Կ Ո Մ Ի Տ Ա Ս Ի Ն

           Ա Շ ՈՒ Ն ՕՐ
       ...Տեղաց անձրև մաղ տալով
       Մարմանդ-մարմանդ,
       Հոգնած տերև շաղ տալով:
       Երկիր քուն դրավ,
       Եվ թռչուն թռավ:

    Մի պահ Կոմիտաս «խորհրդանիշը» կարծես կենդանություն ստացավ, անգամ բնությունն արձագանքեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համերգասրահում հավաքված «ԿՈՄԻՏԱՍին» իրենց խոնարհումը բերած մարդկանց (հոկտեմբերի 7, 2015 թվական): Տասներկու երաժշտական ստեղծագործությունները մեկ-մեկ կենդանանում էին Կոմիտասի «Յոթ պար» թռչունների ձաների, խաղաղ երեկոյի ներքո, հանկարծ երկինքն ամպեց Հրաչյա Եսայանի «Ցերք» և Տաթև Ամիրյանի “Tristesse” -ի ընթացքում, ապա հորդ անձրև սկսեց տեղալ Հայկ Մելիքյանի «Չորս էլեգիա»-ների ժամանակ, բայց քամու ուղղությունը փոխվեց միանգամից, երբ հնչեց Արթուր Ավանեսովի “Disperato”-ն, կայծակ, ամպրոպ սկսեց Մերրի Կույումջյանի «Ծով երկու գույնով» և Վահրամ Սարգսյանի “Bagatelle” երաժշտության զուգորդմամբ, և նորից Կոմիտա՜ս` «Երանգի», «Շուշիկի», «Հետ-առաջ». դադարեց անձրևը, խաղաղվեց բնությունն ու աստղերով ծածկվեց երկինքը Արամ Հովհաննիսյանի “Klavierstük II” «զանգերի» ներքո ու խաղաղ իրիկնային երկնքում ինքնաթիռների լույսերը նշմարվեցին Դավիթ Բալասանյանի «Մոնումենտ»-ի ընացքում, վերջապես անամպ երկինք` Ալեքսանդր Իրիդյանի «Անվերնագիր», Վարդան Հարությունյանի “Untitled Communications N 2”, Արսեն Բաբաջանյանի “Wer errinert sich jetzt an...” և Գևորգ Բադալյանի “Messa [Ge]” ստեղծագործությունների ժամանակ:
  Հետաքրքիր և ինքնատիպ էր համերգին ներկա և հեռակա գտնվող կոմպոզիտորների վերաբերմունքը: Ստորև ներկայացնում ենք նրանց հարց ու պատասխանները:

    Արդյո՞ք նախադեպային էր նման դասական ժամանակակից համերգային առաջարկը, որ համաձայնեցիք Ձեր ստեղծագործությունը ներառվի «ԿՈՄԻՏԱՍին» նախագծի երաժշտացանկում և կատարվի, հատկապես, Գևորգ Բադալյանի կողմից, ո՞րն է պատճառը, Հայաստանում ժամանակակից դասական համերգների սակավությո՞ւնը, մտահոգությո՞ւնը, որ դրանք չեն կատարվի, թե՞ մեծ ցանկությունը «հնչել» հայկական բեմում` հայի կատարմամբ, կա՞մ...

     Արթուր Ավանեսով (Հայաստան)
    - Նման համերգները ես համարում եմ միանգամայն նորմալ և օրինաչափ երևույթ: Ուրիշ հարց, որ այս տեսակի նախագծերը պետք է որ օժանդակություն ստանային և լինեին ավելի հաճախակի: Անձամբ ինձ համար այս նախագծին մասնակցելու մոտիվացիան բոլորովին էլ համերգների սակավությունը չէ, ոչ էլ երաժշտության չհնչելու վերաբերյալ մտավախությունները: Ինձ համար արժեքավորը կենդանի շփումն է և հայ նոր երաժշտության համայնապատկերը` ինչպիսին է այն, ինչպիսի հունով է զարգանում:

       Արամ Հովհաննիսյան
     - Այսպիսի նախագծերը, ինչ խոսք, մեծ հետաքրքրություն են առաջացնում իրենց էսթետիկ բազմազանությամբ՝ տարբեր հայացքների տեր կոմպոզիտորների համախմբելով միևնույն գաղափարի շուրջ։ Համաշխարհային ասպարեզում այս երևույթը վաղուց արդեն նորույթ չէ, իսկ հայ երաժշտարվեստում նախադեպը 2014թ. Գերմանիայի Հաննովեր քաղաքում իրականացված Tag(h)ebuch նախագիծն էր, որտեղ Oktoplus անսամբլը ներկայացրեց տասնմեկ հայ կոմպոզիտորի համաշխարհային պրեմիերա: «ԿՈՄԻՏԱՍին» նախագծում իմ մասնակցության մոտիվացիան պայմանավորված է գեղագիտական հետաքրքրությամբ և մի շարք հիանալի գործընկերների ներգրավվածությամբ։ Երևանում վերջին տարիներին արդի երաժշտությամբ ծրագրված համերգները ավելի հաճախակի են դարձել, սակայն այլ հարց է, թե որքանով են այդ համերգները իրենց բովանդակությամբ և ինքնատիպությամբ գրավում ունկնդրին։ Այս առումով Գևորգ Բադալյանի մտահաղացումը տարբերվում է ընդունված ձևաչափերից, ինչն էլ համագործակցության լուրջ հիմքեր ստեղծեց։ Ինչ վերաբերվում է «մեծ ցանկությանը հնչել հայկական բեմում», դա անշուշտ, հաճելի երևույթ է, բայց ոչ ինքնանպատակ։ Ես չեմ պատկանում արվեստագետների այն տեսակին, ովքեր ամեն հարմար առիթով հնարավորություն են փնտրում իրենց գործերը հնչեցնելու և պարտիտուրները թևի տակ վազում այս կամ այն կողմ։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են «ներքին բեմերը», նյութի և բովանդակության փոխհարաբերությունները, իսկ ստեղծագործությունները կգտնեն իրենց ճանապարհը շնորհիվ խորքային արժեքների։

    Արսեն Բաբաջանյան (Գերմանիա)
    - Իրականում ոչ թե համաձայնվել եմ, որ իմ ստեղծագործությունը կատարվի այս համերգին, այլ Գևորգի առաջարկով գրել եմ նոր ստեղծագործություն հատուկ այս միջոցառման համար: Երբ նա առաջին անգամ ներկայացրեց իր մտահաղացումը՝ ինձ շատ դուր եկավ: Գնահատելի էր, որ նա որոշել էր ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մի նախագիծ ներկայացնել, որն իր տեսակով տարբերվում էր ավանդական սգո ձևաչափերից: «ԿՈՄԻՏԱՍին» ծրագիրը կյանքի, ստեղծագործելու, կենսունակությունը շարունակելու միջոցառում է, այլ ոչ անցյալի կորուստների համար մշտապես ափսոսալու անվերջ մի ընթացք: Մենք պետք է կենսունակ լինենք, որ մեր հաջորդ սերունդներն էլ չափսոսան մեր ժամանակաշրջանի ամորֆ վիճակի համար: Սահուն անցնելով հաջորդ հարցերից մեկին, ասեմ, որ չնայած Հայաստանում սակավաթիվ ժամանակակից ակադեմիական համերգներին՝ սա չէր պատճառը, որ համաձայնվեցի մասնակցել այս նախագծին՝ այլ վերոհիշյալ մտքերը, այն է գաղափարի որակական կողմը:

     Դավիթ Բալասանյան (Հայաստան)
    - Մտահղացումը նախադեպային չէր, նմանատիպ պրոեկտներ եղել են անցյալում: Գաղափարը յուրօրինակ էր: Տասներկու հայ երիտասարդ կոմպոզիտորներ, տասներկու նոր ստեղծագործությունների ծնունդ, տասներկու նվիրում Կոմիտասին: Հայ երիտասարդ կոմպոզիտորները, եթե հնչում էլ են, ապա հիմնականում Հայաստանում, էնպես որ չեմ կարծում, որ դա կարևոր գործոն էր: Ընդհակառակը, լավ կլիներ, որ հայ հեղինակները հիմնականում հնչեն արտերկրում, դուրս գան դրսի շուկա, կապեր հաստատեն տարբեր երաժիշտների, կազմակերպությունների հետ: Էստեղ նոր արվեստին հանրությունը և պաշտոնյաները, որպես կանոն, մատների արանքով է նայում, ու արդյունքում շատ ու շատ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ, գրողներ, նկարիչներ համահարթեցվում են ու խառնվում ընդհանուր մասսային: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը այս պրոեկտին, ուրախ էի Գևորգ Բադալյանից ստանալ առաջարկ գրել ստեղծագործություն, որը նվիրված կլիներ Կոմիտասին: Ստեղծագործությունս անվանեցի «Մոնումենտ», որի մեջ ունեցա երաժշտական ցիտատներ Կոմիտասից («Հով արեք», «Էս գիշեր, լուսնյակ գիշեր», «Անտունի»): Դաշնամուրի հետ հնչում էր, նախապես պատրաստված ձայնագրություն, որտեղ ես երգում էի Կոմիտաս՝ որոշակի շեղումներով, մնացած նյութը բնականաբար իմն էր: Այդ ձայնագրությունը մշակման չի ենթարկվել, այնտեղ տեղանքի ակուստիկայից առաջացող ձայնի, քայլերի արձագանքներ կան, որոնք ինձ երգող «Մոնումենտ» ու նրա շուրջ քայլեր են հիշեցնում:

     Հայկ Մելիքյան (Հայաստան)
    - Երևանյան մշակութային անցուդարձը վերջերս հարստացավ Գևորգ Բադալյանի “KomitasIn” նախագծով: Ուրախ եմ, որ ունենք այսպիսի հրաշալի երիտասարդ գործիչներ, որոնք իրենց նոր և այդքան կարևոր մտքերն ամփոփում են այդպիսի հետաքրքիր նախագծերի ձևաչափով, որոնցից մեկը “KomitasIn”-ն է: Նոր ստեղծագործություն գրելու առաջարկը ստացա նրանից 2014թ. վերջին, որն ինձ անմիջապես գրավեց: Կոմիտասն իմ ինքնության մասն է, համաշխարհային երաժշտության ընկալման իմ չափանիշը, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան կարևոր և ոգևորող էր Գևորգի նախագիծը՝ Կոմիտասին նվիրված նոր ստեղծագործություն գրելը` Չորս էլեգիան: Շատ հետաքրքիր տասներկու անուն կա այդ նախագծում ներառված, տարբեր մտածողության և բարձր ճաշակի տեր կոմպոզիտորներ. ողջունում և շնորհավորում եմ Գևորգ Բադալյանին իր “KomitasIn” նախագծի մեկնարկով:

     Մերի Կույումջյան (ԱՄՆ)
    - I wrote “Dzov Yerku Kooynov” because the music of Komitas has been very meaningful in both my life and in my writing. I was particularly fascinated with his psychological deterioration that paralleled the deterioration of the Armenian people during the Armenian genocide and often found myself asking "What would it feel like to have gone through such a horrific event and have to live with those memories?" Exploring this idea as a portrait of one person who went through the genocide was new for me, though writing about this moment of history is apparent in many of my works over the past decade. Working with Gevorg was quite wonderful. While I'm here in the U.S. and was unable to attend rehearsals, I know that Gevorg is a very accomplished and thoughtful pianist, so I knew my music was in good hands.

     Վահրամ Սարգսյան (Կանադա)
    - Նման առաջարկներ Հայաստանից նախկինում էլ են եղել, բայց հիմնականում ստիպված եմ եղել մերժել` տարբեր պատճառներով: Այս մեկը պարզապես իրագործելի թվաց, նաև գաղափարն էր հետաքրքիր: Նմանատիպ գաղափար իրագործվեց կարծեմ երկու տարի առաջ, այն ժամանակ պատվիրատուն Հյուսիսային Գերմանիայի ռադիոն էր, աշխարհի տարբեր կողմերից հայ կոմպոզիտորները միավորվել էին մեկ նախագծի շուրջ, կարծում եմ՝ և՛ գեղեցիկ էր, և՛ օգտակար, թե՛ մեր, թե՛ ընդհանրապես հայ երաժշտության համար: Մասնակցելու գլխավոր դրդապատճառը, թերևս հայկական երաժշտական իրականութունից ամբողջությամբ չկտրվելու ցանկությունն է, հատկապես, որ անելիքն այդտեղ ահռելի է: Աշխարհի «փոքրանալը» այժմ հեշտացրել է նման հեռակա մասնակցությունը ինչը ևս առիթ է Հայաստանից չկտրվելու:

     Ըստ Ձեզ, որպես կոմպոզիտոր և նաև կատարող, ինչպե՞ս հնչեց Ձեր ստեղծագործությունը Գևորգի կատարմամբ:

    Արթուր Ավանեսով
    - Գևորգի կատարումով իմ փոքրիկ պիեսը հնչեց բավականին յուրատեսակ, և դա լավ է, քանի դեռ պահպանված է երաժշտության ընդհանուր ուղղվածությունն ու դեմքը: Եվ առհասարակ, երաժտությունը պետք է ունենա մեկնաբանման հնարավորություն, չէ՞ որ իդեալական տարբերակում երաժշտությունը կոմպոզիտորի և կատարողի համագործակցության արդյունք է: Այդ առումով մեր երկուսի համատեղ աշխատանքը միանգամայն հաջողվեց:

      Հայկ Մելիքյան
    - Շատ հետաքրքիր մեկնաբանություն ցուցաբերեց Գևորգը իմ ստեղծագործության մեջ: Նա կարողացավ փոխանցել ունկնդրին այն գեղարվեստական կերպարները, որոնք ես բնորոշել էի չորս էլեգիաներում` ցեղասպանության թեման, Կոմիտասի անհանգիստ դրությունը, վերջապես` լուսավոր հավերժությունը, որն այսօր արդեն մենք վայելում ենք ընդհանրապես «Կոմիտաս» գաղափարի մեջ: Կարծում եմ, Գևորգը հիանալի կերպով անմիջապես ընկղմվում էր մեկ համերգում ընդգրկված տասներկու կոմպոզիտորի ստեղծագործությունների ոճական, գաղափարա-փիլիսոփայական այդքան տարբեր թեմատիկ նյութերի մեջ: Հավատացեք, դա հեշտ գործ չէ:

       Դավիթ Բալասանյան
    - Գևորգի՝ իմ ստեղծագործության մեկնաբանությունը շատ հավանեցի: Ինձ համար նոր ինտերպրետացիան շատ կարևոր է: Միայն թե ստեղծագործությունը լինի հավաք, սահուն, գեղեցիկ և շատ չշեղվի պարտիտուրից: Այդպես էլ ստացվեց:

    Համերգի վերջնամասում Գևորգն առաջարկեց ինտերակտիվ էքսպերիմենտ` Կոմիտաս «Յոթ պար»-ի երաժշտության նվագակցությամբ: Հանդիսատեսն ըստ նախապայմանի, պետք է շշուկով, կիսաձայնով արտասաներ կամ երգեր, կամ էլ պարզապես ընթերցեր մտքում... և ի՞նչ, մենք բոլորս միահամուռ կերպով ընտրեցինք «լուռ» մնալու տարբերակը լռեցի՜նք միայնակ, լռեցի՛նք բոլորով, լռեցի՛նք ազգովի... նստած, բայց մտքի մեջ հոտնկայս լռեցինք «ԿՈՄԻՏԱՍին» ո՛չ թե մեկ րոպե «ադաթով», այլ հարյուր տարի...
    Եվ ինչքան էլ խոսենք, մտորենք գրագետ-անգրագետ, տեղի-անտեղի, համերգը սարքենք «նեղ մասնագիտացված» ունկնդրի համար, դեռ մեր հեռախոսների զանգերը խանգարում են մեր լռելուն...
     Ների՛ր, Վարդապետ...
 Անահիտ Մուղնեցյան
  • Created on .
  • Hits: 2892

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: