Եզդիների Ամանորը Երևանում

Ավանդական ուտեստներ, երգ ու պար. այսօր Երևանի Անգլիական այգում Ամանորն ու Սուրբ Ծնունդն Էին նշում եզդիները:
Եզդիները ամենամեծ համայնք են Հայաստանում: Եղած տասնմեկ համայնքների մեջ եռյակում են ասորիների և քրդերի հետ: Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում ապրում է մոտ 40.000 եզդի: Նրանք հիմնականում բնակվում են Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, կան նաև քաղաքաբնակ եզդիներ: Ինչպես մենք` հայերս, այնպես էլ եզդիներն ունեն իրենց ավանդույթներն ու տոները: Կան տոներ, որոնք նշում են միայն Հայաստանի եզդիները, կան նաև այնպիսի տոներ, որոնք նշում է ողջ եզդիական աշխարհը:
Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հայաստանում եզդիների չորս տոն է նշվում` Շամսի (արևի), Եզիդի( նախահոր), Մալակե Թաուսի (եզդիների գլխավոր հրեշտակապետ), Խդր նավի (սիրահարների): Իրաքի եզդիները տոնում են ավելի շատ` տասներկու տոն, որոնցից է օրինակ Շիխադու տոնը (Շիխադին` եզդիների կրոնական սահմանադրության հիմնադիր)»:

Եզդիներն իրենց տոնը առաջին անգամ են նշում մայրաքաղաք Երևանում: Նախաձեռնությունը իրականություն է դարձել CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի աջակցության շնորհիվ: «Չարշամա Սըրսալե» միջոցառման նպատակը եզդիների ազգային ավանդույթները ներկայացնելն է, հանդուրժողականության և միջմշակութային համագործակցության մթնոլորտ ձևավորելը, համայնքային արվեստը որպես արվեստի տեսակ ներկայացնելը:

«Ձուն երկրագունդն է, սպիտակը` նրա սկիզբը, կանաչն ու կարմիրը խորհրդանշում են բնությունը, դեղինը` արևը,- պարզաբանեց Եզդիների ազգային միության փոխնախագահ Խդր Հաջոյանը»:
Տոնի գլխավոր սիմվոլը սիրամարգն է: Այն բնութագրում է եզդիների գլխավոր հրեշտակապետ Մալակե Թաուսին, իսկ Մալակե Թաուս հայերեն թարգմանվում է «սիրամարգ հրեշտակապետ»:
ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնի» տնօրեն Ռազմիկ Խոսրոևը շնորհավորեց եզդիների Ամանորը և ասաց. «Այն ազգությունները, որոնք ապրում են այսօր Հայաստանում, ունեն իրենց արժանի տեղը այս երկրում, հատկապես եզդիները, և նրանք գիտեն այն հողի արժեքը, որտեղ ապրում են, դա նրանք ապացուցել են և՛ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, և՛ Ղարաբաղյան հակամարտության տարիներին»:

Ազգային փոքրամասնությունների հարցերի մասնագետ Նարինե Գուլյանն անդրադարձավ նաև փոքրամասնությունների կրթության խնդրին. «2003 թվականից եզդիներին անվճար տեղեր են հատկացվում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Իսկ մշակույթին կամ լեզվին առնչվող ֆակուլտետներում արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ-ում ապրող բոլոր փոքրամասնություններին տրամադրվում են արտամրցութային տեղեր»:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 7301