ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ. ԱՊՐԻԼ» ՓԱՌԱՏՈՆԸ

   Այսօր Կամերային թատրոնում մեկնարկեց «Գրական տապան. ապրիլ» փառատոնը: Ամենամյա դարձած «Գրական տապանը» սովորաբար կազմակերպվում է աշնանը: Այս տարի, պայմանավորված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով, փառատոնը կազմակերպվել է ապրիլին:
  Փառատոնի բացումն էլ սովորականից տարբեր էր: «Գրական տապանի» շրջանակներում Հայաստան ժամանած օտարազգի գրողները հայ հեղինակների հետ միասին երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, ընթերցեցին Մեծ եղեռնի զոհ դարձած տասը հայ գրողների ստեղծագործությունները: Այս գրական ընթերցումով փառատոնը միացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի «Բեռլինի պոեզիայի փառատոնի» և «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի կողմից:
grakan tapan 2015    Ողջունելով փառատոնի մեկնարկը` ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Ներսես Տեր-Վարդանյանն ասաց. «Գրականության մեջ մենք փնտրում ենք առօրյայում հանդիպող կերպարներին ու հերոսներին և հակառակը, առօրյայում փորձում ենք գտնել այն կերպարներին, որոնց մասին կարդացել ենք գրքերում: Այս երկխոսությունն է, որ ստեղծում է մեր արժեհամակարգը: «Գրական տապանի» նպատակն է ոչ միայն հիշել եղեռնազարկ գրողներին և խոսել մեր ազգի ցավի մասին, այլև տեսնել և առնչվել մեր մշակութային ժառանգությանը, որն ուղիղ մեկ դար առաջ փորձեցին վերացնել»:
    Արտաշես Հարությունյան, Ինտրա, Սիամանթո, Մառի Պեյլերյան, Գրիգոր Եսայան, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Արիս Իսրայելյան (Տխրունի), Արմեն Դուրյան, Տոնապետ Լյուլեճյան. նրանց ստեղծագործություններն այսօր ընթերցեցին ԱՄՆ-ից, Ավստրալիայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած գրողները: Սերբ գրող Լյուբիցա Միլետիչը, առիթից օգտվելով, ընթերցեց նաև իր հեղինակած «Անձրև Դեր Զորում» բանաստեղծությունը:
david muradyan tapan   «Բանաստեղծություններ լսելուց հետո մի քիչ լռել է հարկավոր, բայց ես հիմա ստիպված եմ խոսել,- նշեց փառատոնի համահիմնադիր, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը և ավելացրեց,- շատ տարիներ առաջ ընկերներիցս մեկը՝ մոլդովացի գրող Սպիրիդոն Վանգելին ասաց, որ երբ ինքը կարդում է Վիլյամ Սարոյանի «Իմ անունը Արամ է» գիրքը, մի քանի ժամով հայ է դառնում: Հիմա ես մտածում եմ, որ երբ Գարսիա Լորկա ենք կարդում, մի քանի ժամով դառնում ենք իսպանացի, երբ կարդում ենք Սերգեյ Եսենին, մի քանի ժամով դառնում ենք ռուս և այսպես յուրաքանչյուր մեծ պոետ տանում է մեզ դեպի իր ժողովուրդը, բայց յուրաքանչյուր մեծ պոետ տանում է մեզ նաև դեպի մարդը: Սա գեղեցիկ է: Այսօր հնչած ստեղծագործությունները պոետական ձայները բերել են դեպի Հայաստան և Հայաստանից էլ մեր ձայնը տանում են դեպի աշխարհ»:
DSC05453    Արդեն մի քանի տարի շարունակ «Գրական տապանի» շրջանակներում Հայաստան է գալիս ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին:
   «Վենտուրինին երկար տարիներ կնոջ հետ իրեն նվիրել է հայ պոեզիայի թարգմանությանը: Նրանք տարիներ առաջ հրատարակեցին ուշ միջնադարի մեծ քնարերգու Սայաթ-Նովայի տաղերը, հետո նաև Չարենց: Ի վերջո, Սերժ Վենտուրինիի ջանքերով ֆրանսերենով լույս տեսավ ժամանակակից հայ պատմվածքի անթոլոգիան»,- նշեց Դավիթ Մուրադյանը:
  Դավիթ Մուրադյանին էր վերապահված նաև Վենտուրինիին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից «Գրիգոր Նարեկացի» մեդալով պարգևատրելու գործը:
Աննա Կարապետյան
 
  • Created on .
  • Hits: 3119

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: