«Թևանիկ»` յուրաքանչյուր հայի ֆիլմը

  «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան: Սա ռեժիսորի երկրորդ աշխատանքն է արցախյան պատերազմի թեմայով, բայց առաջին լիամետրաժ ֆիլմն է:
   Նախորդ ֆիլմը` «Ընդհատված մանկությունը», Ջիվան Ավետիսյանը կինոսերներին էր ներկայացրել մեկ տարի առաջ:
 Ռեժիսորի խոսքերով «Թևանիկը»  դատապարտում է պատերազմը: Ինքն էլ պատերազմի ժամանակ տասը տարեկան էր,  երբ կորցրել է մանկությունը:
«Իմ մանկությունը հիշում եմ նկուղում, մոմի լույսի կամ լամպի տակ: Մայրս գրքեր էր կարդում ինձ համար, իսկ ես անընդհատ սպասում էի, թե երբ են վերադառնալու մարդիկ: Սա մանկությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ:
  Ֆիլմը  երեք երեխաների` Աստղիկի, Արամի և Թևանիկի մասին է: Ի սկզբանե եղել է միայն Թևանիկի  սցենարը Առնոլդ Աղաբաբովի կողմից, իսկ լիամետրաժ ֆիլմի համար սցենարը շարունակել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Պատմությունները վերցված են պատերազմից և ներկայացնում են  պատերազմի տարբեր ժամանակահատվածներ:
  «Թևանիկի» երաժշտությունը  գրել է լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Ֆիլմի  համապրոդյուսեր լիտվացի Կեստուսիս Դրազդաուսկասին  ֆիլմը շատ է դուր եկել. «Հետաքրքիր ֆիլմ է և  ոչ միայն հայկական կոնտեքստում: Ես այն միջազգային ֆիլմ եմ համարում»:
  «Թևանիկի» պրեմիերայից առաջ ֆիլմը նախապես ամբողջովին դիտած միակ անձնավորությունը` կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ասաց. «Հավատարիմ իր գենետիկ կոդին, իր նախնյաց հիշատակին, իր արյան կանչին, ահա այս անկունքներից է ծնվել ֆիլմը»: Հետաքրքիր է նաև  կինոռեժիսորի գնահատականը ֆիլմի մասին. «Առաջին խորը և պրոֆեսիոնալ աշխատանքն է ոչ թե արցախյան պատերազմի թեմայով, այլ արցախյան պատերազմի մասին: Ինձ համար մեծ պատիվ է կրտսեր ընկերոջս, երիտասարդ կինոմատոգրաֆիստին  ներկայացնել ու ասել բարի գալուստ մեծ կինո»:
  Ֆիլմը հայ-լիտվական համագործակցության արդյունք է:Այն արտադրվել է Ֆիշ այ Արթ մշակութային հիմնադրամի,  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ:
    Ֆիլմը կներկայացվի Կաննի 67–րդ փառատոնի կինոշուկայում:

Պրեմիերայից առաջ Cultural –ը  զրուցեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:
 Ջիվան Ավետիսյանը նաև Երկիր Մեդիա հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է, բայց ինչպես ինքն է նշում, ազատ է, ինչպես թռչուն: Մեծ  պատվով է կատարում իր աշխատանքը, դրան զուգահեռ ու դրանից զատ էլ  ֆիլմեր նկարահանում:
 
Ֆիլմ ափսոսանքի մասին
  Ափսոս, որ մարդկանց խաղաղ օրը այդպիսի ավարտ է ունենում. ափսոս, որ մարդիկ ուզում են հարաբերություններ շտկել` հասկանալով որ վերջնագիծն է, բայց չեն հասցնում: Ափսոս, որ սիրո խոստովանությունը չի կայանում այնպես, ինչպես  պետք է կայանար, ափսոս որ պատերազմը խլում է շատ-շատ գեղեցիկ բաներ. երբ հրամանատարին սիրած կինը նամակ է գրում,  բայց նամակը տեղ չի հասնում, րոպեների տարբերությամբ պատերազմը խաթարում է այդ գեղեցիկը: ֆիլմի տարբեր հատվածներում այդ ափսոսանքը կա:
  Ափսոսանք, որ կյանքը այսպես է ընթանում. գեղեցիկ ամառային օր, մեկ էլ հանկարծ պատերազմական գործողություններ, մարդիկ չեն էլ պատկերացնում, թե պատերազմն ինչ է, և արդյո՞ք այն սկսվել է:

Մանկության տարիները միշտ ինձ հետ են
 Եթե ֆիլմի լեզվով եմ խոսում, ապա այդ տարիների իմ զգացողությունների մասին կասի հենց ֆիլմը: Փորձել եմ լինել օբյեկտիվ. սա այնքան է իմ երակների մեջ, որ ես հաճախ զգում էի, որ տուրք եմ տալիս իմ զարկերակին, արյան խաղին:

Արամ (Սոնետ), Աստղիկ ( Էլեգիա), Թևանիկ (Ասք)
 Արամի պատմությունը իրենից ներկայացնում է սոնետ գրական ժանրը. դրամատուրգիան կառուցված է որպես սոնետ: Աստղիկի պատմությունը տանում է դրամատիկ սիրային կանացի գիծ, որը էլեգիա է: Այստեղ չկայացած սիրո երանգ կա:
Երբ ֆիլմը նայեք,  կհասկանաք, թե ինչու է Թևանիկի հատվածը ասք, որովհետև պետք է հասկանալ արդյոք  երրորդ պատմությունը եղել է, թե ոչ. դա ասքի  խնդիր է, առասպել: Թևանիկի դրաման կարող է լինել հորինված կամ իրական: Հանդիսատեսն է նայելու և որոշելու` արդյոք սա եղել է:
Այնքան համերաշխ ենք աշխատել, որ հիմա դժվարանում եմ ասել իմ, թե՞ տիկին Խոդիկյանի գաղափարն էր նման բաժանումը:

Երրորդ հայացք
 Ինձ պետք էր երրորդ հայացքից մոտենալ, որպեսզի ֆիլմն  ասեր այն ամենը, ինչ   ցանկացել եմ փոխանցել: Ընտրեցի լիտվացի կոմպոզիտոր, որովհետև խնդիր դրված չէր  հայկական երաժշտություն ստանալ, պետք էր ստեղծել սոնետ, էլեգիա և ասք: Յոնաս Յուրկունասը սկզբում զարմանքով ասաց. «Ինչո՞ւ եք ուզում հենց ես. չէ՞ որ ես հայկական երաժշտությանը ծանոթ չեմ»: Ես էլ ասացի, որ կարևորը  անաչառ երաժշտություն  ստեղծելն է, ինչը նրան հաջողվել է:
Երաժշտությունը ձայնագրեցինք Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, կատարում  են «Հովեր» երգչախումբն ու սիմֆոնիկ նվագախումբը:

Ֆիլմն անկախ է
 Վերջին անգամ, երբ ֆիլմը տեսա էկրանին թեստի ժամանակ, այն ինձանից շատ անկախ էր, և  դա իմ մեծագույն ձեռքբերումն էր: ֆիլմն այնքան լավն է, որ անկախացել, և որպես այդպիսին կայացել է: Դա  այն մեծ հաճույքն էր, որ ես ապրեցի:

Ֆիլմի արժեքը
 Ֆիլմը պատմում է տղաների մասին, որոնք իսկապես արժանի են, որ պատմեն  իրենց մասին: Ես նրանց տեսել եմ փոշոտ, ցեխոտ ձեռքերով  ու հագուստով,  հոգնած աչքերով. դա երբևէ անկրկնելի է, և Աստված չանի, որ  կրկնվի: Ուզում եմ, որ ֆիլմը յուրաքանչյուր հայի ֆիլմը լինի:

Հ.Գ. Ռեժիսորը Կաննի փառատոնին պատրաստվում է ներկայացնել նաև իր երրորդ` «Վերջին բնակիչը» ֆիլմի սցենարը համարտադրողներ գտնելու ակնկալիքով:
                                                                                                                     Աննա Կարապետյան

 
  • Created on .
  • Hits: 4027

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: