Մայիսի 3-13-ը կայանալիք Այվազյանական թատերական փառատոնին բարի երթ են մաղթում նորանոր արվեստագետներ:
ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնի տնօրեն, Արտ-Ֆեստ առաջին հանրապետական երիտասարդական, բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը փառատոնին մաղթեց արդյունավետություն. «Այն ամենն, ինչը հայկական շունչ ունի ոգևորում է ինձ: Կարծում եմ, «Այվազյանական փառատոնն» այս համատեքստում կարևոր առաքելություն ունի: Փառատոնի գաղափարական առանցքում ընկած է մեկ ստեղծագործ հայի ներաշխարհն` իր ողջ գունապնակով: Այվազյանական միտքը և՛ հայկական է, և՛ միաժամանակ համամարդկային, և այդ գունապնակով ամեն մասնակից իր կտավն է վրձնում` յուրովի մեկնաբանությամբ: Թատերական փառատոների լիությունը նույնպես ոգևորում է շատ-շատերին` հատկապես ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ ամեն փառատոն ստեղծագործողի համար առիթ է ներկայանալու և ներկայացնելու իրեն` իր իսկ ստեղծագործության մեջ: Սա հիանալի առիթ է շփվելու, մտերմանալու մեկմեկու և Աղասի Այվազյանի ստեղծագործությունների հետ: Փառատոնին մաղթում եմ արդյունավետություն»:
Իսկ փառատոնի ժյուրիի նախագահ Լևոն Մութաֆյանը նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի այս փառատոնից. «Խորապես ուսումնասիրելով Աղասի Այվազյանի ստեղծագործությունը և ընկալելով նրա յուրատիպությունները, կարող ենք հանգել այն եզրակացությանը, որ ֆենոմենալ թատրոն արտահայտությունը ձեռք է բերում եզրի արժեք և ամբողջապես բնութագրում «Այվազյանի թատրոնը»: «Այվազյանի թատրոն» բնորոշիչը պատկանում է թատերագիր Կարինե Խոդիկյանին, իսկ այն մեզ հնարավորություն է տալիս արդեն իսկ առաջադրելու «ֆենոմենալ թատրոն» եզրը, որը լիովին պատկերացում է տալիս թատերագրի ստեղծագործության և նրա առանձնահատկությունների մասին: Լինելով արձակագիր, նկարիչ ու կինոբեմադրիչ` Աղասի Այվազյանն իր ստեղծագործության մեջ միավորում-մեկտեղում է այս ամենի անդրադարձները, թատրոնը տեսնում նաև գեղանկարչական վարիացիաների մեջ, ուր գերիշխողը պրիմիտիվիստական լուծումներն են, որոնք կառուցվում են որոշակի փիլիսոփայական թեզերի և սկզբունքների վրա: Միտումնաբար դեգրադացված, երբեմն սյուրռեալիստական գեղանկարչական կոմպոզիցիաների սկզբունքները Աղասի Այվազյանը բերել է իր թատրոնի տարածքները, ամեն ինչ կառուցել այդ սկզբունքներով, որոնք հեռանալավ գեղանկարչականից, վերածվում են թատերային-խաղարկայինի: «Ֆենոմենալ թատրոնի» բացառիկությունը սրա մեջ է, սրանով է առանձնանում թատերագրի ստեղծագործությունը մեր թատրոնի ու թատերգության պատմության և ներկայի մեջ: Հիմա մենք նորից գալիս ենք դեպի այդ թատրոնը, նորից կանգնում ենք Աղասի Այվազյանի ստեղծագործությանը հանդիման՝ ջանալով-ձգտելով ընկալելի դարձնել թատերայինի նրա տիրույթները, ճանաչել նրա հերոսներին, գեղարվեստական այն աշխարհը, որը հաստատեց մեծ գրողը: Այվազյանական փառատոնն, ուրեմն, հրաշալի միջոց է դեպի գրողը մեկ քայլ ևս կատարելու, նրան առավել մոտիկից ճանաչելու համար: Համոզված եմ, որ այս փառատոնը ստեղծագործական խիզախումների և փորձարարության փառատոն է լինելու, որովհետև Աղասի Այվազյանին չի կարելի բեմադրել անկյանք կանոնիկությամբ… Նա ինքը կանոնիկության դեմ մեծ կռիվ տվողներից էր…»:
Փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին. հեռ. 055671277, aghasiayvazyan@gmail.com