«Ազգային պատկերասրահ». երաժշտությունը գույնի և հնչյունի համադրությամբ

 Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի և Ռոսինիի ստեղծագործություններով  մեկնարկեց «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը: Մենակատար, աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային  նվագախմբի հետ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
 Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում, որտեղ տեղի կունենան նաև հետագա համերգները. «Որմնանկարները երաժշտության ներքո շունչ են առնում. երբեմն մոտենում է հանդիսատեսը և ասում` կարծես նկարները շարժվում են,-պատմում է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը և ավելացնում,- այս ֆորմատի երաժշտական փառատոնը նպատակ ունի  դասական երաժշտությունը դարձնել ավելի մատչելի գույնի և հնչյունի համադրությամբ»:
  Միջազգային երաժշտական փառատոնի համար տարին հոբելյանական է: Այս տարի նշվում է «Ազգային Պատկերասրահի»  հիմնադրման 10 տարին: Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր  Մարիամ Շահինյանը, փառատոնն արդեն կենսագրություն ունի. «Փառատոնը  հիմնադրվեց հենց ազգային պատկերասրահում, ինչի հիմքում նաև նախանձախնդրություն կար, քանի որ այս ֆորմատի համերգներ կազմակերպվում են  Լուվրում, Դրեզդենյան պատկերասրահում, Պետերբուրգում էլ կա «Պալատներ» փառատոնը: Մենք նույնպես որոշեցինք ունենալ նման փառատոն, մեր պատկերասրահն ավելի ճանաչելի դարձնել և  մեր խոսքն ասել աշխարհին»:
  «Ազգային պատկերասրահը» տարիներ  շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Տասնյակ հայ և արտասահմանցի երաժիշտներ առաջին անգամ Հայաստանում ելույթ են ունեցել հենց Ազգային պատկերասրահում: Պատկերասրահը այս տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ունեցել է մոտ  20.000 այցելու:
  Ամեն տարի փառատոնը ունենում է նաև որոշակի գաղափարական ուղղվածություն: Մարիամ Շահինյանի խոսքերով այս տարի գաղափարի կորիզը մշակութային խաչմերուկներն են` հայ-ավստրիական, հայ-հրեական, հայ-շվեյցարական: Ամեն խաչմերուկի ժամանակ կհնչեն դրսից ժամանած և մեր տեղի երաժիշտների համատեղ կատարումներ.«Կստեղծվի թե° երաժշտական խաչմերուկ, թե° համագործակցության խաչմերուկ»:
  Հայ-հրեական խաչմերուկի հյուրը կլինի կոմպոզիտոր Վիլլի Վայները: Կհնչեն նաև ժամանակակից հրեա կոմպոզիտորների գործեր: Փառատոնի շրջանակներում կկայանա նաև կոմպոզիտորի ձայնասկավառակի շնորհանդեսը:                                                                                
 Հայ-շվեյցարական խաչմերուկի հատուկ հյուրը կլինի Ֆաբիան Մյուլլերը, նրա հետ կժամանի աշխարհահռչակ թավջութակահարուհի Պիչին: Վերջիններիս հետ ելույթ կունենա մեր երիտասարդ կատարողների լարային քառյակը և մեր շվեյցարաբնակ հայրենակցուհի Սոնա Շաբոյանը:
   Փառատոնն իր ընթացքը  կշարունակի մինչև հունիսի երեքը: Այդ ընթացքում բացի մշակութային խաչմերուկներից կկայանան նաև վոկալ ու հոգևոր երաժշտության երեկոներ:
                                                                                                                     
                                                                                          Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3420

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: