Արվեստի այլընտրանքային փառատոն

     «Ազատագրիր ժամանակը 
     Ազատ ժամանակը ստեղծարարության սկիզբն է:
     Աստղերին նայող կապիկը զգում էր դա: 
  Առօրյա հոգսերից և կոպիտ  համակարգից հոգնած նախամարդը նկարեց քարանձավում: Դա ազատության բանաձևի բացահայտումն էր, որ հետո դառնալու էր պայքարի ձև, գաղափար, գործողություն: 
    Ստեղծագործական պրոցեսը հարված է սահմանափակող համակարգին և այդ համակարգը սատարողներին:
    Արվեստը դուրս է շահագործումից, մրցակցությունից, հավերժ մնալու ձգտումից: Այն ուսումնասիրությունների և անկաշկանդ արտահայտվելու տարածք է, որը շարունակում է մնալ դինամիկ և անկանխատեսելի:
    Ստեղծագործողը նման է հրաշագործի,  ով հազարամյակներ շարունակ պայքար է մղում զավթված ժամանակն ազատագրելու համար»:
 
    «Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոն-2013»-ի համադրող Սոնա Աբգարյանի այս պոետիկ «կոչն» ինքնին ուղենշային կարող է լինել մասնակիցների համար: «Այլընտրանքային նշանակում է մի բան, որը մեզ մոտ առաջացնում է նոր միտք և զգացողություն: Ողջունելի են էքպերիմենտները, որոնք փոխում են մեր կարծրացած պատկերացումները արվեստի մասին, ժամանակակից արվեստը կենդանի պրոցես է, այն պետք է լինի անկանխատեսելի: Առհասարակ ժամանակակից արվեստը Հայաստանում ամենաառաջադիմական օղակներից մեկն է, և փառատոնը կազմում է այդ ծավալուն ստեղծագործական պրոցեսի մի մասը»,- մեզ հետ զրույցում նշեց Սոնա Աբգարյանը:
    Փառատոնը տեղի կունենա ապրիլի 5-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) և կլինի թվով 17-րդը: Փառատոնի նպատակը նոր անուններ բացահայտելը և երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալու հնարավորություն ընձեռելն է: Այն ընդգրկում է արվեստի տարբեր ոլորտներ, չկան ժանրային սահմանափակումներ: Նախորդ տարի մասնակիցները ներկայացրել են թատերական, գրական, երաժշտական և կինո նախագծեր, ներկայացել էին նաև ալտերնատիվ ռոք խմբեր: Սոնա Աբգարյանը նշեց, որ «Այլընտրանքային փառատոնն ամեն անգամ կազմակերպել են տարբեր համադրողներ և ամեն անգամ այն յուրահատուկ է իր բովանդակությամբ ու համարձակ՝ իր ձևով: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, արվեստագետներից բացի կներկայանան ժամանակակից գրողներ, երաժիշտներ»:  
    Փառատոնի կազմակերպիչները հրավիրում են երիտասարդ արվեստագետներին ներկայանալ նոր նախագծերով: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 20-ը: Մասնակցության համար անհրաժեշտ է հետևյալ էլ.հասցեով ուղարկել լրացված հայտագիրը՝ sonaabgaryan@yahoo.com

Մասնակցության հայտագիր 
Արվեստի Այլընտրանքային Փառատոնի արտիստական մասնակցությունների և
զուգահեռ նախագծերի հայտագրի ամբողջական փաթեթում (թվային տարբերակով)
խնդրում ենք ներկայացնել`
1. Դիմողի անուն‐ազգանունը և կենսագրությունը (CV, ներկայացնել կից):
2. Արտիստական գործ(եր)ի օրինակ(ներ)ը:
3. Զուգահեռ նախագծի դեպքում նախագծի անվանումը և կոնցեպտը (ներկայացնել
կից)
4. Նախագծի հակիրճ նկարագրություն (իրականացման մեթոդներ, 3‐10 տող)
5. Դիմողի հեռախոս և էլ. հասցե:
  • Created on .
  • Hits: 3801

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: