Անդրանիկի ձեռագրերը՝ պատմության վկաներ

    ՀՀ մշակույթի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերի շնորհիվ Հայաստան են բերվել Զորավար Անդրանիկի ձեռագրերի բնօրինակները:
    Հայաստանի պատմության թանգարանում այսօր պատմական կարևորության իրադարձություն էր: Թանգարանում հանդիսավոր կերպով ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնվեցին Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան  1865 - 1927թթ.) ձեռագրերի բնօրինակները:
    «Այս ձեռագրերը  իր մահից երեք տարի առաջ` 1988թ.-ին  հայրս` «Զարթոնք»-ի խմբագիր Համբարձում Կույումջյանը, ինձի հանձնեց, որպեսզի մի հարմար առիթով Երևան բերեմ, սա հորս անվերապահ կամքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց նվիրատու, բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը:
andraniki dzeragrery    Ձեռագրերը (65 էջ) Զորավար Անդրանիկի թողած միակ հիշողություններն են: 1921թ.-ին Զորավարը դրանք ուղարկել է «Ապագա» ամսագրի խմբագիր Հովհաննես Պողոսյանին՝ հրատարակելու: Այնուհետև, 1960-ականներին «Ապագա»-ի խմբագիրը ձեռագրերը փոխանցել է Բեյրութի «Զարթոնք» թերթի խմբագիր Համբարձում Կույումջյանին: Ինչպես պատմում է Կույումջյանի որդին, Համբարձում Կույումջյանը ցանկանում էր, որ ձեռագրերը որևէ հարմար պահի հանձնվեն համապատասխան մարմիններին Հայաստանում. «Հայրս մտավախություն ուներ ձեռագրերի ապահովության վերաբերյալ, քանի որ Լիբանանում  քաղաքացիական պատերազմի ժամանակ ռմբակոծությունից իր տունը վնասվեց: 1921-ից սկսած ձեռագրերը տեղափոխվել են Միացյալ Թագավորությունից Ֆրանսիա, Լիբանան, Հունաստան և ի վերջո, Անգլիա»:
    Նվիրատուն խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Անդրանիկի ձեռագրերը Հայաստան են բերվել երկու հիշատակի տարելիցի նախաշեմին. «Հաջորդ տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակն է և Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը. ասիկա հարմարագույն առիթն էր ձեռագիրները բերելու»:
msh. nax    Անդրադառնալով ձեռագրերի բովանդակությանը՝ Կույումջյանը նշեց. «Շատ հետաքրքրական բաներ կան այդ շրջանի հայոց պատմության վերաբերյալ, ակնարկություն կա քաղաքական անձերու մասին, իր կամավոր զինվորներու և անոնց դժվարությունների մասին, ակնառությունները շատ են»:
    Կույումջյանն ասաց, որ բավականին լավ գիտի Սփյուռքի հայկական գաղութները, և այնտեղ` Սփյուռքի մեջ` Միջին Արևելքից մինչև Եվրոպա, հայերի տներում կարելի է նկատել երեք հիմնական պատկերներ. «Մեկը Էջմիածինն է, մյուսը Քաջ Վարդանն է, երրորդն ալ Անդրանիկի պատկերն է. իմ տունիս մեջն ալ` Լոնդոն, այս պատկերները դրված են»:
    Բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Լոնդոնի ներկայիս և նախկին դեսպաններին ձեռագրերի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու համար. «Անդրանիկի ձեռագիրներու թափառական վիճակը վերջ գտավ և հիմա անոնք հոս կհանգչին»:
   Հավելենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագրերը կրկնօրինակելու և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնելու վերաբերյալ:
                                                                                        Աննա Կարապետյան
 
  • Created on .
  • Hits: 2666

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: