ՌՈՒԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՏՈՒՖԸ ՀԱՅ Է»

     Խաչքարագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանն ապրում ու ստեղծագործում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, որտեղ գտնվում է նաև վարպետի արվեստանոցը: Սեփական տան երկրորդ հարկը ցուցասրահի է վերածվել: Այստեղ կարելի է տեսնել ինչպես Ռուբեն Նալբանդյանի, այնպես էլ որդու՝ Սևակ Նալբանդյանի աշխատանքները:
 Վարպետ Ռուբենը մասնակցել է Ծաղկաձորում տեղադրված Օրբելի եղբայրների հուշարձանի ստեղծմանը, իսկ հետո ստացել  իր առաջին խաչքարի պատվերը, որը նույնպես տեղադրվել է  Ծաղկաձորում: Ռուբեն Նալբանդյանի ձեռքի աշխատանքն են նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակում  տեղադրված հայտնի խաչտառերը (Օշական): Աշխատանքների մի մասն էլ գտնվում է Հայաստանից դուրս՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն:
    DSC05860Ռ. Նալբանդյանը հեղինակել է նաև Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանը (Ուրուգվայն աոաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»): Հայազգի վարպետը քանդակել է նաև սլավոնական տառերը, որոնք շուտով կտեղադրվեն Բուլղարիայի Շումեն քաղաքում:
     «Եթե պատվերն արտերկրի համար է, ապա աշխատում ենք միշտ տուֆով անել: Տուֆը հայ է, եթե նույնիսկ վրան ոչ մի բան չքանդակես»,- նշում է Ռուբեն Նալբանդյանը:
    DSC05842Վարպետի աշակերտներից մեկը՝ Դ. Վարդանյանը, ով արդեն վեց տարի է, ինչ ուսանում է խաչքարագործություն, պատմեց, թե ինչպես է ընտրել այդ ուղին:
 «Դպրոց գնում-գալիս էի այն ճանապարհով, որտեղ գտնվում էր վարպետի տունն ու արվեստանոցը: Այդ ժամանակ նրանք այբուբենի տառերն էին քանդակում, տեսա և որոշեցի գալ: Տասներկու տարեկան էի: Վարպետ Ռուբենը ձեռքիցս բռնած սովորեցնում էր քանդակել: Նրանից շատ բան ունեմ սովորելու, ուզում եմ իր նման վարպետ դառնալ»:
     Դավիթն այժմ կարողանում է պատրաստել զարդաքանդակներ, երբեմն նաև արձաններ: Բացի Դավթից, Ռ. Նալբանդյանի մոտ սովորում է մոտ տասը աշակերտ, ինչպես նաև իր որդիները:
      Ռ. Նալբանդյանի խոսքով երկու աշակերտ մի խաչքարը կարող են ավարտել ընդամենը քսան օրում. սովորաբար աշխատում են օրական ութ ժամ:
 Ավելի շատ երեխաների ուսուցանելու համար վարպետ Ռուբենը ցանկանում է խաչքարագործության դպրոց հիմնել, որտեղ երեխաները նախ կսովորեն նկարել (գծանկար, կոմպոզիցիա), կծանոթանան հայկական զարդարվեստին, այնուհետև կանցնեն խաչքարագործությանը:
  DSC05872  Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այցելեց վարպետ Ռուբենի արվեստանոց, որտեղ վերջինս մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
  Հասմիկ Պողոսյանն ասաց, որ մշակույթի նախարարությունը կսատարի վարպետի՝  դպրոց ստեղծելու նախաձեռնությանը և պետական աջակցություն կտրվի այն իրականացնելու համար: «Բոլորս տպավորված ենք:  Ինքնաստեղծ պետության մեջ ապրող այս անհատը իր շուրջը ստեղծել է մի միջավայր, որում ներառված են և՛ իր ընտանիքը, և՛ իր շրջապատը, և՛ երիտասարդներ, որոնք այսօր զբաղվում են խաչքարագործությամբ: Հսկայական աշխատանք է կատարվում և ամենակարևորն այն է, որ ամեն ինչ արվում է իմաստավորված՝ առաջնորդվելով խաչքարի խորհրդով: Կուզենայի, որ այսպիսի անհատներ շատ լինեին: Անգնահատելի է այն աշխատանքը, որն այսօր իրականացնում է Ռուբեն Նալբանդյանը»,- նշեց նախարարը:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3823

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: