Ուիլյամ Սարոյանը՝ Ազգային գրադարանում

Հայաստանի Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության հայերեն թարգմանությունների բացառիկ ցուցահանդեսը։ Ըստ խորագրերի ներկայացվող գրքերի շապիկներն ուղեկցվում են Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում հասանելի գրքերի հղումներով։ Գրքերը հնարավոր է պատվիրել առցանց և ուսումնասիրել ՀԱԳ ըթերցասրահներում։
«Ուիլյամ Սարոյանը՝ Ազգայինում. գրականության ցուցադրություն մշակութային ազդեցությունը և հայերեն հրատարակությունները» խորագրով գրականության ցուցադրությունն ուղեկցվում է նաև ARLOOPA հավելվածի նոր «Սարոյանը» ինտերակտիվ АR փորձառությամբ: Կարող եք տեսնել մեծն Սարոյանին, ապա կլսեք նրա ձայնը։ Հետաքրքիր այս նորամուծության ընթացքում Ուիլյամ Սարոյանը պատմում է Հայաստանի Ազգային գրադարան իր այցելության մասին, որը տեղի է ունեցել 1978 թվականին:
«Սարոյանական օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպված այս բացառիկ ցուցահանդեսում ներկայացված են Սարոյանի գործերի՝ բացառապես հայերեն թարգմանությունները։ Միջոցառման պատվավոր հյուրն էր «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Կարևորելով Սարոյանի գրական ժառանգության պահպանության խնդիրը՝ Սքոթ Սեդրակյանը հույս հայտնեց, որ մի օր Ազգայինում Սարոյանական անկյուն կգործի։ Նա գրադարանին նվիրեց Սարոյանի բնօրինակ անտիպ նկարչական աշխատանքներից մեկը, որն իր պատվավոր տեղը կգտնի Ազգային գրադարանում։
«Ես այս գործը հատուկ ընտրել եմ Հայաստանի Ազգային գրադարանի համար: Ուիլյամ Սարոյանը հայերեն չէր գրում, բայց երբեմն հայերեն նկարում էր և այստեղ կտեսնեք հայերեն այբուբենը»,- ասում է Սքոթ Սեդրակյանը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էլ անդրադարձավ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում ստեղծված «Ուիլյամ Սարոյան» թվային հավաքածուին և ներկայացրեց այն: Չուլյանի խոսքով՝ հավաքածուն շարունակաբար կհամալրվի նոր նյութերով՝ դառնալով Սարոյանի գրական ժառանգության ամբողջական շտեմարանը:
Թարգմանիչ Զավեն Բոյաջյանը թարգմանել է Սարոյանի մի շարք աշխատություններ: Բոյանջյանը ներկայացրեց Սարոյանի հրատարակությունների նոր թարգմանությունները, խոսեց դրանց կարևորությունից:
«Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է նոր թարգմանություններով վերադառնալ Սարոյանի գործերին: Շատերը կարծում են, թե Սարոյանի գործերը սպառվում են արդեն հրատարակված ժողովածուներով, բայց հավատացնում եմ՝ բնավ այդպես չէ։ Սարոյանի բազմաթիվ գործեր առանձնակի կարևոր են մեզ՝ հայերիս համար, և դրանք անպայման պետք է թարգմանվեն: Ահա յոթ տարվա պատմություն ունի անտարեսյան մատենաշարը, որի անվան ընտրությունը շատ դժվար էր և որոշեցինք պարզապես վերցնել Սարոյանի ստորագրությունը: Բոլոր գրքերի վրա կտեսնեք Սարոյանի մակագրությունը»,- ասում է Զավեն Բոյաջյանը:
ARLOOPA հավելվածի միջոցով և այս յուրահատուկ նախագծով Սարոյանը կրկին վերադառնում է Ազգային գրադարան, մշտապես գրադարանում պահպանելով իր ստեղծագործական անմահ ներկայությամբ։
Հայաստանի Ազգային գրադարանը, լինելով ազգային հիշողության և գրական ժառանգության պահոց, առանձնահատուկ տեղ է հատկացնում Սարոյանի ստեղծագործություններին՝ պահելով թե՛ բնօրինակ, թե՛ հայերեն թարգմանված հրատարակությունները։
Ազգային գրադարանի գրացուցակներում և ցուցադրություններում առկա են ինչպես Սարոյանի վաղ շրջանի գործերը, այնպես էլ ուշ շրջանի թարգմանությունները։ Այս գործերը ներկայացված են տարբեր տարիների հրատարակություններով՝ Սփյուռքում տպագրված օրինակներից մինչև խորհրդային և անկախ Հայաստանի ժամանակաշրջանի հրատարակությունները։ Հայաստանի Ազգային գրադարանի գրացուցակում Սարոյանի գործերի ներկայությունը ևս մեկ անգամ փաստում է Սարոյանի համահայկական արժեքի մասին և ընդգծում գրադարանի առաքելությունը՝ պահպանել և հանրահռչակել հայ գրականության մեծերի ժառանգությունը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 47