«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Այս տարի «Ոսկե ծիրան» տասնմեկերորդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի հիշատակին:
«Միջազգային 11-րդ կինոփառատոնը կբացվի Փարաջանովի ֆիլմերից որևէ մեկով՝ կա՛մ «Նռան գույնի» վերականգնված տարբերակով, կա՛մ էլ ավելի քիչ հայտնի նրա վավերագրական ֆիլմերից մեկով»,- այս մասին հայտարարեց «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան նրա բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիների:
Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ այս տարի կինոփառատոնն արդեն 1500-ից ավելի ֆիլմերի հայտ է ստացել, ամենաշատ հայտ ներկայացրած երկիրը Գերմանիան է` 141 ֆիլմ, իսկ Հայաստանից ներկայացված հայտերի թիվը 59-ն են:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ մեծ է հետաքրքրությունը կինոփառատոնի նկատմամբ. այն սիրված և սպասված է, մեր իրականության ամենավառ փառատոներից է: Նրա խոսքով`«Ոսկե ծիրանը» բազմաբովանդակ փառատոն է, այն իրենով փակել է հսկայական դաշտ, կարևոր է, որ այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոն դառնում է հյուր մեր հասարակության համար:
«Սա միայն փառատոն չէ, այլ մեր կյանքը, մեր առօրյան, մեր քաղաքն է, որը կերպարանափոխվում է այդ օրերին: Սա այն դեպքերից է, երբ հիմնադիրները մնացին նույնը, հովանավորները՝ նույնպես»,- ասաց նախարարը` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին:

Փառատոնը կպահպանի «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի՝ ավանդական դարձած մրցույթները:
2015-ին կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի առանցքում լինելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերը: Հարություն Խաչատրյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ իրենք գումար են հատկացնում քուրդ, թուրք, իրանցի և հայ կինոռեժիսորներին, որոնք Ցեղասպանության թեմայով ֆիլմ են նկարահանում: «Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերից մեկով էլ կբացենք փառատոնը: Ի դեպ, այդ ֆիլմերը կցուցադրվեն նաև արտասահմանում: Ես արդեն պայմանավորվածություն ունեմ Բելգիայի, Դանիայի հետ: Փառատոնի ավարտից հետո էլ կհրատարակվի մի գիրք, որում կներկայացվեն բոլոր ֆիլմերը, որ դրսի հանդիսատեսի համար ավելի հեշտ լինի Ցեղասպանության թեմայով ֆիլմեր գտնելը»,- ասաց Հ. Խաչատրյանը` հավելելով, որ հաջորդ տարի կցուցադրվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի կողմից նկարահանվող` Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը:
Հաջորդ տարի Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմերը մեծ տեղ կգրավեն թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ ֆիլմերի ցանկում: Արդեն բանակցություններ են վարվում այդ ֆիլմերը աշխարհի տարբեր անկյուններում ցուցադրելու համար:
Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի դիտարկմամբ` ամեն տարի հայտերը, երկրները և ցանկացողների թիվն ավելանում է, զարգանում է տուրիզմը, շատ սփյուռքահայեր գալիս են Երևան այդ օրերին՝ հենց փառատոնի ֆիլմերը դիտելու:
Կինոփառատոնի տնօրենի խոսքով՝ փառատոնի նպատակն է հայկական կինոն համաշխարհային դաշտ դուրս բերել, իսկ կինոփառատոնին մասնակցության հայտերի նման մեծ քանակը փաստում է փառատոնի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության մասին:
Ի դեպ, այս տարի փառատոնի բացման և փակման արարողությունները տեղի կունենան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Օվսաննա Սիմոնյան
- Created on .
- Hits: 4857