ հենց կտուրի տակ, եղևնուց քիչ հեռու՝ խոտերի մեջ: Մանր կախարդական ծաղիկներ, ես տեսնում եմ ձեզ ամեն օր, մանկան պես չոքում եմ, աչքերս մոտեցնում ձեր վճիտ բիբերին: Դուք այնքան փոքր եք, որ ձեզ կորցնելու համարձակություն ես չունեմ: Աշխարհում ձեզ հարմար սափոր չկա: Ես չեմ կարող հավաքել ձեզ ու դնել պատուհանագոգին: Չեմ կարող թիթեռներով ստվերաթղթի մեջ փաթաթել ու ուղարկել իմ սիրած աղջկան: Ես կարող եմ միայն սպասել լուսաբացին, շապիկով դուրս գալ այգի, քայլել ու վախվորած հայացք նետել ձեր ուղղությամբ, հետո չոքել, աչքերս մոտեցնել ձեր վճիտ բիբերին ու հուսալ, որ կգտնեմ ձեզ՝ թանաքագույն փոքր ծաղիկներ»:
    Հատվածը արձակագիր Արամ Պաչյանի անտիպ վեպից է: Պաչյանի վեպի հատվածներն արդեն մաս են դարձել երաժշտական ստեղծագործության: Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը դրանց հիման վրա հեղինակել է «Pachyan Fragments» ստեղծագործությունը: 
    «Pachyan Fragments»-ը գրվել է վոկալի, ջութակի և հարվածայինների համար: Ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կայացել է փետրվարի 22-ին Լոս Անջելոսի «Zipper Hall» սրահում «Dilijan Chamber Music»-ի շրջանակներում: «Pachyan Fragments»-ը կատարել են հանրաճանաչ երաժիշտներ Տոնի Առնոլդը, Կունիկո Կատոն և Մովսես Պողոսյանը:
 pachyan fragments presentancia   Ստեղծագործության հայաստանյան պրեզենտացիան տեղի ունեցավ մայիսի 16-ին Միրզոյան գրադարանում: Խոսելով տեքստային ֆրագմենտների մասին՝ արձակագիր Արամ Պաչյանն ասաց. «Որոշել էի վեպ գրել և անընդհատ դրվագներ էի գրում: Փորձեցի դրանք միավորել, կցել իրար, հասկացա, որ չի ստացվում, քանի որ ֆրագմենտներն անկախացել են ինձնից և գրելու պրոցեսից:
    Արամ Հովհաննիսյանն ինձ պատմում էր ժամանակակից երաժշտության և ֆրագմենտարության սկզբունքների մասին: Այդ երաժշտության մեջ ինչ-որ անելանելի վիճակ էի զգում, ամբողջական մի բան արտահայտելու անհնարինություն: Դա մեզ միավորեց»:
    «Pachyan Fragments»-ի հեղինակ, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը ներկա չէր հանդիպմանը: Ստեղծագործությանն անդրադարձավ երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը. «Արամ Հովհաննիսյանը տեքստային ֆրագմենտը ևս մեկ անգամ ֆրագմենտավորում է, բաժանում է տեքստը, հասցնում մոլեկուլների: Կարող է ֆրագմենտը վերածել բառակապակցությունների, բառերի, վանկերի, տառերի, ֆոնեմների:
    Ստեղծագործության անվանումը հետաքրքիր անալոգ է ժամանակակից դասական երաժշտության ներկայացուցիչ, հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Կուրտագի «Kafka Fragments»-ի հետ, որտեղ այնպիսի տպավորություն է, որ ֆրագմենտը դարձել է ժանր: Արամ Հովհաննիսյանն էլ ֆրագմենտին նայել է որպես ժանր և դրան տվել իր ուրույն մեկնաբանությունը»:
    Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին Cultural.am-ը և Միրզոյան գրադարանը: 
   Լուսանկարները տե՛ս այստեղ:
Աննա Կարապետյան
 
  • Created on .
  • Hits: 3823

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: