Հայկական հետքը

    Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` հնարավորություն ընձեռնելով մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմա­զանությունը: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցն է այս տարի, բոլոր միջոցառումները կապվեցին մշակութային ժառանգության պատմության և հիշողության հետ:
hushardzan-18.04    Այս տարի ապիրլի 18-ի բոլոր միջոցառումներն իրականացվում էին «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո: Տարբեր միջոցառումներով իրենց մասնակցությունն ունեցան Երևանի, հանրապետության մի շարք շրջանների և Լեռնային Ղարաբաղի թանգարանները, թանգարան-ինստիտուտները, արգելոց-թանգարանները, միությունները, բուհերը և այլ մշակութային կառույցներ: Միջոցառումների խորագիրը կոչ է անում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի (մեմորիալ) հուշարձաններին` մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին:
    Մայրաքաղաքի բոլոր թանգարանները բավականին հետաքրքիր միջոցառումներով էին հադես եկել՝ տարբեր ժամանակաշրջանների հայ ճարտարապետությունը ներկայացնող ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ, բաց դասեր, թեմատիկ մրցույթ-ցուցահանդեսների աշխատանքների ամփոփում և մրցանակների շնորհում և այլ տարատեսակ, հետաքրքիր և հագեցած միջոցառումներ: Բոլոր միջոցառումներին իրենց մասնակցությունն են ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների պատվիրակությունները, տարբեր բնագավառների և հետաքրքրությունների տեր անձիք, ուսանողներ և այլք:
Ashot Hakazun-18.04.14    Թանգարաններից մի քանիսում առանձնակի ուշադրություն էին դարձրել դեպի մեր սփյուռքահայ արվեստագետների աշխատանքներին, սփյուռքում գտնվող մեր դարավոր ժառանգությանը՝ ճարտարապետական կառույցներին, կոթողներին, հուշարձաններին և այլն:
    Նման միջոցառումներով էր առանձնանում նաև Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Թանգարանը, համագործակցելով ՀՀ Մշակույթի նախարարության հետ, կազմակերպել էր «Հայկական հետքը» խորագրով ԱՊՀ երկրների հայկական ժառանգությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, որին ներկայացված էին Ռումինիայի (Անդրեա Տանասե), Լեհաստանի (Եվա Աբգարովիչ), Մոլդովայի (Յուրիե Ֆուկա), Վրաստանի (Յուրի Մեչիտով), Ռուսաստանի (Միխայիլ Նեչաև) և Հայաստանի (Զավեն Սարգսյան, Հրայր Խաչերյան (Բազե)) ներկայացուցիչների լուսանկարները (ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ս/թ-ի ապրիլի 28-ը): Լուսանկարներում ներկայացված են ամբողջ աշխարհով մեկ սփռված ճարտարապետական կոթողներ և հայ համայնքի կյանքը ներկայացնող դրվագներ, որոնք ևս մեկ անգամ hushardzan-18.04.14ապացուցում են, որ անգամ հայրենիքից հեռու հայկական մշակույթը շարունակում է զարգացում ապրել և կարևոր դեր խաղալ հայապահպանության գործում: Այնուհետև ցուցադրությանը հետևեց դասախոսություն՝ Վենետիկի ճարտարապետական 14-րդ բիեննալեի Հայաստանի «Իղձերի մայրաքաղաք» խորագրով, որի ընթացքում ներկայացվեցին վենետիկյան բիենալեի պատմությունը, հայաստանյան պատվիրակաության տարբեր տարիների մասնակությունները և հաջողությունները, հայկական  տաղավարի տարբեր տարիների ցուցադրությունները, տաղավարների հարդարանքը և այլն: Թեմայի բանախոսն էր այս տարվա Վենետիկի ճարտարապետական 14-րդ բիենալեի համադրող Ռ. Արևշատյանը:
    Թանգարաններում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպված բոլոր ցուցադրությունները բաց կլինեն մինչ ս/թ-ի ապրիլի 30-ը, իսկ որոշ թանգարաններում նաև կշարունակվեն և կցուցադրվեն մայիս ամսվա կտրվածքով ևս:
Անի Հայկազուն, արվեստաբան 
Լուսանկարները Ճարտարապետության ազգային
թանգարան-ինստիտուտի արխիվից
 
  • Created on .
  • Hits: 2867

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: