ԱՅԳԵՇԱՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ

  Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է նաև Այգեշատի գյուղապետարան, որի  երկրորդ հարկում գործում է համայնքի միակ գրադարանը (Այգեշատի դպրոցի  գրադարանն այժմ չի գործում):
  Գրադարանը վերջերս է տեղափոխվել գյուղապետարանի երկրորդ հարկ: Նախկինում այն գտնվում էր առաջին հարկում և ավելի խոնավ ու վատ պայմաններում:
   DSC05797Գրադարանի միակ աշխատակիցը՝ գրադարանավարուհի Մանուշակ Բաբայանը,  արդեն ութ տարի աշխատում է այստեղ. «Շատ խոնավ էր, կային գրքեր, որոնք կպել էին իրար ու փչացել.  խնդրեցի, որ այս սենյակը տրամադրեն գոնե  եղած գրքերը պահպանելու համար»,-պատմում է Մ. Բաբայանը:
    Փոքր սենյակում, որը ծառայում է որպես գրադարանային տարածք, կա շուրջ 6000 գիրք: 200 ընթերցող ունեցող գրադարանից օգտվում են հիմնականում դպրոցահասակ երեխաներն ու մեծահասակները, միջին տարիքի անձինք գրեթե չեն օգտվում:
    Բացի շենքային պայմաններից, որը լուրջ խնդիր է համայնքի միակ գրադարանի համար, կա նաև  գրականության, նոր գրքերի կարիք:
   DSC05794«Երկար տարիներ գրադարանը չի համալրվել նոր գրքերով: Երեխաների համար հեքիաթների գրքեր չկան: Կա նաև ժամանակակից գրականության և մանկավարժների համար մեթոդական գրականության պակաս»,-ասաց գրադարանավարուհին:
 Մ. Բաբայանի խոսքով իրենք մարզային գրադարանի հետ չեն համագործակցել: Այս առումով Հ. Պողոսյանը նշեց, որ գրադարանը պետք է լինի նախաձեռնող.   «Խնդիրները պետք է բարձրաձայնել, քանի որ այս ուղղությամբ մի ամբողջ համակարգ է աշխատում»:
   Մշակույթի նախարարը խոստացավ, որ գրադարանը շուտով կհամալրվի նոր գրքերով ու անհրաժեշտ գրականությամբ:  
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2734

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: