ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑԻ

  Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին է: 2012 թվականին  հայ գրատպության 500–ամյակի կապակցությամբ այստեղ մեկնարկել են վերականգնողական աշխատանքներ:
     Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր մարզ կատարած այցի շրջանակներում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է եկեղեցու տարածք, զրուցել վերականգնող ճարտարապետների և շինարարների հետ:
DSC05780 Շինարար, մասնագիտությամբ ճարտարապետ Ալբերտ Անանյանը նշեց, որ եկեղեցին ամբողջական վերականգնելու համար ներկա պահին կատարվում են վերաշարման աշխատանքներ, բոլոր քարերը չափագրված և համարակալված են. «Մեծ զանգվածները, որոնք պահպանվել են, անպայման կլինեն եկեղեցու կազմում, ուղղակի դրանք տոննայանոց քարեր են. պետք է դրանց տեղափոխման հարցը լուծել: Այն քարերի փոխարեն, որոնք չեն պահպանվել, կլինեն նորերը, բայց հնարավորինս ներդաշնակ եկեղեցու նախնական գույներին: Վերականգնված եկեղեցու քարերի մոտ յոթանասուն տոկոսը կլինեն հին, հուշարձանապատկան  քարեր»:
  Ծրագրի մեկնարկից մինչ օրս վերականգնման աշխատանքների համար տարեկան տրամադրվում է 20 մլն դրամ գումար: Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ 2016 թվականի բյուջեով գումարը կկրկնապատկվի, և աշխատանքները հնարավոր կլինի ավելի արագ ավարտել: Վերականգնման աշխատանքների ընթացքից նախարարը գոհ է:
DSC05774   «Նախագիծը գրագետ է և գիտականորեն հիմնավորված: Վերականգնողական աշխատանքները պետք է կարողանանք հնարավորինս շուտ ավարտել, ինչը ենթադրում է, որ պետք է փորձենք ավելացնել ծրագրի տարեկան ֆինանսավորումը: Պետք է հաշվի առնել այս եկեղեցու պատմական նշանակությունը, քանի որ  ամենավաղ կառուցված եկեղեցիներից մեկն է: Այն կարող է ակտիվ շրջանառվել որպես զբոսաշրջության և հոգևոր կենտրոն, ի վերջո այստեղ կա մեծ համայնք, որը եկեղեցու կարիք ունի»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:
   Թարգմանչաց եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակներն են  Աշոտ Մանասյանն ու Սուրեն Սարոյանը: Հենց նրանք են իրականացնելու եկեղեցու այսպես ասած գիտական վերականգնումը: Ճարտարապետ-վերականգնող Գայանե Նազլուխանյանի խոսքով՝ կարևոր է հատկապես բազմաթիվ հուշարձանապատկան բեկորների առկայությունը:
  «Աշխատանքներն  ընթանում են այնպես, որ ամեն բեկոր իր տեղը գտնի ոչ թե մեր ցանկությամբ որտեղ որ հարմար է, այլ իր տեղը: Սա մեծ գիտական և մասնագիտական պատրաստվածություն է պահանջում վերականգնող ճարտարապետից»,-ասում է ճարտարապետ-վերականգնողը:
DSC05768    Նազլուխանյանը բացատրեց նաև, թե ինչ է նշանակում հռիփսիմեատիպ (այս տիպին է պատկանում Թարգմանչաց եկեղեցին) եկեղեցի ասվածը. «Կան եկեղեցիների տիպեր՝ ծավալատարածական, հատակա-գըծային լուծումներով և այլնով պայմանավորված: 7-րդ դարում եկեղեցիներն ունեին գմբեթավոր սրահներ, և դրանք ինչ-ինչ կոնստրուկտիվ թերությունների հետևանքով քանդվում էին: Ճարտարապետները հանգեցին  այս ստրուկտուրային, որն ավելի կայուն է տեկտոնիկ և սեյսմիկ առումներով: Ստեղծվեց տիպ, որը և՛ իր կոնստրուկտիվ համակարգով, և՛ գեղարվեստական արժեքով շատ ավելի առաջ է իր նախորդներից: Հռիփսիմեատիպ եկեղեցիները քիչ հանդիպող են»:
   Թարգմանչաց եկեղեցին 7-րդ դարի առաջին կեսին կառուցված հռիփսիմեատիպ եկեղեցի է: Եկեղեցին Թարգմանչաց է անվանել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը: Ավերված է, պահպանվել են արևելյան աբսիդը, հյուսիսարևելյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշով, հարավարևելյան սենյակի աննշան մասը: Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվանդան: Մուտքերը եղել են արևմուտքից և հարավից, եկեղեցու ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված, ունեցել են հայկական խորշեր: Կառուցվածքը եղել է այնչափ կատարյալ, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը: Եկեղեցու հիմնադրման կամ կառուցման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3062

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: