Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության արդի մեթոդներին

    Փետրվարի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ գիտաժողով, որի նպատակը արվեստի և գրականության ժամանակակից ուղղությունների, տեսությունների և գրականության մեթոդների ու մեթոդաբանության խնդիրների վերհանումը, ուսումնասիրությունն էր: Գիտաժողովի կազմակերպիչները Գրողների միությունն էր՝ ի դեմս նախագահ Լևոն Անանյանի, և «Մշակութային հասարակություն» հասարակական» կազմակերպությունը` ի դեմս ծրագրի ղեկավար բ.գ.թ. Հասմիկ Խեչիկյանի: Ծրագիրն իրագործվեց նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
    Գիտաժողովը տևեց երեք օր: Առաջին օրն այն անցավ երկու լիագումար նիստերով, երկրորդ օրը աշխատանքը շարունակվեց երկու սեկցիայով, և տեղի ունեցավ երկու նիստ, երրորդ օրը երկու սեկցիայով անցկացվեց մեկ նիստ, որին հաջորդեց կլոր-սեղան-քննարկում և գիտաժողովի արդյունքների ամփոփում: Գիտաժողովի ժամանակ լսեցինք ավելի քան 30 զեկուցում:
    Դեռևս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած և հետագայում իր զարգացումներն ապրած մոդեռնիզմը, ինչպես նաև նրանից հետո ծագած իր իսկ հակոտնյան` պոստմոդեռնիզմը, մինչ այսօր և գուցե այսօր ավելի շատ կարիք ունեն մանրամասն ուսումնասիրության: Ընդ որում, երկու ուղղությունների ըստ էության բացահայտումը պահանջում է համակողմանի քննություն և հետազոտական արդյունքների փոխկապակցվածություն «մշակույթ» կոչվող կենսական ողջ տարածքում: Ուստի հարցի առավել արդյունավետ քննարկման համար գիտաժողովին հրավիրված էին ոչ միայն վաստակ ունեցող և փորձառու հայրենական գիտնականներ, ոչ միայն  երիտասարդ հետազոտողներ, այլ նաև հյուրեր Ռուսաստանից և Վրաստանից: Վերջին հանգամանքն առավել չափով էր ընդգծում գիտաժողովի կարևորությունը, քանի որ մեծացնում էր նույն խնդրի լուծման որոնողական տարածքը, ուստի և լուծման հնարավորությունները:
gitajogh    Հասմիկ Խեչիկյանի բացման խոսքից հետո գիտաժողովի կարևորության և խնդրի արդիականության մասին խոսեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,Սլավոնական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ա. Եղիազարյանը: Պոստմոդեռնիզմը համարելով մշակույթի ճգնաժամային դրսևորում` նա առավել կատարյալ արտահայտչաձևերի մոտակա հաղթանակի համոզմունք հայտնեց: Մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի մասին մշակութային ակնարկով հանդես եկավ ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՄՀ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ա. Դոլուխանյանը: Նրա «Ինչպես հասկանալ պոստմոդեռնիզմը» զեկուցումն ինքնին կարևոր էր ոչ միայն տեղեկատվական բնույթով, այլ նաև ներկայացվող ուղղություններին պատկանող համաշխարհային արվեստի գործերից ունեցած տպավորություններով և ականատեսի հայացքով:
    Կարևորելով հայ և ռուս ժողովուրդների մշակութային հաղորդակցությունը` փոխտնօրեն ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվո ներակյացչության ղեկավարի տեղակալ Նատալիա Երոմենկոն նշեց նման գիտաժողովների անհրաժեշտությունը: Նշենք, որ ռուս տեսաբանի մասնակցությունն ապահովել էր Ռոսսոտրուդնիչեստվան: Այնուհետև ռուս պոստմոդեռնիզմի և հատկապես արդի փուլի բնութագրությամբ ելույթ ունեցավ ՌԴ Գրողների միության քարտուղար Նիկոլայ Միխայլովիչ Կոնյաևը (Ս. Պետերբուրգ): Հետաքրքրական էին նաև վրացուհիներ Նանա Տրապաիձեի (“У истоков грузинского постмодернизма”) և Լալի Անտիձեի (“Эрих Фром; о знчение и языке символов”) ելույթները:
gitajoghov5    Արձակագիր Նորայր Ադալյանը ցանկություն հայտնեց երկու գրական ուղղությունների ուսումնասիրությունը տեսնել ոչ միայն տեսականորեն, այլ ավելի շատ հայ գրականության քննությամբ: Մոդեռնիզմի մասին իր խոսքում նա նաև խոսեց տարբեր արձագանքների մասին, որ ունեցել է պոստմոդեռնիզմը հայ իրականության մեջ իր գործարկման սկզբից: Բ.գ.դ., ԵՊԼՀ անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանն իր խոսքը կառուցել էր թե’ տեսաբանի, թե’ ներկա փուլում ստեղծագործողի դիտանկյունով: Նրա զեկուցումը` վերնագրված ««Պոստմոդեռնիզմը» որպես «մոդեռնիզմի» ժխտում անվանյալի նոր անվանիչ», իրարահաջորդ երկու ուղղությունները մեկնաբանում էր ծագումնաբանական ետգոյացությամբ: Անտեսված չէր նաև այն փաստը, որ այսօր արդեն պոստմոդեռնիզմին հաջորդող իրականություն էլ կա` վիրտուալ իրականությունը կամ այսպես կոչված պոստպոստմոդեռնիզմը, որի ազդեցությունը կամ պարզապես դերակատարումը մեր կյանքում արդեն դժվար է շրջանցել: Զեկուցողը խոստովանեց, որ նույնիսկ նման ուղղության փորձարարական վեպ է նախաձեռնել, որը, կարծում ենք, առաջինն է մեր իրականության մեջ: Գրական երկի իր անբռնազբոս ընկալմամբ առանձնանում էր Անահիտ Թադևոսյանի (Սլավոնական համալսարանի ավագ դասախոս) «Нечитаемая интертекстуалность в литературе постмодернизма» զեկուցումը: 
    Քանի որ ապագան անցյալի շարունակությունն է, և երևույթներն օժտված են կրկնվելու հատկությամբ, ուստի ներկան ու ապագան անցյալով ճանաչելու ձևը շարունակում է կենսունակ մնալ: Այս առումով պատմական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Երվանդ Մարգարյանի զեկուցումն իր նպատակամետությամբ հղված էր հելլենիզմի քննությանն ու դրա դրսևորումներին, ինչպես նաև  ֆրանսիական հելլենիստագիտության առանձնահատկություններին («Ֆրանսիական հելլենիստագիտության առանձնահատկությունները «Բեզանսոնի պատմագիտական դպրոցի» օրինակով»):
gitajoxov-    Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Տիգրան Սիմյանը ներկայացրեց մանիֆեստի` որպես ժանրի գիտակցումը և սահմանումը: Որոնումը կատարված էր ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ իրականության մեջ. փորձ էր արված ժանրային սահմանման հստակություն մտցնել գրական այդ իրողության մեջ: Թե՛ Գրիգոր Ղազարյանի (բ.գ.թ., ԵՊՀ իսպաներեն լեզվի ամբիոնի ասիստենտ), թե՛ Հայկ Համբարձումյանի (բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ) զեկուցումները նշանագիտությանն էին վերաբերում: Հայկ Համբարձումյանը անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության երկու մեթոդների` կառուցվածքաբանականի և նշանագիտականի միաժամանկյա կիրառմանը:
    Խիստ ուշագրավ էին նաև արվեստի քննադատ և համադրող Ռուբեն Արևշատյանի («Sovietmodernism. խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության պատմական արժևորումը») և ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովի («Հայ արդի երաժշտարվեստի գերապատումները որպես զարգացման խոչընդոտ») զեկուցումները: Առաջինը ոչ վաղ անցյալում հայ ճարտարապետության հետքրքրական դրվագների բացահայտումն էր, «sovietmodernizm»-ի մեկնությունը, երկրորդը պատմում էր պոստմոդեռնիստական խիզախումների մասին երաժշտարվեստում: Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ գրականության տեսության և քննադատության ամբիոնի ասիստենտ Ալվարդ Սեմիրջյանը պոստմոդեռնիզմը դիտարկեց հայ ժամանակակից վեպերից մեկի` Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք»-ի քննարկմամբ:
