Լույս է տեսել Ե. Չարենցի «Երկերի ժողովածու»-ի ակադեմիական 13 հատորյակի 2-րդ հատորը

Կան գրողներ, որոնց խոսքը հավիտենական է, խիստ արդիական` անկախ ժամանակի հիմնախնդիրներից ու բարքերից։ Հայ գրականության մեջ նման երևելի գործիչներն ուրախալիորեն շատ են։ Նրանցից է նաև Եղիշե Չարենցը։ Չարենցյան ոգին ժամանակ ու տարածություն չի ճանաչում։ Խոսքը դիպուկ է, գաղափարները հավերժական։ Չէ՞ որ, դրանում է նաև նրա առաքելությունը։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի խոսքով` Չարենցի տեքստային շերտերի գիտական պահպանումն ու ամբողջական հրատարակումը երաշխավորում են ոչ միայն գրական ժառանգության շարունակականությունը, այլև հետագա հետազոտությունների հավաստի հիմքը։ Եղիշե Չարենցի գրավոր ժառանգության պահպանման խնդիրը բացառիկ կարևոր է, քանզի այն դիտարկվում է որպես ազգային մշակութային հիշողության անբաժանելի մաս։

Charenc 3

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում դեկտեմբերի 19-ին կայացավ Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածու»-ի ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 2-րդ հատորի շնորհանդեսը։ Նոր հրատարակված հատորը նախապատմություն ունի։ 2023 թվականին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առիթով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի և «Անտարես» հրատարակչության միջև հուշագիր էր կնքվել, որի արդյունքն արդեն կյանքի է կոչվել։Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը շնորհավորեց և  շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մեծապես նպաստել են  այս ծրագրի ընթացքին։ Տնօրենը հուսով է, որ մյուս հատորները ևս կհրատարակվեն  յուրաքանչյուրը տարին մեկ անգամ:

Charenc 5

«Առաջին հատորը հրապարակվեց 2023 թվականին և երկրորդն արդեն այս տարի: Հուսով եմ, որ այն շարունակական կլինի: Երկրորդ հատորը լույս տեսավ մեծ համագործակցության և աջակցության շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում ԳԱԱ գրականության ինստիտուտին և «Անտարես» հրատարակչությանը՝ նախաձեռնությունը՝ մեր մեծ առաքելությունը կյանքի կոչելու համար: Այն մեզ համար տարիների երազանք էր և ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց համագործակցության շնորհիվ կյանքի կոչվեց: Մեծ շնորհակալություն եմ հայտնում նաև խմբագրական խորհրդին, որովհետև նրանց հսկայական աշխատանքի և համագործակցության արդյունքում էր, որ այս հատորը լույս տեսավ»,- ասում է Ժ. Մանուկյանը:

Charenc 4

Հատորի խմբագիրը Դավիթ Գասպարյանն է:

«Առաջին անգամ միտքը եղավ և քննարկեցինք 2022 թվականի աշնանը: Ես նախապես կազմել էի հատորյակի ճանապարհային քարտեզը: Դա ներկայացրեցի գրականության ինստիտուտ՝ քննարկման: Քննարկվեց և ընդունվեց Եղիշե Չարենցի երկերի 13 հատորյակի գաղափարը: Նախկինը վեց հատորով էր և եղածների մեջ լավագույնն էր: Սակայն այդ վեց հատորը հետագայում համալրվելու էր երեք անտիպ երկերի ժողովածուով և բազմաթիվ գործերով:  Հսկայական խմբագրական աշխատանք է արվել, ամեն մի տողն իր բնագրով ստուգվել է: Այս առաջին հատորներում Չարենցի հսկայական ժառանգությունն է: Երկրորդ հատորը դժվար ստեղծվեց: Ծանոթագրությունների բաժինն է շատ հագեցած նոր նյութերով,  նոր ճշտումներով: Մինչ այժմ հրատարակված բնագրերից լավագույն բնագրերն են այստեղ ամփոփված, ճիշտ հրատարակություններն են: Առաջիկայում սպասվում են հաջորդ հատորները»,-ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Charenc 6

Եղիշե Չարենց. Երկերի ժողովածու 13 հատորյակի երկրորդ հատորը ներառում է Չարենցի 1915-1931 թվականների պոեմներն ու բալլադները: Երկերի ակադեմիական հրատարակության II հատորում տեղ են գտել 1915 թվականից մինչև «Դեկլարացիա Երեքի» -ն (1922, հունիս) և Standard-ից (1924, մայիս) հետո մինչև 1931 թվականը գրված և հեղինակի կենդանության ժամանակ հրատարակված պոեմներն ու բալլադները: Բնագրերը պատրաստել և ծանոթագրել է Արքմենիկ Նիկողոսյանը: Խմբագրական խորհուրդ՝ Սուրեն Աբրահամյան, Դավիթ Գասպարյան, Սեյրան Գրիգորյան, Ազատ Եղիազարյան, Հենրիկ Էդոյան, Անուշ Թասալյան, Ավիկ Իսահակյան, Ժաննա Մանուկյան, Սամվել Մուրադյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հերիքնազ Որսկանյան, Գոհար Չարենց, Ժենյա Քալանթարյան:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 99

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: