ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

  Բեռլինի Գրականության միջազգային փառատոնն ու Պոտսդամի Լեփսիուս հաուզը 2015թ․  ապրիլի 21-ին համաշխարհային ընթերցումներ են անցկացրել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Համաշխարհային ընթերցումներին մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան չորս հարյուր անհատներ և բազմաթիվ կազմակերպություններ։ Նախագծին մասնակցել են նաև հինգ նոբելյան մրցանակակիրներ՝ Մարիո Վարգաս Լիոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիեդե Յելինեկը, Ջոն Քեթցեն և Օրհան Փամուկը։
  Աշխարհի մի շարք քաղաքներում ընթերցվել և քննարկվել են հայազգի գրողների շատ ստեղծագործություններ։
  Ապրիլի 21-ի ընթերցումները Հայաստանում համակարգող Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտը Թեքեյան կենտրոնում անցկացրեց ընթերցումներ Երվանդ Օտյանի «Անիծեալ տարիներ» 1914-1919թթ․ անձնական հիշատակներից։ Ընթերցումները սկսվեցին արվեստագետ Սյուզան Մերյեմ Ռոսիտայի «Լուռ գիրք» ելույթով։ Արվեստագետն իր խոսքում նշեց, որ գրքի նպատակն է Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելն ու ընթերցողներին քաջալերելը, որպեսզի գրեն և տարածեն իրենց կարծիքը՝ օգտագործելով «Լուռ գիրք» գրքի դատարկ էջերը:
  Հավաքը վարող երաժշտագետ, արվեստաբան Մարինե Կարոյանը նշեց, որ Երվանդ Օտյան ընթերցելու գաղափարը, թերևս, պայմանավորված է նրանով, որ «Անիծեալ տարիներ»-ը առաջին գրական վավերագրական անդրադարձն է 1915 թ.-ի իրադարձություններին:
  Ինչպես նկատեց «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Ե. Օտյանը նույնիսկ այս գրքում երգիծական իրադրության մեջ ընկնելով՝ ոչ մի բարդյութ չի ունենում այդպիսի իրավիճակներից նման կերպով դուրս գալու համար:
 152Ընթերցումը բացեց գրող, գրականագետ, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ կարդալով, ինչպես նա նշեց իր խոսքում, «սիրելի գրողի սիրելի հատվածներից» մեկը: Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով հիշատակի համար մենք պետք է կարդանք այն հայերի անունները, ովքեր զոհվել են. «Նրանց անունները պետք է մեկ առ մեկ կարդացվեն: Սա հիշողության կարևորագույն խարիսխներից մեկը պետք է լինի, որ մենք պետք է անենք»:
  Արվեստի տեսաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանի խոսքով, շատ քիչ գործեր կան, որոնք կարդալով տեղափոխվում ես այդ ժամանակահատված. «Երբ Օտյանի գիրքը վերցնում ես ձեռքդ, անմիջապես տեղափոխվում ես 100 տարի հետ: Մեր տեղափոխության այդ անմիջականությունը և ընթացքի մեջ անմիջապես գտնվելը շատ տարօրինակ զգացողություն է»:
   Հեռուստալրագրող Արթուր Բախտամյանն իր հերթին պատմեց երկու տարի առաջ Բեյրութի Հայկազյան վարժարանում տեղի ունեցած հավաքում իր հայտնած մտահոգության մասին. «Մեզ սպասվում է լուրջ ժամանակահատված, պետք է հայացք նետենք մեր հարյուրամյա անցած ճանապարհին և լավագույնս բեմադրենք Օտյանի «Անիծեալ տարիներ»-ը, որովհետև հայտնի չէ, թե ինչով աշխարհին հանդես կգանք: Այսօր արդեն համացանցում լցված բազմաթիվ տարաբնույթ ու անհեթեթ տեսահոլովակներն ապացուցում են մի բան, որ այդպես էլ պատրաստ չեղանք լրջորեն ինչ-որ մի բանով ներկայանալի դառնալու և դուրս գալու տեղական զգացմունքային դաշտից»:
                                                                                                                           Անի Հակոբյան 
  • Created on .
  • Hits: 2536

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: