Լույս է տեսել «Կաղանդի տոպրակներ»-ը՝ Զահրատից
Կաղանդի գիշեր
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր:
☆☆☆☆☆☆☆
Հայ գրականության մեջ Նոր տարվա, Կաղանդի թեման ձևավորվել է հիմնականում ծիսական, ազգագրական և քնարական ավանդույթի շրջանակում։ Եթե միջնադարյան շարականներում և ժողովրդական տեքստերում Նոր տարին ընկալվել է որպես սրբագործված օրացուցային ժամանակ, ապա նորագույն գրականության մեջ այն դառնում է ընտանեկան ջերմության, մանկության հիշողության և հույսի մի խորհրդանշական տարածք։ Ահա այդ բազմաշերտ ընկալումներում է, որ Հովհաննես Թումանյանի մոտ Կաղանդը ներկայանում է ժողովրդական մտածողությանը հարազատ պարզությամբ, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններում՝ մեղմ քնարականությամբ, իսկ Պարույր Սևակի դեպքում տոնական ժամանակը հաճախ դառնում է մարդու և ժամանակի հարաբերության փիլիսոփայական ընդհանրացման առիթ։

Այս ավանդույթի շրջանակում թաքնված իմաստների մեկ այլ համակարգ է ստեղծում արևմտահայ բանաստեղծ և գրող Զահրատը: Զահրատը գրում է այլ հարթությունում․ նրա համար Կաղանդը ոչ թե բարձրաձայնելու տոն է, այլ առօրյա կյանքի մանրուքների բացահայտման ծես: Զահրատը Կաղանդի մասին գրում է մինիմալիստական, սեմանտիկորեն խտացված լեզվով՝ տոնական ծեսը վերածելով հիշողության, հեգնանքի և նոստալգիկ դիտարկման տարածքի։ Կարևոր տեղ են գրավում հատկապես պարզ պատկերները, որոնց միջոցով նա ստեղծում է ինքնուրույն պոետական բանաձև: Այն մի մոդել է, որտեղ տոնական ժամանակը հանդես է գալիս որպես անհատական ապրումի և ներքին խոսքի միջոց։ Հենց այդ ոճով գրված Կաղանդի մասին բանաստեղծություններն են, որ ամբողջականորեն ամփոփվել են առանձին գրքում՝ «Կաղանդի տոպրակներ»-ում՝ հաստատելով Զահրատի բացառիկ տեղը հայ գրականության մեջ։ Նախագիծը կյանքի է կոչել Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչությունը: Այն կարող եք ձեռք բերել թանգարանի գրքի տաղավարից։

Զահրատի «Կաղանդի տոպրակներ» գիրքը Ամանորյա հրաշալի նվեր կդառնա ընթերցասերների համար: Ինչպես թանգարանից են հայտնում՝ ինքնատիպ այս ժողովածուում ընդգրկված հինգ տասնյակ բանաստեղծություններից յուրաքանչյուրն աչքի է ընկնում Զահրատին բնորոշ իմաստուն լավատեսությամբ, իր միամիտ սրտի բարի պատրանքով և վաղվա օրվա անսահման հավատով։
Գրքի շնորհանդեսին բացման խոսքով հյուրերին դիմավորեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Ելույթով հանդես եկավ միջոցառման պատվավոր հյուր, գրքի տպագրության հովանավոր, բանաստեղծ Սոնա Վանը։
Թանգարանի գրական բաժնի ավագ հետազոտող, Զահրատի ֆոնդի գիտական մշակող, գրքի մտահաղացման հեղինակ և կազմող Գոհար Գալստյանը շատ երկար է մտածել այսպիսի համահավաք կազմելու մասին: Գրքում ամփոփված են Կաղանդի տրամադրությամբ, այդ օրերին գրված, տոնի ակնարկով արված բանաստեղծությունները:

«Բոլորս էլ առանձնահատուկ զգացողություններ ունենք, երբ Զահրատի բանաստեղծություններն ենք կարդում: Այսօրվա մեր գիրքը հատկապես այդպիսին է: Դրանք համախմբել եմ ֆոնդը մշակելու արդյունքում՝ ավելի խորանալով Զահրատի բանաստեղծական աշխարհի մեջ: Երբ առաջին անգամ կարդացի նրա բանաստեղծություններից մեկը, հետո անդրադարձա նորից մի քանի անգամ: Ապա կրկնեցի ինձ համար վերջին տողերը: Ես հասկացա, որ Զահրատը սպասում է մեզ: Ահա հարյուրերորդ Կաղանդն է մոտենում և հենց այդպես էլ «100 Կաղանդ սիրո, հացի և բարության խմորով» առաջին հոդվածս սկսեցի գրել 100-ամյակի նախօրյակին և շարքը պարբերաբար տպագրվեց «Գրական թերթ»-ում: Մենք Զահրատով ենք ապրել ամբողջ տարի, ֆոնդից սպասարկել ենք տարբեր մշակութային հաստատությունների, կազմակերպվել է նաև ցուցահանդես»,- ասում է Զահրատի ֆոնդի գիտական մշակող, գրքի մտահաղացման հեղինակ և կազմող Գոհար Գալստյանը:
«100 Կաղանդեվ կսպասեմ սիրելիս
Կաղանդչէք
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Եթէ գիտնամ
Թէ վերջընթեր Կաղանդին
Պիտի նուէրս ընդունիս
Ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ սիրելիս
Նուէրներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն իշխանականը զատած
Եթէ գիտնաս թէ կը սպասեմ սիրելիս
Զոյգ ձեռքերըս սրտիս նման քու անունիդ երկարած
Հարիւր Կաղանդ ալ կը մընամ առանց քեզի սիրելիս
Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին
Ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ — սիրելիս
Գիտնամ միայն
Թէ անպայման
Կաղանդներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երազային հարիւրերորդ Կաղանդին
Մշտադալար եղեւինի մը տակ լուռ
Պիտի հալինք պիտի հատնինք անէանանք միասին
Անվերադարձ Կաղանդներուն պէս կեանքին
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Գիտնամ միայն որ դուն գիտես թէ կը սպասեմ սիրելիս
☆☆☆☆☆☆☆
Զահրատի Կաղանդի մասին բանաստեղծություններում տոնը հայտնվում է տան ներսում, սեղանի շուրջ, մանկության մանր դրվագներում, առօրյա լեզվի հնչողությամբ։ Նա օգտագործում է մինիմալիստական, երբեմն խոսակցական ոճ, կարճ տողեր և առարկայական պատկերներ՝ տոնական ժամանակը վերածելով անձնական հիշողության ու գոյաբանական դիտարկման։ Այսպես Կաղանդը Զահրատի համար դառնում է ժամանակի անցողիկության, մանկության անհետացման և մարդկային ջերմության խոցելիության պոետական նշան։ Այդտեղ իշխում են սերը, բարությունը, ջերմությունը:

«Զահրատի հետ կապված այնքան հետաքրքիր են հնարավորությունները: Հենց այդպես հետաքրքրասեր հավաքորդի նման ես ուզում էի տարբեր աղբյուրներից բերել ու հավաքել Զահրատի բանաստեղծություններն հենց այս թեմայով: Երբ ֆոնդերի հետ ես աշխատում, ձեռագրերի, անձնական իրերի, տվյալ ժամանակահատվածն ես պատկերացնում և այլ կերպ ես հաղորդ լինում հեղինակին: Այս կերպ Զահրատը դարձավ շատ մտերիմ ներկայություն: Սերը, բարությունը, տոնի ավանդույթը, որ Զահրատն իր ներսում կրել է, այնքան բանաստեղծությունների են վերածվել: Դրանց տարբեր զգացողություններով ու պատկերային տարբեր համակարգերով է Զահրատը անդրադարձել: Վաղ շրջանի գործեր կան, որ պարզապես գանձեր են: Գիրքը կազմվել է՝ հավատարիմ մնալով նրա հրատարակություններին, քանի որ նրա կենդանության օրոք են դրանք հրատարակվել: Հայտնի է բոլորին, որ Զահրատը հրաժարվեց կետադրական նշաններից: Դրանք շատ դինամիկ են, առանց ավելորդությունների, բառը թողնելով ազատ իրենց տարերքի մեջ: Այս գիրքը ևս այդ ազատությունն ունի, իր բանաստեղծական տողը, խոսքը այնպիսին են, որ ասես բանաստեղծությունը հողից է բարձրանում, ներքևից է, իսկ ազատությունը երկինքն է: Այս գիրքը կարդալով՝ կապրեք նրա բոլոր աղբյուրների գունային երանգները: Ձեզ շատ ծանոթ գործեր կան, կան շարքեր, որ մամուլում է շրջանառվել և հայտնի են: Այստեղ նաև շատ նորություններ կգտնեք»,- հավելեց Գ. Գալստյանը:

Միջոցառմանը գեղարվեստական յուրօրինակ շունչ և ամանորյա տրամադրություն հաղորդեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արամ Կոստանյանը՝ ընթերցելով Զահրատի բանաստեղծություններից մի քանիսը։
Կաղանդի ծառ
Որպէսզի կաղանդ տօնենք տեւական
ուր որ գացինք
ուր որ գաղթեցինք
մեզի հետ
մեր ծառն ալ տարինք
Թէ մարեցաւ մոմերէն մին
տեղը չորս մոմ վառեցինք
թէ խաղալիկ մը կոտրեցաւ
կամ ժապաւէն մը փրթաւ
տեղը միշտ նորը դրինք
Բայց չգիտցանք-
արմատները ե՞րբ չորցան
ոստերուն մէջ աւիշը ե՞րբ ցամքեցաւ.
Եւ հիմա – ծառը աւելի շքեղ
թէպէտ շողշողուն
սակայն մերը չէ:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 116