Նար-Դոսի «Ես և նա» ստեղծագործությունը կներկայացվի որպես ռոք-օպերա

    Հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Նար-Դոսի «Ես և  նա» նովելի հիման վրա ստեղծված ռոք-օպերան: Գրական ստեղծագործությունը ռոք-օպերայի վերածելու միտքը պատահական չի ծնվել: Խոսելով Նար-Դոսի նովելի ընտրության մասին` բեմադրող ռեժիսոր Արմեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Այդ ստեղծագործությունը շատ հետաքրքիր է, բոլորս անցումային տարիքում դրան ծանոթանում ենք դպրոցում և բոլորիս այդ ստեղծագործությունը մի փոքր օգնում է կյանքում քայլ անելիս, որովհետև այնտեղ կա երկու ներաշխարհ, մեկը՝ երբ մարդը, հանդիպելով դժվարության, կործանվում է, և մյուսը հակառակը, պայքարում և հասնում է բարձունքների: Եվ նախ ինձ միշտ դա հետաքրքրում էր, իսկ երկրորդը, չեմ կարող ասել` ինչու, բայց միշտ, երբ կարդում էի «Ես և նա»-ն, ականջիս երաժշտություն asulis-21.05էր լսվում, ու երբ առիթ ստեղծվեց, դա ներկայացրեցի որպես ռոք-օպերա: Ռոք-օպերայով այդ նույն երկու աշխարհն ենք ներկայացնելու հանդիսատեսին. առաջին պլան չբերելով հերոսին՝ պարզապես ցույցենք տալու «ես»-ի աշխարհը և «նա»-ի աշխարհը»: 
 Ըստ ասուլիսի բանախոսների՝ ստեղծագործական թիմն ավելի շատ կարևորել է գաղափարի մատուցումը:
 
    Նշենք, որ անցած տարվա հուլիսին, երբ «One Armenia» կազմակերպությունը հայտարարեց հայ դասական ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանությամբ ներկայացնելու մրցույթ, Ա. Սարգսյանի ղեկավարած «Էպսիդոն» թատերախումբը առաջարկեց «Ես և նա»-ն ռոք-օպերայի վերածելու նախագիծը, որը քվեարկության մի քանի փուլերի արդյունքում լավագույնն էր ճանաչվել ներկայացված 50 հայտերից: 
    Օպերայի կոմպոզիտորը «Այաս» ռոք-խմբի հիմնադիր Արթուր Միտինյանն է, խորեոգրաֆը՝ Քրիստինա Հովակիմյանը, իսկ տեքստի հեղինակը՝ Արա Շիպակցյանը:    
Օվսաննա Սիմոնյան
 
  • Created on .
  • Hits: 6888

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: