Հայաստանը ազգային փոքրամասնությունների տունն է

    ՀՀ-ում ապրող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Առիթը ՀՀ ազգային փոքրամասնությունների ամենամյա փառատոնն էր: Այս տարի փառատոնը կրում է «Հայաստանը  մեր տունն է» խորագիրը:
    Cultural-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր Արմենուհի Դեմիրճյանն ասաց, որ փառատոնն անցկացվում է 2001թ.-ից, և այս տարիների ընթացքում մասնակցությունը բազմապատկվել է, նաև որակի թռիչք է նկատվում. «Եթե նախկինում եզդիական համայնքին խնդրում-համոզում էինք, որ գոնե մի երգիչ բեմ դուրս գա, ապա հիմա նրանք շատ ակտիվ են, հրաշալի կատարողական փորձ են ձեռք բերել: Այն ժամանակ նրանք բեմական մոդելից դուրս էին, հիմա բեմական են դարձել»:
    Արմենուհի Դեմիրճյանը դժվարացավ առանձնացել, թե որ համայքն է ավելի ակտիվ մշակութային կյանք վարում, բոլորն էլ հետաքրքրված են. «Փոքր թվաքանակի պատճառով պասիվ են գերմանացիները և բելոռուսները, մյուսները գերազանց ակտիվություն են դրսևորում, համերգներին էլ ցանկություն են հայտնում առաջինը ելույթ ունենալ: Հատկապես ակտիվ են հրեաները, ուկրաինացիները, ռուսները և լեհերը»:
azg. poqramasn    Երգ, պար, ասմունք, հաճախ նաև թատերական համարներ. այս բոլորը փառատոնի անբաժան մասն են կազմում, սակայն այն շատ կարճ է տևում, ընդամենը մեկ օր:
    «Իհարկե, կարճ է, բայց աշխատանքները պահպանելու խնդիր ունենք,- նշեց փառատոնի ղեկավարը և հավելեց,- նախկինում մենք տարբեր թանգարաններում էինք անցկացնում փառատոնը, բայց որպեսզի պահպանության հարցը լուծվի, կորուստներ չունենանք, որոշեցինք նույն տարածքում անել, քանի որ շատ ցավոտ են տանում գնդասեղի կորուստն անգամ»:
    Ամենամյա է դարձել ոչ միայն փառատոնը, այլև փառատոնի ցուցանմուշների լուսանկարներից  ալբոմ պատրաստելը: Այս տարի նույնպես բոլոր տաղավարները նկարահանվեցին:
    Փառատոնի և ազգային փոքրամասնությունների հետ տարվող մշակութային աշխատանքի մասին զրուցեցինք նաև ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ vracakan hamaynqԱրամ Գյուրջյանի հետ: Պարոն Գյուրջյանը փառատոնը բնութագրեց որպես ազգային փոքրամասնություններին  համախմբող, միավորող գործոններից մեկը, բայց ոչ միակը. «Ազգային փոքրամասնությունների համայքների հետ աշխատանքին նախարարությունը հատուկ տեղ է հատկացնում, իրականացվում ենք տարբեր ծրագրեր: Աջակցություն է ցուցաբերվում 12 անուն թերթերի և 1 ամսագրի հրատարակմանը, կինոնախագծեր են իրականացվում, որոնք անդրադառնում են ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկություններին, միջոցառումներ են անցկացվում` ուղղված նրանց ազգային տոների և ծեսերի հանրահռչակմանը: Այս տարի հրատարակության ենք նախապատրաստում ազգային փոքրամասնությունների ստեղծագործողների երկրորդ անթոլոգիան»:
kurd    Արամ Գյուրջյանի կարծիքով մասնակիցների շրջանում մեծ ոգևորություն կա, բոլորը ձգտում են ինքնատիպ երևալ. «Ձգտում են ընգծել և՛ իրենց ազգային ինքնությունը, և՛ իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ` որպես իրենց տուն, ցուցաբերում են հետաքրքրություն և շահագրգռվածություն իրենց ազգային տեսակը լավագույնս ներկայացնելու առումով»:
    Փառատոնը բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր նմուշների ցուցադրությամբ: Այնուհետև իրենց ազգային երգ ու պարով հանդես եկան ՀՀ-ում ապրող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Որոշ համայքների համույթներ ներկայացրին նաև հայկական ստեղծագործություններ:
hunakan hamaynq    Այս տարի փառատոնին էր միացել նաև հունական «Խարիտոնի» վոկալ-գործիքային համույթը (ղեկավար` ՀՀ ժող.արտիստ Անժելա Աթաբեկյան), որը հանդես եկավ հետաքրքիր կատարմամբ՝ համադրելով հայ-հունական ժողգործիքները` քանոնի և բուզուկի:
    Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը փառատոնը տարվա աշխատանքների ստուգատես անվանեց: Իսկ ինչ ստուգատես, առանց պարգևների: Փոխնախարարի կողմից պատվոգրերի արժանացան ՀՀ ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռազմիկ Խոսրոևը և ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը:
Աննա Կարապետյան
 
  • Created on .
  • Hits: 3932

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: