Արսեն Բաբաջանյան

հայ
Arsen Babajanyan

   Երիտասարդ կոմպոզիտոր և երգիչ Արսեն Բաբաջանյանը ծնվել է 1986թ.-ին Երևանում:

   2001թ.-ին ավարտել է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

   2003թ.-ին ավարտել է Ստեփանավան քաղաքի թիվ 1 վարժարանը:

   2001-2008թթ. ընկած հատվածում պարբերաբար հաճախել է «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային համալիրի լրագրության, լուսանկարչության, կինոյի խմբակներ: Այս տարիների ընթացքում հեղինակել և տարբեր պարբերականներում տպագրել է գեղարվեստական պատմվածքներ, տեսական և հասարակական բնույթի հոդվածներ: (Այդ թվում 2 նյութ «Հայաստանի Էկոլոգիական» հիմնախնդիրների այբուբենում):

   2003թ.-ին «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի և ՅՈՒՆԻՖԵՄ-ի կազմակերպած «Երիտասարդությունը և Խաղաղությունը» մրցույթ-փառատոնին գրական ստեղծագործությունների անվանակարգում «Վաղը պատերազմ չի լինելու» պատմվածքով գրավել է 3րդ տեղը (առաջին մրցանակ չի շնորհվել):

   2009թ.-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից կազմակերպած «Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» խորագիրը կրող հոդվածների մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը (առաջին մրցանակ չի շնորհվել):

   2003թ.-ին ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի վոկալ տեսական բաժին և ուսանել է պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մասնագիատական դասարանում: Զուգահեռ ընդուվել է կոմպոզիցիայի բաժին, ուսանել պրոֆեսոր Լևոն Չաուշյանի դասարանում: Ուսանելու տարիներին ստեղծել է մի շարք կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ:

   2008թ.-ին ավարտել է երկու բաժինները միաժամանակ:

   2008թ.-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրա:

   2006թ.-ից 2010-ն ընկած հատվածում համերգներով հանդես է եկել որպես կոմպոզիտոր և որպես վոկալիստ: Այդ թվում Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միության համերգաշարերին, դասարանական համերգներին և սեփական նախաձեռնեթյամբ կազմակերպած միջոցառումներին:

   2008թ.-ին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կազմակերպած «Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնին»: Նույն տարում Ղազարոս Սարյանի անվան վոցալ ստեղծագործությունների մրցույթում արժանացել է դիպլոմի:

   2009թ.-ին մասնակցել է Հայաստանի մշակույթի նախարարության և «Ուլիխանյան» մշակութային ակումբի կողմից կազմակերպված Էքսպերիմենտալ երաժշտության փառատոնին:

2009թ.-ին Ա. Բաբաջանյանը երաժշտություն է գրել Սուրեն Սաֆարյանի բեմադրած «Փայտե մարդը» ներկայացման համար (ըստ Ստեփան Զորյանի), որի պրեմիերան կայացել է Նոյեմբերին Համազգային թատրոնում: 2010թ.-ն ներկայացումը հյուրախաղերով ցուցադրվել է Հրազդան քաղաքում, իսկ ապա ներկայացվել է նաև «Թատրոն X» հանրապետական փառատոնի շրջանակներում:

2010թ.-ից մինչ 2012թ.-ը աշխատել է որպես երաժշտական խմբագիր Երևանի Պետական Կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» միջազգային ամսագրի խմբագությունում:

   2010 թվականին Արսեն Բաբաջանյանը Գիտությունների Ազգային Ակադեմիայում պաշպանել է «Հայ կոմպոզիտորների վոկալ-կամերային ստեղծագործությունների կատարողական և կոմպոզիցիոն առանձնահատկությունները (20-րդ դարի 60-ական թվականներից մինչև 21-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական թեզը, ստացել է արվեստագիտության թեկնածուի կոչում (գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Միխայիլ Կոկժաև):

   2010թ.-ի սեպտեմբերին հիմնադրել է և մինչ օրս նախագահում է «Հայ Երիտասարդ Կոմպոզիտորների և Կատարողների Միավորում» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում նախաձեռնվում են բազմաթիվ միջոցառումներ Երևանում, Հայաստանի մարզերում, ինչպես նաև արտերկրում:

   2011 թվականին մասնակցել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին, և որպես վոկալիստ արժանացել է մասնագիտական հանձնաժողովի խրախուսական դիպլոմին:

2012թ-ին Երևանի պետական կոնսերվատորիայի հրատարակչության կողմից Ա. Բաբաջանյանին շնորհվել է «Իրինա Տիգրանովայի» անվան մրցանակ տարվա լավագույն քննադատական հոդված համար: 

   2012թ-ին համախմբելով իր գրական ստեղծագործությունները` Արսենը հրատարակել է երկու գրքույկ` «Երևանյան Դինգոներ» բանաստեղծությունների ժողովածուն և «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը» աշխատությունը:

   2012 թվականին նա դարձավ «Վերածնունդ» երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների մրցույթ-փառատոնում 2րդ կարգի դափնեկիր «Թե իմանաս» վոկալ ստեղծագործության համար:

   2012թ-ին` փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, Արսեն Բաբաջանյանը Լեհաստանի մշակույթի նախարարության «Gaude Polonia» ծրագրի կրթաթոշակառու էր, ծրագրի ղեկավար՝ կոմպոզիտոր Պավել Միկիետին:

   2012թ-ին որպես ազատ ունկդիր հաճախել է Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան ակադեմիայի (կոնսերվատորիա) Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասընթացներին (պրոֆեսոր Բարբարա Օգոն-Մակովսկա):

   Մասնավոր դասեր է առել Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան ակադեմիայի Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասախոս Քրիստոֆ Չայայից:

   2012-ին «Երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցությում» արժանացել է դիպլոմի և հանդիսատեսի համակրանքի մրցանակին:

   2012թ-ից կատարելագործվում է Մյունխենի Երաժշտության և Թատրոնի բարձրագույն դպրոցում` պրոֆեսոր Յան Մյուլեր-Վիլանդի դասարանում:

   Արսեն Բաբաջանյանը հեղինակ է մի շարք վոկալ-կամերային, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների: