Հանրային դասախոսություն՝ Ինտրայի 150-ամյակի առթիվ
Հայ գրականության մեջ, հատկապես արևմտահայ գրական ավանդույթում կան բազմաթիվ նշանավոր դեմքեր, որոնց ստեղծագործությունները մինչ օրս լայնորեն ուսումնասիրված չեն։ Նրանց և նրանց գործերի մասին սահմանափակ մեկնությունների պատճառով էլ հաճախ գրական հանրությունը հազվադեպ է ծանոթանում գրողների անհատական ու ստեղծագործական աշխարհին։ Հայ գրականության՝ արևմտահայ գրական ավանդույթի մեջ նմանօրինակ ժառանգություն թողած անուններից է Տիրան Չրաքյանը: Ինտրա գրական անունով հայտնի Տիրան Չրաքյանն առանձնանում է իր քիչ բացահայտված, խորը խոհական ու փիլիսոփայական երևակայությամբ հարուստ աշխարհով: Նրա ստեղծած ներաշխարհը ընդգրկուն է, հուզական, մտորումների և մտածողության համար հարուստ: Ինչպես գրականագետներն են փաստում, այն ընթերցողի համար պարզ է դարձնում մտքերի և զգացմունքների մի յուրահատուկ համադրություն, որը գրականությունն առավել մտերմիկ ու խորն է դարձնում։
Այս տարի լրանում է բանաստեղծ, գրական քննադատ և փիլիսոփա Ինտրայի ծննդյան 150-ամյակը։ Այս առիթով Հայաստանի ազգային գրադարանում կայացավ հանրային դասախոսություն, որը եզրափակեց հոբելյանական տարվա միջոցառումները։ Բանախոսն էր գրականագետ, գրող Արթուր Անդրանիկյանը: Արթուր Անդրանիկյանն ուսումնասիրում է արևմտահայ և սփյուռքահայ գրողների ժառանգությունն ու գործունեությունը: Փաստում է՝ Ինտրայի գրականությունը յուրահատուկ է իր խորքային փիլիսոփայական ու ներաշխարհային մոտեցմամբ: Այն վեր է գոյություն ունեցած գրական մտքից: Առեղծվածն ու միստիկ որոնումները մշտապես ուղեկցել են Ինտրային, ինչը երբեմն կապվում է նաև անվան ընտրությանը:

«Ընդունված է համարել, որ Տիրանը հնդկական Ինդրա աստծո անունն է իր համար վերջանուն դարձրել: Սակայն ես համակարծիք չեմ, որոշ ժամանակակիցներն էլ են անդրադարձել այդ հանգամանքին: Ես համոզված եմ, որ դա Տիրան անվան անդրատառումն է: Իսկ Տիրանի կենսագրությունը չափազանց ողբերգական է»,- ասում է պարոն Անդրանիկյանը:
19-րդ դարավերջի - 20-րդ դարասկզբի հայ ամենաինքնատիպ անհատականություններից մեկի՝ գրող, բանաստեղծ, մտածող, մանկավարժ Տիրան Չրաքյան-Ինտրայի կյանքն ու գործը մշտապես ենթարկվել է ամենահակասական, ծայրահեղ մեկնությունների: Եթե որոշ գրականագետներ նրան անվանում են հանճար, ապա ոմանք էլ կասեն եսակենտրոն և անհատապաշտ, իսկ մյուսները՝ համաստվածյան հակումներով խմորվող հոգի:
Հայաստանում և Սփյուռքում տարբեր տարիների հրատարակվել են գրողի գործերն ամփոփող ժողովածուներ («Տիրան Չրաքեան (Ինտրա)», «Ընտիր երկեր», Բէյրութ, 1974, կազմող և խմբագիր՝ Կարիկ Պասմաճեան, «Տիրան Չրաքյան», Երկեր, Երևան, 1981, կազմող և ծանոթագրող՝ Ս. Հ. Յափուջյան, խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Ստ. Թոփչյան), Երվանդ Տեր-Խաչատրյան «Երկեր»-՝ Ա և Բ հատորներով, «Հովին ձայնը» ընդհանուր խորագրի տակ:

«Ընդհանրապես դժվար է նրան անդրադառնալ, նրա ստեղծագործությունների մասին բանաձևումներ անել: Կան մի քանի անուններ, որոնք ադրադարձել են նրան: Երջանկահիշատակ գրականագետ Ալբերտ Կոստանյանն առաջիններից էր, որը Հայաստանում հրատարակեց հոդված Տիրան Չրաքյանի մասին: Սփյուռքում էլ մեծագույն մտածող Նիկողայոս Սարաֆյանը 1937 թվականին Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում հրատարակեց Տիրան Չրաքյանի մասին մեծածավալ հոդված, հաջորդիվ ամբողջական Չրաքյանին անդրադարձել է հայ գրականության փառքը՝ Հակոբ Օշականը»,- հավելեց Անդրանիկյանը:
Ինտրան իր կենդանության օրոք առանձին գրքով հրատարակել է միայն «Ներաշխարհ» (1906 թ.) խոհաիմաստասիրական արձակ երկն ու «Նոճաստան» (1908 թ.) հնչյակների ժողովածուն: Ժամանակի մամուլի էջերում էլ տեղ են գտել Ինտրայի բազմաթիվ գրվածքներ: Նրա հիմնական թեմաներն են՝ անհատի ներքին տագնապները և հոգևոր որոնումները: Ինտրան վերածնում է մարդուն՝ որպես ինքնուրույն, մտավոր և հոգևոր միավոր, որը մշտական պայքարի մեջ է՝ որոնելով իմաստը և ճշմարտությունը: Նա գնում է դեպի լուսն ու անհունը՝ ինքնաորոնման ճանապարհին հենման կետեր հիմնելով:

«1906 թվականին գրելուց տարիներ անց, թուրքական գրաքննությունն անցնելուց հետո, ֆինանսական խնդիրներ կարգավորելուց հետո հրատարակվում է Չրաքյանի «Ներաշխարհ» ստեղծագործությունը՝ նվիրված իր ուսուցչին՝ ուսուցչապետ Պերպերյանին: Այս ստեղծագործությունը հայ գրականության ամենաառեղծվածային ստեղծագործությունն է: Ինչու՞ է առեղծվածային: Ինչպես է այս երիտասարդը գրել այս ստեղծագործությունը. բնագիտություն, փիլիսոփայություն, վարքաբանություն, գեղագիտություն, մարդկային հարաբերություններ, էսթետիկա, էթիկական փիլիսոփայություն, այս բոլորը ներառված են այդտեղ»,- ասում է բանախոսը:
Ինտրայի ստեղծագործության մեջ՝ իր ներքին հոգևոր որոնումներում Ինտրան վերածնում է մարդուն: Այս մարդը վստահ է, ինքնուրույն, հոգևոր արժեք է, որը մշտական պայքարում է՝ որոնում է հիմքն ու իմաստը: Հենց այդպիսի մարդու ներաշխարհում է, որ բացվում է մարդու պատկերներով ու խորհրդանիշներով հարուստ ոգեղեն աշխարհը: Արթուր Անդրանիկյանի խոսքով՝ այդ խորհրդանշական աշխարհը միանգամից ակնառու է, նաև հնարավոր չէ կարդալ Ինտրայի գործերը ու չնկատել նրա տաղանդներից մյուսի՝ գեղանկարչի ձիրքը: Հենց նաև դրանով են նրա տեքստերը տարբերվում մյուս գրողների գործերից: Անդրանիկյանը պատմում է, որ 1890 թվականին, երբ Հովհաննես Այվազովսկին Փարիզում մեծ ցուցահանդես ունեցավ, վերադարձի ճանապարհին՝ Կ. պոլսի Հայոց պատրիարքարանում նրան ներկայացրել են 12-ամյա Տիրան Չրաքյանի երկու ջրաներկ աշխատանքները: Հիանալով Այվազովսկին ասել է՝ «Այս տղան պետք է ավելի մեծ նկարիչ դառնա, քան Այվազովսկին է»: Սա վկայում են նաև նրա դասընկերները: Տիրան Չրաքյանն այդ շրջանում շատ էր հետաքրքրված գեղանկարչությամբ: Նրա «Ներաշխարհ» և «Նոճաստան» գործերում այդ գեղանկարչական տեսիլքը միշտ առկա է:
«Ինտրայի «Ներաշխարհ» աշխատությունը կարդալիս ընթերցողը կարդալու ընթացքին երաժշտության պես քամու սույլ է լսում: Գրողների միջավայրում շատերն ասում են, որ չեն կարողացել կարդալ Ինտրայի գործը: Սակայն Ինտրայի «Ներաշխարհը» ներքին արտահայտման արվեստով է բնորոշվում: Որքան ես դու պատրաստված, ինչ իմացական, էսթետիկական ընկալումներ ունես: Այո, «Ներաշխարհը» վերլուծելը բավականին բարդ է: Անգամ Հակոբ Օշականն իր մենագրության մեջ կատարել էր ստորաբաժանումներ՝ իր վերաբերմունքը նրա նկատմամբ ցուցադրելու համար: Այդ ժամանակ կար նաև մի հայտնի գրող՝ Արամ Անտոնյանը, որ բազում հոդվածներ էր գրում «Ներաշխարհ»-ի դեմ: Դա էր պատճառը, որ Տիրան Չրաքյանը ստիպված գրում է մի ինքնապաշտպանական, որտեղ հեղինակը գրում է ու բացատրում, թե ինչու է գրել այդ գործը: Հիմնականում թիրախը նրա բառակերտումներն էին, այնպիսիք, որոնք հայերեն լեզվում առաջին անգամ է կիրառվել Չրաքյանի կողմից: Կան բառեր, որոնք անգամ չեն գործածվում: Բառակերտումի համար նրան անվանում են մեր օրերի Նարեկացի»,- պատմում է բանախոսը:

Չրաքյանի ուղին, ցավոք, ողբերգական է եղել: Մոր մահից հետո Չրաքյանը գրել է «Նոճաստան» հնչակների ժողովածուն, որը նրա կարապի երգը դարձավ: Դրանից հետո նա տարվել է տարբեր կրոնական և փիլիսոփայական ուղղություններով, հարվել դրանց: Հատկապես ազդվել է 1908 թվականի իր ուսուցչի՝ Ե. Տեմիճիպաշյանի ինքնասպանությունից հետո: Չրաքյանը սովորել է Կ.Պոլսի Ս. Խաչ նախակրթարանում, Պերպերյան վարժարանում։ Հաճախել է Կ. Պոլսի Գեղարվեստից վարժարանը, որը չի ավարտել, բայց շարունակել է զբաղվել նկարչությամբ: 1897-ին Ինտրան մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու, ապա՝ Ժնև, իսկ 1898-ին՝ Եգիպտոս։ 1895-1915-ը ընդմիջումներով դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայոց վարժարաններում։ 1895-1896թթ․ ջարդերը խաթարել են նրա հոգեկան աշխարհը, 1915-ից հետո էլ կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, թափառել գավառներում, զբաղվել տարբեր կրոնական ուղղություններով և քարոզներով: 1914-1918-ին ծառայել է թուրքական բանակում՝ թարգման-քարտուղարի պաշտոնով: 1919-1920 թվականներին Չրաքյանը հիմնադրել է Ավետարանական լսարան և քարոզել մարդկանց։ Հետագա հոգեկան տագնապն էլ խոչընդոտ է դարձել նրա ստեղծագործական ընթացքին: Քեմալական շարժման տարիներին Ինտրան մեկնում է Կոնիա, որտեղ տնից տուն շրջելով՝ քարոզում է Ավետարանի և քրիստոնեական կյանքի ճշմարտությունը։ Նա ձերբակալվում է որպես կասկածելի և վտանգավոր անձ, «կիլիկյան հեղափոխական գործիչ» անվանմամբ և աքսորվում անհայտ ուղղությամբ։ Տասնյակ օրերի տանջալից ճանապարհից հետո իր բախտակիցների հետ հասնում է Տիգրանակերտի դաշտ, որտեղ մահանում է 1921 թվականին՝ընկերներին թողնելով սիրո, միության և հավատքի պատգամ: Ինտրան գրել է նաև էսսեներ, ճամփորդական ակնարկներ, հոդվածներ:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 85