    Գիտաժողովի ավարտին նախատեսված զեկուցումներն առավելապես ամփոփիչ բնույթի էին: Գ. Երանյանի (ԵՊՀ, փիլիսոփայության ֆակուլտետ) «Պոստմոդեռնի փիլիսոփայությունը» ի մի էր բերում մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի տեսությունները փիլիսոփայության դիտանկյունից, Լ. Վարդանյանի «Գեղագիտական հիմնական կատեգորիաները և դրանց զարգացումը մոդեռնիստական և պոստմոդեռնիստական տեսություններում» զեկուցումը էսթետիկ գիտակցության նոր փոխակերպումների վերհանումն էր: Բ.գ.թ. Տ. Սողոմոնյանը (Արցախի «Նարեկացի» համալսարան) խոսեց հայ իրականության մեջ երևույթի դրսևորումների մասին: Տվյալ դեպքում ուշադրության կենտրոնը Արցախն էր: Բացի այդ անդրադարձներ եղան պոստմոդեռնիզմի երկու կարևոր տեսաբանների` Միշել Ֆուկոյի (զեկուցող` բ.գ.թ., ԵՊՀ գրականության ամբիոնի ասիստենտ Ա. Շահնազարյան) և Ումբերտո Էկոյի (զեկուցող` բ.գ.թ., ԵՊԼՀ գրականության ամբիոնի ավագ դասախոս Հ. Եղիազարյան) երկերին: Այս զեկուցման մեջ հեղինակը դիտված էր իտալական պոստմոդեռնիզմի առանձնահատկությունների տիրույթում:
    Ռուսական պետական հումանիտար համալսարանի պատմագիտության ասպիրանտ Լուսինե Մարգարյանն իր զեկուցման մեջ անդրադարձել էր գենդերային դիսկուրսին Վ. Ռոբերտսոնի պատմական ստեղծագործություններում: Նշված հարցադրումը նույնպես ժամանակի անմիջական մշակութային անդրադարձն է օրվա հրատապությանը, գրականության և իրականության անմիջական հարակցումը:
    Զեկուցումները հագեցած էին շոշափած թեմաները լրացնող կամ պարզաբանող նաև հարցերով ու քննարկումներով:
gitajoghov1    Ինչպես վեր նշվեց, գիտաժողովն առավել արդյունավետ գործունեության նպատակով բաժանված էր երկու սեկցիաների, որոնցից երկրորդում գերակշռում էին ուսանողական զեկուցումները` ոչ պակաս հետաքրքիր` քննարկվող հարցերի շրջանակով և ընտրված հեղինակների կարևորությամբ: Զեկուցումների վերնագրեն արդեն չափազանց խոսուն են թեմայի իրենց հետաքրքիր վերարծարծումների հնարավորությամբ: Ահա դրանցից մի քանիսը` Գայանե Մաթևոսյան (ԵՊԼՀ), «Традиции западноевропейского постмодернистского театра в современной русской постмодернистской драматургии», Յանա Անանյան «Դեկոնստրուկտիվիզմը և մետատեքստայնությունը ժամանակակից ֆրանսիական գրականության մեջ», Գոհար Աքելյան (ԵՊՀ), «Տարածության և ժամանակի խնդիրը պոստմոդեռնիստական տեքստում (Բորխես)», Էմմա Գեղամյան (ԵՊՀ) «Մոգական ռեալիզմի առանձնահատկությունները լատինամերիկյան գրականության մեջ», Տոմա Անտոնյան «Էդվարդ Օլբիի ստեղծագործությունը պոստմոդեռնիզմի  համատեքստում», Էլլա Ասատրյան «Անհատի և ամբոխի փոխհարաբերության խնդրի արտացոլումը Դոն ԴեԼիլլոյի «Մաո II» պոստմոդեռնիստական  վեպում», Քրիստինե Մարգարյան «Կերպարային համակարգը Փոլ Օսթերի «Պարոն Վերտիգո» պոստմոդեռնիստական վեպում», Արմինե Պետրոսյան «Մահվան սարսափը սպառողների հասարակության մեջ Դ. Դելիլոյի  «Սպիտակ աղմուկը» վեպում», Սոնա Աբովյան «Вариативные реальности в рассказе Кортасара "Преследователь"», Նարե Մկրտչյան «Литературные аллюзии в романе П. Зюскинда "Парфюмер"». 
gitajoghov4    Ըստ Գոհարիկ Աքելյանի հաշվետվության` քննարկումներն ընթացել են մշակույթի շրջափուլային լինելու, «եվրոպական մայրամուտի», աստվածաշնչյան և առավել վաղ կրոնական ընկալումների «մետատեքստայնության» շուրջ: Քննարկվել է նաև մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի չսահմանազատվածության հարցը հայ ժամանակակից գրականության մեջ: Երկրորդ սեկցիայի վերջին նիստը եզրափակվել է երաժշտագիտական երկու զեկուցումամբ, որոնք ներառել են նաև երաժշտական կատարումներ: Այսպես, Էլեն Յոլչյանի (Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա) «Արամ Հովհաննիսյան. 2012թ. հայաստանյան պրեմիերաներ» ուսումնասիրությունը ավարտվում է «Klavierstuck l/ “si…alors…”» ստեղծագործության ունկնդրումով: Իսկ կոնսերվատորիայի մեկ այլ ուսանողուհի` Սոնա Հայկազունն, իր` «Պոստմոդեռնիզմը և Ջոն Քեյջը» թեմայով զեկուցումը (կոմպոզիտորի երաժշտական ոճից և նորարարական ներմուծումներից զատ այստեղ խոսվում էր նաև Քեյջի 100-ամյակին նվիրված երևանյան համերգի մասին) համեմել էր դաշնամուրի համար գրված «Երկիրը կհանդուրժի» ստեղծագործության ունկնդրումով:
    Գիտաժողովը փակվեց եզրութաբանական հարցերի քննարկմամբ: Մեր լեզվի բառակազմական լայն հնարավորություններն ու լեզվի անաղարտության անհրաժեշտությունը օտար տերմինները թարգմանելու խնդրառություն ունեն, որը թեև հեշտացնում է եզրույթի սահմանումային ընկալումը, միաժամանակ սխալ մեկնաբանության վտանգ է առաջացնում: Իհարկե, այս հարցում իրարամերժ կարծիքների բախումը նոր քննարկման և ուսումնասիրության ակնկալիքն ունի:
    Գիտաժողովի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան գրեթե բոլոր ներկաները, որի ընթացքում իր հետաքրքիր ընդհանրացումներով թեմային անդրադարձավ նաև կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանը: Ցանկություն հայտնվեց գիտաժողովը շարունակական դարձնելու, ինչպես նաև հրատարակելու զեկուցումներն ընդգրկող գիտական ժողովածու, որը կհարստացնի հարցի մասին եղած գիտելիքները և կնպաստի այդ բնագավառում նոր որոնումների: 
                                                     Լուսինե Վարդանյան, բ.գ.թ., գիտաժողովի մասնակից
  • Created on .
  • Hits: 4221

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: